- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Գիտության և մշակույթի Երևանի ռուսական կենտրոնի սահմանած «Տարվա լավագույն ուսանող» մրցանակ ԵՊՀ ԻՄ-ի ուսանողուհուն
2021թ. հունվարի 25-ին, համաձայն հաստատված ավանդույթի, Մ. Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի Երևանի մասնաճյուղում կայացավ Ուսանողների օրվան նվիրված հանդիսավոր միջոցառում, որը կազմակերպել էր Գիտության և մշակույթի Երևանի ռուսական կենտրոնը` Հայաստանում Ռուսաստանի համալսարանների ուսանողների ասոցիացիայի հետ համատեղ:
Միջոցառման շրջանակներում տեղի ունեցավ «Տարվա լավագույն ուսանող» անվանակարգում մրցանակաբաշխության ավանդական արարողությունը, որի ընթացքում Հայաստանում գործող համալսարանների ռուսական բանասիրության ֆակուլտետի 2020 թվականին իրենց ուսումնառությամբ առանձնացած ուսանողները ստացան հավաստագրեր և խրախուսական մրցանակներ:
Մասնակիցներին ուղղված շնորհավորական խոսքերով և բարեմաղթանքներով հանդես եկան Հայաստանում Ռուսաստանի դեսպանության խորհրդական Պավել Կուրոչկինը, Երևանի գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Ացամազ Բիչենովը, Մ. Վ. Լոմոնոսովի Մոսկվայի պետական համալսարանի Երևանի մասնաճյուղի տնօրեն Ալեքսեյ Ռեյմերսը, Երևանում «Մոսկվայի տուն» մշակութային գործարար կենտրոնի տնօրեն Վահրամ Կարապետյանը:
Լավագույն ուսանող ընտրելու առաջարկ էր ուղարկվել նաև ԵՊՀ Իջևանի մասնաճյուղին: Հաշվի առնելով «Ռուսաց լեզու և գրականություն» մասնագիտության ուսանողների մեջ իր ցուցաբերած բարձր առաջադիմությունը, կարգապահությունը և ակտիվությունը՝ Հումանիտար գիտությունների ֆակուլտետի կողմից լավագույն ուսանողի թեկնածու էր առաջադրվել 2-րդ կուրսի ուսանողուհի Լիանա Կարենի Կարապետյանը:
Ուսանողների օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը «Տարվա լավագույն ուսանող» անվանակարգում Լիանա Կարապետյանին շնորհվեց հավաստագիր և խրախուսական մրցանակ:
ԵՊՀ ԻՄ-ի անձնակազմի անունից սիրով շնորհավորում ենք Լիանա Կարապետյանին՝ նրան մաղթելով նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ ուսման մեջ և կյանքում:
Միջոցառման վերաբերյալ մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով: