- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Շնորհավո՛ր սեպտեմբերի 1
Մասնաճյուղը նոր ուստարում դիմավորեց 198 առաջին կուրսեցիների, որոնց համար Ուսանողական խորհուրդը կազմակերպել էր տոնական միջոցառում:
Միջոցառումը մեկնարկեց Երևանի պետական համալսարանի օրհներգով:
Այնուհետև ողջույնի և շնորհավորանքի խոսքով հանդես եկան ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանը, Ուսանողական խորհրդի նախագահ Գառնիկ Խաչատրյանը:
Պարոն Մակարյանը Գիտելիքի և դպրության օրվա, նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ շնորհավորեց բոլոր համալսարանականներին և հատկապես առաջին կուրսեցիներին, նրանց մաղթեց բարի գալուստ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ, ուսման մեջ նպատակասլացություն և պահանջատիրություն, ամենայն բարիք:
Ավանդույթի համաձայն՝ տեղի ունեցավ գիտելիքի բանալու հանձնում առաջին կուրսեցիներին. այս տարի բանալին որպես ավագ ուսանող առաջին կուրսեցիներին հանձնեց ԵՊՀ ԻՄ-ի «Զբոսաշրջություն» մասնագիտության չորրորդ կուրսի ուսանողուհի Լաուրա Ուլիխանյանը:
Ապա տեղի ունեցավ առաջին կուրսեցիների երդման հանդիսավոր արարողությունը: Երդումն ընթերցեց ԵՊՀ ԻՄ-ի այս տարվա լավագույն դիմորդ, «Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտության առաջին կուրսի ուսանողուհի Ալիսա Օթարյանը: Նորաթուխ համալսարանականները երդվեցին արժանի լինել «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի ուսանող լինելու բարձր կոչմանը, լինել օրինավոր քաղաքացիներ, նպաստել երկրի պետականության զարգացմանը:
Միջոցառման ընթացքում հնչեցին երաժշտական կատարումներ:
Վերջում միջոցառման մասնակիցները համալսարանականներին մաղթեցին. «Թո՛ղ ուսումնական տարվա մեկնարկն ազդարարող զանգի ղողանջը յուրաքանչյուրիս հոգում հնչի որպես մեր նախնիների ոգեղեն ազգականչ, ավետի նորի սկիզբը, կանաչ ճանապարհ և նոր հնարավորություններ բացի բոլորիս համար»:
Հակահամաճարակային կանոնների պահպանմամբ լսարաններում մեկնարկեցին նոր՝ 2021-2022 ուստարվա առկա ուսուցման առաջին կիսամյակի դասերը: