- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- «Ընդհանուր մանկավարժություն» մասնագիտությամբ մագիստրատուրան ունի առաջին շրջանավարտները
2022թ. փետրվարի 5-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ «Ընդհանուր մանկավարժություն» մասնագիտության «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագրի ավարտական կուրսի մագիստրոսական թեզերի պաշտպանությունը՝ առցանց միանալու հնարավորությամբ:
Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը նախագահում էր Շիրակի «Մ.Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի պրոֆեսոր, մանկավարժական գիտությունների դոկտոր Սպարտակ Սողոյանը:
Պաշտպանությանը մասնակցում էր 23 ուսանող (1 ուսանող չէր ներկայացել):
Մագիստրոսական թեզերի թեմաներն արդիական էին, դրանք հիմնականում նվիրված էին մանկավարժության ժամանակակից մեթոդներին ու մոտեցումներին վերաբերող խնդիրների:
Աշխատանքներն իրականացված էին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում հեռակա ուսուցման մագիստրոսական թեզի պատրաստման և գնահատման կարգի համաձայն:
Մագիստրոսական թեզերի պաշտպանության արդյունքները գոհացնող էին. 19 ուսանող ստացավ «գերազանց», 4 ուսանող՝ «լավ»:
Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովն իր գոհունակությունն արտահայտեց շրջանավարտների պատրաստվածության մակարդակի վերաբերյալ:
Շրջանավարտների աշխատանքներն աչքի էին ընկնում ներկայացման բարձր մակարդակով, նորարարական և հետազոտական տարրերի առկայությամբ, վերհանված խնդիրների համակողմանի ուսումնասիրությամբ ու վերլուծությամբ: Դրանցում զգացվում էին մասնագիտական գրականությունից հմտորեն օգտվելու և համադրելու շրջանավարտների կարողությունները:
Հանձնաժողովի կարծիքով՝ թեզերի թեմատիկան համապատասխանում էր որակավորմանը: Հետագա բարելավման ուղղությամբ հանձնաժողովն առաջարկել է աշխատանքներում առավել զարգացնել հետազոտական բաղադրիչը, մեծ ուշադրություն դարձնել աշխատանքների գործնական կիրառության հարցերին, որոշ թեմաներ ընտրել հենց դպրոց-բուհ համագործակցության ընթացքում վերհանված կարծիք-առաջարկությունների հիման վրա:
ԵՊՀ ԻՄ-ի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի անունից սիրով շնորհավորում ենք «Ընդհանուր մանկավարժություն» մասնագիտությամբ մագիստրատուրայի մեր առաջին շրջանավարտներին, նրանց ցանկանում ենք անձնական և մասնագիտական մեծ ձեռքբերումներ ու հաջողություններ, իրենց ստացած գիտելիքների, կարողությունների ու հմտությունների նպատակային և արդյունավետ կիրառում: