- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Կայացավ ԵՊՀ ԻՄ-ի գիտական խորհրդի` 2021-2022 ուստարվա առաջին նիստը
2021թ. սեպտեմբերի 24-ին տեղի ունեցավ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գիտական խորհրդի` 2021-2022 ուստարվա առաջին նիստը՝ Ա. Հ. Մակարյանի նախագահությամբ:
Նիստի ընթացքում քննարկվեցին օրակարգով նախատեսված հետևյալ հարցերը.
Առաջին հարցի մասին նշվեց, որ ԵՊՀ ԻՄ-ի գիտական խորհրդի՝ 2021-2022 ուստարվա 1-ին կիսամյակի նիստերի ժամանակացույցը նախապես ուղարկված է եղել գիտխորհրդի անդամներին՝ առաջարկություններ ստանալու նպատակով։ Ըստ ժամանակացույցի՝ նախատեսված է տարվա մեջ իրականացնել 8 նիստ, որոնք բաշխված են ըստ ամիսների և նախանշված են ժամանակացույցում, սակայն կա նաև ըստ անհրաժեշտության արտահերթ նիստեր անցկացնելու հնարավորություն։ Ժամանակացույցում իրականացվել են որոշ փոփոխություններ, որոնք գլխավորապես վերաբերում են դրամաշնորհների տրամադրման ընթացակարգին և նոր մշակվող ԵՊՀ ԻՄ-ի զարգացման՝ 2021-2026 թթ. ռազմավարական ծրագրին։ Ինչ վերաբերում է դրամաշնորհների տրամադրման ընթացակարգին, ապա «Տավուշ» կենտրոնի հետ համատեղ իրականացվում են անհրաժեշտ փոփոխությունները՝ կապված դրամաշնորհների համար ներկայացվող պարտադիր փաստաթղթերի, հաշվետվությունների ձևաչափերի և այլնի հետ։ ՌԾ-ի մշակման համար ձևավորված խմբերն էլ մինչև դեկտեմբեր կավարտեն աշխատանքները, և 2022 թվականից կաշխատենք 2021-2026 թթ. ռազմավարական ծրագրով։
Գիտխորհրդի անդամ, տ.գ.դ., պրոֆեսոր Մ.Միքայելյանն առաջարկեց ժամանակացույցի 10-րդ կետում իրականացնել փոփոխություն՝ ԵՊՀ ԻՄ-ի՝ 2022թ. եկամուտների և ծախսերի նախահաշվի (բյուջե) հաստատման հարցը հունվար ամսից տեղափոխել դեկտեմբեր, որն ընդունվեց գիտխորհրդի անդամների կողմից։
Որոշվեց՝ հաստատել ԵՊՀ ԻՄ-ի գիտական խորհրդի՝ 2021-2022 ուստարվա 1-ին կիսամյակի նիստերի ժամանակացույցը։
Երկրորդ հարցի վերաբերյալ Ուսումնամեթոդական վարչության պետ Ա.Դավթյանը նշեց, որ ֆակուլտետների գիտական խորհուրդներում քննարկվել և մասնաճյուղի գիտական խորհրդի հաստատմանն են ներկայացվել ԵՊՀ ԻՄ-ում գործող անվանական կրթաթոշակների հավակնող ուսանողների անունները: Ներկայացվել է 10 ուսանող, ովքեր համապատասխանում են ԵՊՀ ԻՄ-ում գործող ուսանողական նպաստների պետական և հետբուհական կրթաթոշակների հատկացման կանոնակարգի 34-րդ կետի պահանջներին:
Որոշվեց՝ հաստատել 2021-2022 ուստարվա 1-ին կիսամյակի անվանական կրթաթոշակ ստացող ուսանողների ցուցակը։
Երրորդ հարցի կապակցությամբ զեկուցող Ն.Գրիգորյանը ներկայացրեց Կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման բաժնի՝ 2020-2021 ուստարվա գործունեության վերաբերյալ հաշվետվություն։ Մասնավորապես նշվեց, որ ԿԲԴՎ բաժնի կողմից հաշվետու ուստարում իրականացվել են աշխատանքներ՝ հետևյալ ուղղություններով.
Փաստաթղթերից մշակվել են ԿԲԴՎ բաժնի կանոնադրությունը, «ԵՊՀ ԻՄ-ում ավարտական աշխատանքների պատրաստման և գնահատման» կարգը, «ԵՊՀ ԻՄ-ում հեռակա ուսուցման համակարգի մագիստրոսական թեզի պատրաստման և գնահատման» կարգը, «ԵՊՀ ԻՄ-ում հետազոտական աշխատանքների պատրաստման և գնահատման» կարգը, «ԵՊՀ ԻՄ կրթական ծրագրերի մոնիթորինգի և վերանայման» կարգը։ Վերանայվել է ԵՊՀ ԻՄ հեռակա ուսուցման ձևով մագիստրատուրայի՝ 2021-2022 ուսումնական տարվա ընդունելության կարգը։ Մշակվել և քննարկման փուլում են գտնվում պրոֆեսորադասախոսական կազմին ներկայացվող պահանջները, մշակվում են ԵՊՀ ԻՄ փաստաթղթաշրջանառության կարգը, Հետազոտական աշխատանքներ կատարելու մեթոդական ուղեցույցը, վերապատրաստումների նոր ծրագրեր, ԵՊՀ ՒՄ վարչական, ինժեներատեխնիկական և ուսումնաօժանդակ անձնակազմի ատեստավորման կարգը։
Կրթական ծրագրերից պատրաստվել է «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» 2020-21 կրթական ծրագիրը, վերանայվել է «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» 2021-23 կրթական ծրագիրը, վերանայվել և վերջնական տեսքի են բերվել «Հոգեբանություն» 2020 կրթական ծրագիրը, «Ռուսաց լեզու և գրականություն» 2020 կրթական ծրագիրը, վերանայվել և ստուգվել են 2021-2025 կրթական բոլոր ծրագրերը (առկա և հեռակա): Նիստին Ն.Գրիգորյանն առաջարկեց ԵՊՀ ԻՄ-ի «Կիրառական արվեստ» կրթական ծրագիրն ուղարկել արտաքին փորձաքննության, որն ընդունվեց գիտխորհրդի անդամների կողմից։
Հանդիպում-քննարկումներ են իրականացվել 2020-2021 ուստարվա առաջին և երկրորդ կիսամյակներում հետազոտական բաղադրիչ պարունակող դասընթացներ վարող դասախոսների հետ։
Հաշվետու ուստարում բաժնի կողմից կազմակերպվել են «Աշխատանքը Zoom հարթակում», «Տեսանյութերը որպես դասավանդման գործիք» «Համագործակցային ակտիվ ուսուցում լսարանում» դասախոսների վերապատրաստման դասընթացները։
Բաժինը կազմակերպել և ապահովել է ԵՊՀ ԻՄ-ի մի շարք դասախոսների մասնակցությունը ԵՊՀ-ի հետբուհական լրացուցիչ կրթության վարչության կողմից իրականացված 8 և Դասավանդման առաջավոր փորձի փոխանցման և երիտասարդ դասախոսների աջակցման կենտրոնի կողմից իրականացված 6 դասընթացներին։
Այս հարցի կապակցությամբ պարոն Մակարյանը նշեց, որ բաժնին հանձնարարել է առաջիկայում հանդես գալու տեղեկատվությամբ, թե մասնաճյուղի դասախոսները ինչ չափով են մասնակցել կազմակերպված դասընթացներին և ինչքան կրեդիտներ են կուտակել։
Որոշվեց՝ Կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման բաժնի՝ 2020-2021 ուստարվա գործունեության մասին Ն.Գրիգորյանի զեկուցումն ընդունել ի գիտություն։
Չորրորդ հարցի վերաբերյալ նշվեց, որ ԵՊՀ ԻՄ-ի՝ 2022թ. առկա ուսուցմամբ ընդունելության բակալավրի մասնագիտությունների և կրթական ծրագրերի ցանկը նախապես քննարկվել է՝ հաշվի առնելու համապատասխան առաջարկությունները։ Օրինակ՝ Բնական գիտությունների ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչների կողմից առաջարկվել է մշակել կրթական ծրագրի ճյուղավորված տարբերակ՝ սարքավորումների ծրագրավորման ուղղության ներառմամբ։ Գիտխորհրդի անդամ, բ.գ.թ., դոցենտ Վ.Աղաբաբյանի կողմից առաջարկվել է «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագրի անվճար տեղերից մեկը հատկացնել «Ռուսաց լեզու և գրականություն» կրթական ծրագրին՝ ի նկատի ունենալով վերջինիս համար դիմել ցանկացողների թվաքանակի աճը։
Որոշվեց՝ մասնաճյուղի գիտխորհրդի նիստում հաստատել ԵՊՀ ԻՄ-ի՝ 2022թ. առկա ուսուցմամբ ընդունելության բակալավրի մասնագիտությունների և կրթական ծրագրերի ցանկը և այն ներկայացնել ԵՊՀ։
Ընթացիկ հարցերը վերաբերում էին ԵՊՀ ԻՄ-ի կառուցվածքային փոփոխություններին, Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի պրոֆեսոր, ա.գ.դ., պրոֆեսոր Թրահել Վարդանյանի ղեկավարությամբ գիտական թեմայի նախագիծը մրցույթի ներկայացնելու համար երաշխավորելուն, ԵՊՀ ԻՄ-ի նախկին տնօրեն, ֆ.մ.գ.թ., դոցենտ երջանկահիշատակ Արտակ Ցուցուլյանի, ԵՊՀ ԻՄ-ի՝ Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած ուսանողների և շրջանավարտների անուններով կրթաթոշակներ սահմանելուն։
Առաջին ընթացիկ հարցի վերաբերյալ գիտխորհրդի նախագահ Ա. Հ. Մակարյանը մասնավորապես նշեց, որ ԵՊՀ իջևանի մասնաճյուղում մինչև այժմ հեռակա ուսուցման կրթական ծրագրերի բովանդակային իրականացումն ապահովվում էր մասնագիտական ամբիոնների կողմից, իսկ հեռակա ուսուցման կազմակերպման ամբողջական պրոցեսը կառավարվում էր 2006 թվականից մասնաճյուղում գործող Հեռակա ուսուցման բաժնի կողմից։ Ինչպես Մայր բուհում, այնպես էլ հանրապետության շատ բուհերում և՛ առկա, և՛ հեռակա ուսուցման գործընթացը կազմակերպում են ֆակուլտետները և մասնագիտական ամբիոնները։ Գիտխորհրդի նիստում առաջարկվեց, որ առկա ուսուցման հետ ԵՊՀ ԻՄ-ի հեռակա ուսուցման կրթական ծրագրերի կազմակերպման գործընթացի իրականացումը 2022թ. հունվարից ստանձնեն ֆակուլտետները՝ Հեռակա ուսուցման բաժնի աշխատակիցների ներուժն օգտագործելով ֆակուլտետներում։
Որոշվեց՝ 2022թ. հունվարից ԵՊՀ ԻՄ-ում կառուցվածքային փոփոխությունների միջոցով հեռակա ուսուցման բաժնի գործառույթները տեղափոխել համապատասխան ֆակուլտետներ։
Երկրորդ ընթացիկ հարցի հետ կապված՝ զեկուցող Մ.Աթոյանը նշեց, որ ներկայացվող նախագիծը համարվում է հայ-գերմանական համագործակցության շրջանակներում 2017-2018 թթ. իրականացված «Հայաստանի կենտրոնական տարածքներում խիստ դեգրադացված էկոհամակարգերի պեդալոգիան և հողօգտագործման կայուն կառավարման ներուժը» նախագծի շարունակությունը:
Շարունակական համագործակցությունն ու հետագա ծրագրի համար դիմումը նպատակաուղղված է երկու տարվա ընթացքում հողի ջրային հաշվեկշռի և հողի ջերմաստիճանի փոփոխությունների մոնիթորինգին և դրանք կլիմայական տվյալների հետ կապելուն, ինչպես նաև Արարատյան դաշտի հողերի վերաբերյալ լրացուցիչ ելակետային տվյալների ձեռքբերմանը։
Անհրաժեշտ է նաև ուսումնասիրել Արարատյան դաշտում հողօգտագործման հետևանքները, դրա հետ կապված առկա խնդիրները, սպասվող ռիսկերը և գնահատել հողօգտագործման կայուն կառավարման ներուժը:
Այս ծրագրով գործընկեր բուհերի երիտասարդ գիտնականները հնարավորություն ունեն փոխանակման միջոցով ձեռք բերելու միջազգային փորձ: Հետևաբար, Բեռլինի Հումբոլդտի համալսարանի և Երևանի պետական համալսարանի հետազոտական ծրագրի նպատակը, 2016 թ.-ից նախագծում ներգրավված հայ և գերմանացի գիտնականների, դոկտորանտների և ուսանողների միջև չափազանց հաջող համագործակցության ընդլայնումն է: Ծրագիրը նպատակ ունի ոգեշնչել ուսանողներին ուսման առաջադեմ փուլերում (բակալավր, մագիստրոս) հողային կիրառական համակարգերի հետազոտությունների գիտական կարիերայի համար և խրախուսել նրանց մագիստրոսական կամ դոկտորական թեզի շրջանակներում աշխատել ատենախոսության վրա:
Որոշվեց՝ երաշխավորել ԵՊՀ ԻՄ-ի տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի պրոֆեսոր, ա.գ.դ., պրոֆեսոր Թրահել Գերասիմի Վարդանյանի հայկական կողմի խմբի ղեկավարությամբ «Արարատյան գոգավորության (Կենտրոնական Հայաստան) խիստ դեգրադացված էկոհամակարգերի պեդալոգիան և հողօգտագործման կայուն կառավարման ներուժը - II փուլ (հողի ջերմաստիճան և հողի խոնավություն)» խորագրով գիտական թեմայի նախագծի մասին հաղորդումը Հայ-գերմանական համատեղ թեմաների աջակցության «ՀՀ ԿԳՄՍՆ ԳԿ – ԳԿՀԴՆ - 2022» միջազգային հայտերի մրցույթին։
Անվանական կրթաթոշակների հարցի քննարկման ժամանակ նշվեց, որ ԵՊՀ ԻՄ-ում գործում են 2 նախկին տնօրենների՝ լուսահոգի Շավարշ Մարգարյանի և Համլետ Կարայանի անվան կրթաթոշակներ։ Առաջարկվեց նաև սահմանել ԵՊՀ ԻՄ-ի նախկին տնօրեն, ֆ.մ.գ.թ., դոցենտ բարեհիշատակ Արտակ Ցուցուլյանի անվան կրթաթոշակ, որն ընդունվեց գիտխորհրդի անդամների կողմից։
Առաջարկվեց սահմանել նաև ԵՊՀ ԻՄ-ի՝ Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած հերոս ուսանողների և շրջանավարտների անուններով կրթաթոշակ և առաջին կիսամյակն սկսել Շիրակ Գասպարյանից, որը նույնպես արժանացավ ԵՊՀ ԻՄ-ի գիտական խորհրդի անդամների հավանությանը։