- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- ԵՊՀ ԻՄ-ում բացվել է մասնաճյուղի շրջանավարտ, Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած հերոս Շիրակ Գասպարյանի անվան լսարան
2021թ. հունիսի 5-ին ԵՊՀ ԻՄ-ում կայացան ԵՊՀ ԻՄ-ի շրջանավարտ, Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ անմահացած հերոս Շիրակ Գասպարյանի հիշատակին նվիրված միջոցառումներ՝ հուշ-ցերեկույթ, գրքի շնորհանդեսի և նրա անվամբ լսարանի բացում:
Հիշատակի և մեծարման միջոցառումներին ներկա էին ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանը, բուհի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամներ, ուսանողներ և շրջանավարտներ, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, Տավուշի մարզպետարանի գլխավոր քարտուղար Արման Գևորգյանը, Իջևանի քաղաքապետի տեղակալ Արգիշտի Ամիրխանյանը, այլ պաշտոնատար անձինք, պատվավոր հյուրեր՝ «Հայ ասպետ» հաղորդաշարի հեղինակ և վարող Կարին Տոնոյանը, հայ ժողովրդական երգիչ Արսեն Գրիգորյանը Շիրակ Գասպարյանի ընտանիքի անդամներ, ընկերներ և ուրիշներ:
Նախ ԵՊՀ ԻՄ-ի գրադարանում կայացավ Շիրակ Գասպարյանի հիշատակին նվիրված հուշ-ցերեկույթ, որի ընթացքում ելույթ ունեցան նրա դասախոսները, ուսուցիչները, հարազատները:
Գնահատանքի, հիշատակի և օրհնության խոսքով հանդես եկան մասնավորապես ԵՊՀ ԻՄ-ի գրադարանի վարիչ, Շիրակ Գասպարյանի դասախոս Վլադիմիր Պողոսյանը, ԵՊՀ ԻՄ-ի հայոց լեզվի և գրականության ամբիոնի դասախոս, Շիրակի գրքի խմբագիր բ.գ.թ., դոցենտ Վաչագան Ավագյանը, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի հարազատ դպրոցի վարչական և ուսուցչական կազմի ներկայացուցիչները, «Հայ ասպետ» հաղորդաշարի հեղինակ և վարող Կարին Տոնոյանը, Շիրակի քույրը:
Ապա տեղի ունեցավ Շիրակ Գասպարյանի՝ ԵՊՀ ԻՄ-ի նախաձեռնությամբ լույս տեսած «Ցիրուցան իղձեր» գրքի շնորհանդեսը, որի ընթացքում Շիրակի ոգեշնչող ու հուզիչ բանաստեղծություններից ներկայացրին «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության ուսանողները:
Շիրակը ստեղծագործել է նույնիսկ կռվի թեժ պահին: Ահա այդ ընթացքում գրված մի բանաստեղծություն, որից էլ ժողովածուն ստացել է իր անվանումը.
Ցիրուցան եղան իղձերս, մայրի՜կ,
Արկերի ձայնից հօդս ցնդեցին:
Արյան գետեր են հոսում սարերից,
Սարսափ ներշնչում մատաղ իմ սրտին:
Արհավիրք է, մա՜մ, կոտորած անգութ,
Ու կարծես սրտիս զարկերն են մարում:
Մա՜մ, դու ինձ ներիր,
Թե տուն չդառնամ,
Թե քեզ չգրկեմ, համբույր չստանաս:
Չարտասվես, մա՜յր իմ, հերոս է որդիդ,
Ու քեզ պահապան կլինի վերից՝
Որպես հրեշտակ, որպես լույս-ճրագ երկնի կամարից:
Շիրակ Գասպարյանի գրքի շնորհանդեսին հաջորդեց նրա անվամբ լսարանի բացման արարողությունը: ԵՊՀ ԻՄ-ի տնօրենության՝ 2021թ. հունիսի 1-ի նիստում որոշվել էր ԵՊՀ ԻՄ-ի զոհված շրջանավարտ Շիրակ Գասպարյանի անվան լսարանի բացումն իրականացնել Շիրակի ծննդյան տարեդարձի նախօրեին՝ հունիսի 5-ին: Լսարանի ընտրությունը պատահական չէր. ընտրվել էր Հումանիտար գիտությունների ֆակուլտետի թիվ 52 լսարանը, որտեղ Շիրակն անցկացրել էր իր ուսումնառության 4 տարիները: Ուսանողական տարիներին զբաղվել է ակտիվ հասարակական գործունեությամբ, նախագահել ԵՊՀ ԻՄ-ի հումանիտար գիտությունների ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությունը, ապա եղել է կառույցի փոխնախագահը։ Մասնակցել է բազմաթիվ գիտաժողովների և բարձր պատվով ներկայացրել համալսարանը։
ԵՊՀ ԻՄ-ում ստանալով «Պատմություն» մասնագիտությամբ բակալավրի որակավորում՝ Շիրակ Գասպարյանը 2020թ. հուլիսի 29-ին զորակոչվել է բանակ՝ պարտադիր զինվորական ծառայության: Վիճակահանության արդյունքում ծառայության է անցել ԼՂՀ-ում: Ելնելով համաճարակային պայմաններից՝ մինչև օգոստոսի 18-ը ծառայությունն անցկացրել է Մարտունի 2-ում, ապա տեղափոխվել է հիմնական ծառայության զորամաս՝ Ջրական: Ծառայել է 5-րդ ուսումնական գումարտակում՝ «Առանձիններում», ականանետի վրա (D1-D2): Պատասխանատու ծառայության շնորհիվ մեկ ամիս անց ամբողջությամբ տիրապետել է զենքին: Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմին մասնակցել է հենց առաջին օրից՝ լինելով առաջնագծում: Մինչև հոկտեմբերի 5-ը հրետանավոր ընկերների հետ պաշտպանել է Ջրականի դիրքերը, ապա նահանջել է Հադրութ: Հոկտեմբերի 8-ին, ստանալով հատուկ առաջադրանք, «Առանձինները» տեղափոխվել են Ահար լեռան լանջ, որպեսզի օգնեն զինակիցներին՝ ծուղակից դուրս գալու: Հոկտեմբերի 9-ին հակառակորդի վարձկան-ահաբեկիչների բազմահազարանոց զորքի հարձակումից հետո, կրելով մեծ թվով կորուստներ, Թաղասեռ գյուղում ընկել է շրջափակման մեջ: Մնալով առանց հրամանատար՝ ստանձնել է հրամանատարի պարտականությունները: Կապի դուրս գալով հրամկազմի հետ՝ օգնություն են խնդրել, սակայն թշնամու զորքը ճեղքել չի հաջողվել: Թշնամու համար աննկատ մնալու համար հրամկազմի ցուցումով բաժանվել են 5-6 հոգանոց խմբերի և անընդհատ փոխել են թաքստոցները՝ տեղափոխվելով Վանք գյուղ, հարակից անտառ, բնակելի տների նկուղներ։ Խմբերն անընդհատ միացել և բաժանվել են: Տղաները, երբ վերջին անգամ կապի են դուրս եկել, տեղեկացրել են, որ հակառակորդից թաքնվելու համար անտառ են մտնում: Հակառակորդը շուտով հայտնաբերել է տղաներին՝ փորձելով գերեվարել: Հակառակորդի պահանջներին չենթարկվելով և հրաժարվելով գերության մտքից՝ ստացել է հրազենի կրակոց և տեղում մահացել: 2021 թվականի ապրիլի 10-ին Արցախի Հանրապետության նախագահի հրամանով հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով:
Շ.Գասպարյանի կենսագրական տվյալներին և ստեղծագործություններին կարելի է ծանոթանալ ԵՊՀ ԻՄ-ի պաշտոնական կայքի նորաստեղծ «Մեր քաջ զինվորականները» էջում հետևյալ հղումով՝ http://ijevan.ysu.am/shirakgasparyan/:
Շիրակ Գասպարյանի հիշատակին նվիրված հուշ-ցերեկույթի, գրքի շնորհանդեսի և նրա անվամբ ԵՊՀ ԻՄ-ում լսարանի բացման մասին տեսանյութը հասանելի է Տավուշ հեռուստաընկերության էջում հետևյալ հղումով՝ https://www.facebook.com/watch/live/?v=804762493358934&ref=watch_permalink: