- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Կայացավ տնօրենության ընդլայնված նիստ
2021թ. մայիսի 7-ին Ա.Մակարյանի նախագահությամբ կայացավ ԵՊՀ ԻՄ-ի տնօրենության ընդլայնված նիստ, որին մասնակցում էին տնօրենության անդամները, և հրավիրված էին մասնաճյուղի ստորաբաժանումների ղեկավարները:
Նիստի ընթացքում քննարկվեցին օրակարգային հետևյալ հարցերը.
Առաջին հարցի կապակցությամբ ֆակուլտետների դեկաններն, ըստ կրթական ծրագրերի, ներկայացրին առկա ուսուցման ավարտական կուրսերի լուծարքային շրջանի արդյունքները: Նրանք մասնավորապես նշեցին, որ լուծարքային շրջանն ընթացել է ըստ նախատեսված ժամանակացույցի, բողոքներ չեն արձանագրվել: միայն Հումանիտար գիտությունների ֆակուլտետի 1 ուսանող, ունենալով ուսման վճարի խնդիր, չի ներկայացել քննություններին: Երկրորդ լուծարքային շրջանին ակադեմիական պարտք ունեցող 10 ուսանողներից (Հումանիտար գիտությունների ֆակուլտետ՝ 4, Կիրառական արվեստի ֆակուլտետ՝ 4, Բնական գիտությունների ֆակուլտետ՝ 1, Տնտեսագիտության ֆակուլտետ՝ 1) վերոնշյալ ուսանողը չի ներկայացել լուծարքներին:
Ուսումնամեթոդական վարչության պետ Ա.Դավթյանը, ամփոփելով լուծարքային շրջանը, նշեց, որ 2020-2021 ուստարվա ավարտական կուրսերի լուծարքային շրջանն ընթացել է սահմանված կարգով, ըստ ժամանակացույցի: 150 շրջանավարտ (39-ը` անվճար, 111-ը` վճարովի հիմունքներով) ավարտել է տեսական դասընթացները, միայն մեկ ուսանող չի մասնակցել լուծարքային շրջանին և չի մուծել ուսման վճարը:
Որոշվեց՝ առկա ուսուցման՝ 2020-2021 ուստարվա ավարտական կուրսերի լուծարքային շրջանի վերաբերյալ ֆակուլտետների դեկանների և ՈՒՄՎ պետի հաղորդումներն ընդունել ի գիտություն:
Երկրորդ հարցի վերաբերյալ ֆակուլտետների դեկանները նշեցին, որ 2020-2021 ուստարվա ավարտական կուրսերում նախապաշտպանություններն ընթանում են կարգով սահմանված ժամկետներում: Ավարտական որոշ կուրսերում արդեն ավարտվել են, մյուսներում՝ դեռևս ընթացքի մեջ են: Ավարտական աշխատանքները հիմնականում պատրաստ են, կան որոշակի թերություններ, որոնք մինչև պաշտպանությունները կշտկվեն: Այն կրթական ծրագրերում, որտեղ իրականացվել են նախապաշտպանությունները, նշանակվել և հաստատվել են նաև ավարտական աշխատանքների գրախոսները:
Այս հարցի կապակցությամբ Ա.Մակարյանը նշեց, որ խիստ հետևողական լինեն «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղում բակալավրի ավարտական աշխատանքի պատրաստման և գնահատման կարգով սահմանված ժամկետների և ձևաչափերի պահպանմանը: Անկախ նրանից, թե ինչպես տեղի կունենան պաշտպանությունները (առկա, առցանց), պաշտպանության նշանակված ժամկետից առնվազն 5 օր առաջ ամբիոն պետք է ներկայացված լինի ուսանողի ավարտական աշխատանքի թղթային և էլեկտրոնային փաթեթը՝ աշխատանքը, ղեկավարի կարծիքը և գրախոսությունը (բոլորը pdf ձևաչափով), ինչպես նաև հրապարակային պաշտպանության ուսանողի ելույթի ppt պրեզենտացիան, իսկ ամբիոնի գործավարը հանձնաժողովի անդամներին պիտի ուղարկի բոլոր ուսանողների աշխատանքների էլեկտրոնային փաթեթները՝ ներառյալ ավարտական աշխատանքների գնահատման ձևաչափի էլեկտրոնային տարբերակը: Նա նաև նշեց, որ առանձնակի ուշադրություն պետք է դարձնել գրախոսություններին` հանձնարարելով գրախոսներին ամենայն պատասխանատվությամբ մոտենալ գրախոսման աշխատանքներին, որոնց համար նրանք առանձին վճարվում են:
Տնօրենի պաշտոնակատարը հանձնարարեց ֆակուլտետների դեկաններին նախքան պաշտպանությունները ZOOM հարթակում կազմակերպել նախապատրաստական հանդիպումներ ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների անդամների և նախագահների հետ` անցած տարվա օրինակով:
Որոշվեց՝ հանձնարարել դեկաններին և ամբիոնների վարիչներին հետևողական լինեն «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղում բակալավրի ավարտական աշխատանքի պատրաստման և գնահատման կարգի պահպանմանը:
Երրորդ հարցի մասին ՈՒՄՎ պետ Ա.Դավթյանը նշեց, որ 2020-2021 ուստարվա 2-րդ կիսամյակում 12 կրեդիտ կուտակած 5 ուսանող դիմել են ակադեմիական պարտքերը մարելու համար, որից 3-ը՝ առկա, 2-ը՝ հեռակա ուսուցման համակարգից: Առկա ուսուցման 3 ուսանողից 1-ը հանձնել է, մյուս երկուսը չեն հաղթահարել քննությունները, սակայն ունեն ևս 1 հնարավորություն: Հեռակա ուսուցման համակարգի 2 ուսանող ևս ձախողել են քննությունների վերահանձնումը, բայց դարձյալ ունեն 1 հնարավորություն:
Որոշվեց՝ առաջնորդվելով ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողների հեռացման (ազատման) և վերականգնման կարգով՝ թույլատրել վերոնշյալ ուսանողներին վերահանձնելու քննությունները:
Ընթացիկ առաջին հարցի վերաբերյալ գլխավոր հաշվապահ Մ.Մխիթարյանը նշեց, որ ավարտական կուրսերի ուսման վարձերի վճարման ընթացքն ընդհանուր առմամբ բավարար է: Խնդիր կա միայն մի քանի ուսանողի դեպքում. առկա ուսուցման համակարգի 1 ուսանող ունի վարձավճարի պարտք, 5 ուսանողի ուսման վարձերը վճարվելու են պետության կողմից, քանի որ ծնողները մարտական գործողությունների մասնակիցներ են, 2 ուսանողի ուսման վարձը վճարվելու է ծնողների սոցիալական փաթեթներից:
Որոշվեց՝ հանձնարարել ֆակուլտետների դեկաններին հետևողական լինել ավարտական և մյուս կուրսերի ուսման վարձերի ժամանակին վճարմանը:
Ընթացիկ երկրորդ հարցի մասին զեկուցեց Հ.Մովսեսյանը և տնօրենության նիստի մասնակիցներին ներկայացրեց 44-օրյա պատերազմում զոհված ԵՊՀ ԻՄ-ի ուսանողների և շրջանավարտների հիշատակը հավերժացնելու նպատակով միջոցառումների մշակման և կազմակերպման համար ստեղծված հանձնաժողովի աշխատանքների կատարման ընթացի մասին:
ԵՊՀ ԻՄ-ի տնօրենության անդամները և ստորաբաժանումների ղեկավարները հանդես եկան պատերազմում զոհված համալսարանականների հիշատակի միջոցառումների կազմակերպման վերաբերյալ իրենց առաջարկներով, որոնք հաշվի կառնվեն հանձնաժողովի աշխատանքներն իրականացվելիս:
Որոշվեց՝ Հ.Մովսեսյանի հաղորդումն ընդունել ի գիտություն: