- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Խորապես ցավակցում ենք…
Խոր վշտով հայտնում ենք, որ 82 տարեկան հասակում՝ 83-ը չբոլորած, կյանքից հեռացավ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի բազմամյա պատասխանատու և հմուտ աշխատակից Գարուշ Գուրգենի Անանյանը:
Գ.Անանյանը ծնվել է 1938թ. ապրիլի 17-ին Իջևանում՝ արհեստավորների ընտանիքում:
1955թ. ավարտել է Իջևանի թիվ 1 միջնակարգ դպրոցը:
1959թ. ընդունվել է ԵՊՀ պատմության ֆակուլտետ, որն ավարտել է 1964 թ.-ին:
Աշխատել է «Հայրենիքի ձայն» թերթում՝ որպես պատասխանատու քարտուղար:
Այնուհետև եղել է Հայկական ՍՍՀ Գերագույն խորհրդի նախագահության նախագահի օգնական:
1992 թվականից Գ.Անանյանը աշխատել է Իջևանի տարածաշրջանային քոլեջ-համալսարանում (1994թ. սեպտեմբերի 19-ի թիվ 440 որոշմամբ այն վերակազմավորվել է որպես Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ)՝ ծավալելով վարչական և դասախոսական գործունեություն:
Մասնավորապես՝ 1992թ. փետրվարից մինչև 2012թ. փետրվարը աշխատել է որպես վարչատնտեսական հարցերի գծով պրոռեկտոր:
2012թ. փետրվարից մինչև 2013թ. սեպտեմբերը աշխատել է որպես ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի տեղակալ՝ ընդհանուր հարցերի գծով:
2013թ. սեպտեմբերից մինչև 2016թ. սեպտեմբերը եղել է տնօրենի խորհրդական:
2016թ. սեպտեմբերից մինչև 2017թ. մայիսը աշխատել է որպես Վարչատնտեսական վարչության գնումների, մատակարարման և պահեստավորման բաժնի ավագ մասնագետ:
Վարչական աշխատանքին զուգահեռ՝ 1996 թվականից Գ.Անանյանը նաև դասախոսել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում. 1996-2000 թթ. եղել է Պատմության և քաղաքագիտության ամբիոնի դասախոս, 2000-2014 թթ.՝ Պատմության և քաղաքագիտության ամբիոնի ասիստենտ, 2014թ.՝ Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի ասիստենտ:
2017թ. մայիսից՝ ԵՊՀ ԻՄ-ում երկար տարիներ աշխատելուց հետո, Գ.Անանյանն անցել է վաստակած հանգստի:
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ղեկավարության և ամբողջ անձնակազմի անունից խորին ցավակցություն ու զորակցություն ենք հայտնում Գարուշ Գուրգենի Անանյանի ընտանիքի անդամներին ու հարազատներին:
Մասնաճյուղի բազմամյա հմուտ և պատասխանատու աշխատակցի՝ Գ.Անանյանի հիշատակը մշտապես վառ կմնա բոլորիս սրտերում…