- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- «Վիքիմեդիա Հայաստան»-ի ներկայացուցիչները մասնաճյուղում
2022թ. մարտի 11-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ այցելեցին «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության աշխատակիցները՝ վարչական հարցերով պատասխանատու Մհեր Բեքարյանը, տարածքային ծրագրերի համակարգող Արթուր Խումարյանը, միջոցառումների համակարգող Դավիթ Սարգսյանը, նախագահի օգնական Մարի Ավետիսյանը, Վիքիպեդիայի դասընթացների համակարգող Վիոլլա Մոսիկյանը:
Նախ՝ նրանք հանդիպեցին ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանի և փոխտնօրեն Մ.Օթարյանի հետ, քննարկեցին «Վիքին սիրում է պատմություն» վիքինախագիծը, որը ստեղծվել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի «Պատմություն» կրթական ծրագրի մասնագիտական պրակտիկայի շրջանակում:
2022թ. փետրվարի 9-ից ԵՊՀ ԻՄ-ում մեկնարկել է «Պատմություն» կրթական ծրագրի 4-րդ կուրսի ուսանողների մասնագիտական պրակտիկան, որը ղեկավարում է Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի դոցենտ, պ.գ.թ. Ն.Գրիգորյանը: Մասնագիտական պրակտիկան իրականացվել է ԵՊՀ ԻՄ-ի և «Վիքիմեդիա Հայաստան»-ի միջև համագործակցության հուշագրի շրջանակներում: Վերջինիս նպատակն է ուսանողներին սովորեցնել Վիքիպեդիայում հոդվածներ խմբագրելու հմտությունները, բարելավել հայերենով պատմության թեմայով հոդվածները և ստեղծել նոր հոդվածներ: Ս.թ. փետրվարի 9-ից մինչև մարտի 22-ը տևողությամբ պրակտիկայի ընթացքում նախատեսված է ուսումնասիրել 6 թեմա՝ «Մեծ Հայքի վարչական միավորներ», «Սփյուռքի նշանավոր քաղաքներ», «Հայաստանի առաջին Հանրապետության նշանավոր դեմքեր», «20-րդ դարի հայ նշանավոր զորահրամանատարներ», «Հայ նշանավոր պատմաբաններ», «Արցախյան շարժման գործիչներ»: Յուրաքանչյուր ուսանող պրակտիկայի ընթացքում պետք է պատրաստի 7 հոդված: Մասնագիտական պրակտիկայի արդյունքում ուսանողները կկարողանան դրսևորվել խմբային աշխատանքներում, հավաքագրել և համակարգել Հայաստանի ու հայ ժողովրդի պատմության մասին տեղեկությունները, աշխատել սկզբնաղբյուրների հետ:
ԵՊՀ ԻՄ-ի ղեկավարության հետ հանդիպումից հետո հյուրերն այցելեցին Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոն, մասնաճյուղում գործող «Ամերիկյան գրադարան և դասընթացների կենտրոն», Գիտելիքի նորարարական հաբ, Կիրառական արվեստի ֆակուլտետ, ծանոթացան ուսանողների աշխատանքներին:
Այնուհետև «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության աշխատակիցներն ուսումնասիրեցին «Պատմություն» կրթական ծրագրի 4-րդ կուրսի ուսանողների պատրաստած հոդվածները՝ ուսանողներին ցուցաբերելով օգնություն: