- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողների այցը ՀՀ ԿԲ-ի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոն
2021թ. հունիսի 6-ին ԵՊՀ ԻՄ-ի տնտեսագիտության ֆակուլտետի «Ֆինանսներ» մասնագիտության 2-րդ և 3-րդ կուրսի ուսանողները ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Գ.Ավետիսյանի ուղեկցությամբ գիտաճանաչողական այց կատարեցին ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոն:
Այցի սկզբում ուսանողներն ուղևորվեցին ՀՀ ԿԲ-ի այցելուների կենտրոն, որտեղ նրանց ծանոթացրին ԿԲ փողերի թանգարանին, առկա ցուցանմուշներին, հայկական դրամի՝ թղթադրամների և մետաղադրամների պաշտպանական հատկանիշներին և բացատրեցին, թե ինչպես կարելի է տարբերել կեղծ դրամն իսկականից: Ուսանողները ծանոթացան նաև շրջանառության մեջ գտնվող հիշատակային մետաղադրամներին, հուշադրամներին, ներդրումային դրամներին:
Այնուհետև ուսանողները լսեցին «Դրամավարկային քաղաքականության իրականացումը ներկա մարտահրավերների պայմաններում» թեմայով դասախոսություն, որը վարեց ԿԲ դրամավարկային վարչության ղեկավար Հայկ Ավետիսյանը: Դասախոսության ընթացքում ուսանողներին ներկայացվեց, թե ինչ էր կատարվում 2020 թ.-ին, խոսվեց համավարակի և ռազմական դրության պայմաններում ստեղծված տնտեսական մարտահրավերների մասին, բացատրվեց դրանց նշանակությունը տնտեսական քաղաքականության տեսանկյունից: Դասախոսությունը եզրափակվեց ներկայումս տեղի ունեցող տնտեսական իրադարձությունների և ակնկալվելիք քաղաքականության պարզաբանմամբ:
Հանդիպման վերջում ուսանողները ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները: