- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Հանդիպումներ Տավուշի մարզի ավագ և միջնակարգ դպրոցներում
2020-2021 ուստարվա երկրորդ կիսամյակի ընթացքում ԵՊՀ ԻՄ-ի մինչհամալսարանական կրթության և պրակտիկաների կազմակերպման բաժինը կազմակերպել է հանդիպումներ Տավուշի մարզի (Բերդի, Նոյեմբերյանի, Դիլիջանի և Իջևանի տարածաշրջաններ) 4 ավագ, 40 հանրակրթական դպրոցների 11-12-րդ դասարանների աշակերտների հետ:
Դպրոցների տնօրենների, ուսուցիչների և աշակերտների հետ հանդիպումներին մասնակցել են ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանը, Ուսումնամեթոդական վարչության պետ Ա.Դավթյանը, Մինչհամալսարանական կրթության և պրակտիկաների կազմակերպման բաժնի վարիչ Լ.Բեգինյանը, Կիրառական արվեստի ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Վ.Աղաբաբյանը, գրադարանի վարիչ Վ.Պողոսյանը, հեռակա ուսուցման մագիստրատուրայի «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագրի համակարգող Ա.Մարգարյանը, գիտքարտուղար Մ.Աթոյանը, Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի ասիստենտ Պ.Ասիլբեկյանը:
ՄԿՊԿ բաժնի կազմակերպած հանդիպումները նպատակ ունեին մարզի ավագ դասարանների աշակերտներին ծանոթացնելու ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի՝ 2020-2021 ուստարվա ընդունելության մասնագիտություններին, կրթական ծրագրերին և քննություններին, վերհանելու նրանց կարիքները և նախատրամադրվածությունը:
Հանդիպումների ընթացքում աշակերտները ստացան մարզում բարձրագույն կրթություն ստանալու հնարավորությունների և ԵՊՀ ԻՄ-ում իրականացվող կրթական ծառայությունների մասին իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց ավելի սերտացնելու և խորացնելու աշակերտ-ուսուցիչ-դասախոս համագործակցությունը: Դպրոց-համալսարան կապն ամրապնդելու, դիմորդներին անհրաժեշտ խորհրդատվություն տրամադրելու նպատակով առաջարկվեց պարբերաբար ճանաչողական այցեր իրականացնել ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ, ինչպես նաև դպրոցում ԵՊՀ ԻՄ-ի դասախոսների մասնակցությամբ իրականացնել թեմատիկ և ակնարկային դասախոսություններ ու քննարկումներ:
Նման հանդիպումները կարևոր են և արդիական բուհական քննություններին նախապատրաստվող դպրոցականների համար, օգնում են կողմնորոշվելու մասնագիտությունների ընտրության հարցում, ինչպես նաև նպաստում են դպրոց-բուհ հարաբերությունների սերտացմանը: