- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Կայացավ տնօրենության հերթական նիստը
2021թ. մարտի 12-ին տեղի ունեցավ ԵՊՀ ԻՄ-ի տնօրենության հերթական նիստը՝ Ա.Մակարյանի նախագահությամբ:
Նիստում քննարկվեցին օրակարգով նախատեսված հետևյալ հարցերը.
4.1. Հեռակա ուսուցման համակարգում ուսանողների իրավունքների վերականգնման հարցը (զեկուցող՝ Ա.Դավթյան):
4.2. Հաղորդում ԵՊՀ-ի հետ համատեղ Տավուշի մարզի դպրոցների ավարտական դասարանների աշակերտների համար հանրակրթական տարբեր առարկաների գծով ամենամյա օլիմպիադայի կազմակերպման ընթացքի մասին (զեկուցող՝ Վ.Աղաբաբյան):
4.3. Հաղորդում պրակտիկաների (արտադրական, ուսումնական, մանկավարժական) կազմակերպման ընթացքի մասին (զեկուցող՝ Լ.Բեգինյան):
4.4. Իջևան քաղաքի անվանական կրթաթոշակ նշանակելու մասին (զեկուցող՝ Ա.Եգանյան):
Օրակարգի առաջին հարցի կապակցությամբ ֆակուլտետների դեկանները ներկայացրին 2020-21 ուստարվա 2-րդ կիսամյակի դասերին ուսանողների մասնակցության ընդհանուր վիճակը (մեկ ամսվա կտրվածքով): Նրանք նշեցին, որ ընդհանուր առմամբ 2020-2021 ուստարվա առկա ուսուցման 2-րդ կիսամյակում ուսանողների հաճախելիությունը բավարար է: Սակայն բոլոր ֆակուլտետներում էլ առկա են ուսանողներ, ովքեր ունեն 40 և ավել ժամ բացակայություններ, ընդ որում՝ մի մասը հարգելի, մյուս մասը՝ անհարգելի: Դեկանները զեկուցեցին, որ անհարգելի բացակայած ուսանողներին տրվել են նկատողություններ:
Որոշվեց՝ ֆակուլտետների դեկաններին հանձնարարել, առաջնորդվելով «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի ներքին կարգապահական կանոններ»-ի 10-րդ կետի դրույթներով, պատասխանատվության ենթարկել ուսումնական կարգապահությունը խախտած ուսանողներին:
Երկրորդ հարցի վերաբերյալ զեկուցող Ն.Առուշանյանը նշեց, որ 2020-2021 ուստարվա 1-ին կիսամյակում ունեցել ենք 12 կրեդիտ կուտակած 44 ուսանող, որից 5-ը՝ առկա, 39-ը՝ հեռակա ուսուցման համակարգում: 44 ուսանողից 22-ն ուներ ակադեմիական պարտքերը մարելու վերջին հնարավորություն: Հեռակա ուսուցման համակարգի 17 ուսանողից 16-ը դիմել է վերահանձնելու համար, պարտքերը մարել է 15 ուսանող: Առկա ուսուցման համակարգի 4 ուսանող պիտի դիմեր վերահանձնելու համար, դիմել և պարտքերը մարել է 3 ուսանող: Վերոնշյալից ելնելով՝ վերահանձնման համար չդիմելու և ակադեմիական պարտքերը չմարելու պատճառով 3 ուսանող ենթակա է հեռացման:
Որոշվեց՝ Ն.Առուշանյանի հաղորդումն ընդունել ի գիտություն:
Երրորդ հարցի մասին զեկուցող Ա.Դավթյանը նշեց, որ 2020-2021 ուստարվա առկա ուսուցման առաջին կիսամյակի քննաշրջանն իրականացվել է ըստ նախատեսված ժամանակացույցի: Քննաշրջանի արդյունքների համաձայն՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղից հեռացվել է 6 ուսանող, իսկ 7 ուսանող կուտակել է կրեդիտ՝ ակադեմիական պարտք: Ըստ այդմ՝ կազմվել է 34 ձևին համապատասխան հաշվետվություն՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն ներկայացնելու համար:
Որոշվեց՝ Ա.Դավթյանի հաղորդումն ընդունել ի գիտություն:
Առաջին ընթացիկ հարցի՝ հեռակա ուսուցման համակարգում ուսանողների իրավունքների վերականգնման մասին դարձյալ զեկուցեց Ուսումնամեթոդական վարչության պետ Ա.Դավթյանը: Նա ներկայացրեց, որ ԵՊՀ ԻՄ-ի հեռակա ուսուցման համակարգի «Տնտեսագիտություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանող Արթուր Արգիշտի Սիմոնյանը դիմել է ուսանողական իրավունքները վերականգնելու համար:
Նա նշեց, որ Ուսումնամեթոդական վարչության կողմից ստուգվել է ուսանողի ներկայացրած փաստաթղթերի համապատասխանությունը «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների հեռացման (ազատման) և վերականգնման» կարգին (17.12.2018, N 1676 -Ն), և դրանք բավարարում են վերոնշյալ կարգի III մասի կետերին:
Որոշվեց՝ «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների հեռացման (ազատման) և վերականգնման» կարգի III մասի կետերին համապատասխան՝ թույլատրել վերականգնել ԵՊՀ ԻՄ-ի հեռակա ուսուցման համակարգի ուսանող Արթուր Արգիշտի Սիմոնյանի ուսանողական իրավունքները «Ֆինանսներ» մասնագիտությունում 2021-2022 ուստարվա 1-ին կիսամյակում:
Երկրորդ ընթացիկ հարցի վերաբերյալ զեկուցող Վ.Աղաբաբյանը նշեց, որ Մայր բուհից տեղեկացրել են ԵՊՀ օլիմպիադայի 1-ին փուլի հետաձգման մասին: Այն պիտի կայանար 2021թ. մարտի 13-ին, սակայն ՀՀ-ում եղանակի անբարենպաստ պայմանների պատճառով անորոշ ժամանակով հետաձգվել է: Օլիմպիադայի անցկացման օրը ԵՊՀ-ից լրացուցիչ կհայտնեն:
Որոշվեց՝ Վ.Աղաբաբյանի հաղորդումն ընդունել ի գիտություն:
Երրորդ ընթացիկ հարցի կապակցությամբ զեկուցող Լ.Բեգինյանը նշեց, որ 2020-2021 ուստարվա 2-րդ կիսամյակի ընթացում նախատեսված է իրականացնել 17 պրակտիկա, որից 9-ը՝ առկա, 8-ը՝ հեռակա ուսուցման համակարգում (7-ը՝ բակալավրում, 1-ը՝ մագիստրատուրայում): Առկա ուսուցման համակարգում պրակտիկաներն անցկացվել են առկա և առցանց եղանակներով, իսկ հեռակա ուսուցման համակարգի պրակտիկաներն, ըստ ժամանակացույցի, կմեկնարկեն ապրիլից: Պրակտիկաների մի մասը նախատեսված է իրականացնել մշակված երթուղիներով, որոնք ընդգրկում են Տավուշի, Լոռու, Արագածոտնի, Վայոց ձորի մարզերը և մայրաքաղաք Երևանը:
Մինչհամալսարանական կրթության և պրակտիկաների կազմակերպման բաժնին հանձնարարվեց հետևել պրակտիկաների պատշաճ իրականացմանը, մշակել վերահսկողության արդյունավետ մեխանիզմներ՝ պրակտիկաներին ուսանողների լիարժեք մասնակցությունն ապահովելու համար:
Որոշվեց՝ Լ.Բեգինյանի հաղորդումն ընդունել ի գիտություն:
Չորրորդ ընթացիկ հարցի մասին զեկուցեց Արտաքին կապերի բաժնի վարիչ Ա.Եգանյանը: Նա տնօրենության անդամներին ներկայացրեց, որ Իջևան համայնքի ավագանու՝ 2021թ. մարտի 4-ի նիստում քննարկվել և հավանության է արժանացել ԵՊՀ ԻՄ-ի ուսանողներից մեկին Իջևան քաղաքի անվանական կրթաթոշակ նշանակելու մասին հարցը: Զեկուցողը նշեց, որ Իջևանի համայնքապետարանը Իջևան քաղաքի անվանական կրթաթոշակ տրամադրելու կարգն ու պայմանները թողել է ԵՊՀ ԻՄ-ի հայեցողությանը:
Որոշվեց՝ հանձնարարել ֆակուլտետների դեկաններին տնօրենության առաջիկա նիստի քննարկմանը ներկայացնել Իջևան քաղաքի անվանական կրթաթոշակին հավակնող ուսանողների թեկնածությունները՝ առաջնորդվելով Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի ուսանողական նպաստների, պետական և ներբուհական կրթաթոշակների հատկացման կանոնակարգով: