- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- 140 մասնակից 17 երկրից. ԵՊՀ ԻՄ-ն իրականացրեց «Սոցիալ-մանկավարժական նորարարությունները կրթության մեջ» միջազգային գիտագործնական համաժողովը
2022թ. մարտի 15-16-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի կողմից առկա և առցանց ձևաչափով իրականացված «Սոցիալ-մանկավարժական նորարարությունները կրթության մեջ» միջազգային երիտասարդական գիտագործնական համաժողովին մասնակցություն ունեցան 17 երկրի շուրջ 140 ներկայացուցիչներ՝ երիտասարդ դասախոսներ և գիտնականներ, բակալավրիատի և մագիստրատուրայի տարբեր մասնագիտությունների ուսանողներ:
Համաժողովի լեզուներն էին հայերենը, ռուսերենը և անգլերենը:
Միջազգային գիտապրակտիկ համաժողովի նպատակն էր ուսանողական հետազոտությունների խթանումը, ուսանողների, ասպիրանտների ստեղծագործական ներուժի բացահայտումը, ուսանողների և դասախոսների ներբուհական և միջբուհական համագործակցության զարգացումը, երիտասարդության ուշադրության կենտրոնացումը ժամանակակից մանկավարժական հետազոտությունների կարևորության վրա:
Համաժողովի ուղղություններն էին.
Համաժողովի բացման և ողջույնի խոսքով հանդես եկան նախ ԵՊՀ ԻՄ-ի կազմակերպչական խմբի անդամները՝ խմբի նախագահ, ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանը, նախագահի տեղակալ, ԲԳՌԱ պրոֆեսոր, ԵՊՀ ԻՄ-ի օտար լեզուների ամբիոնի դոցենտ, մ.գ.թ. Սվետլանա Մինասյանը (ողջույնի խոսքը՝ այստեղ, ապա միջազգային գործընկերները՝ հոգեբանական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր, մանկավարժության և հոգեբանության ինստիտուտի տնօրեն, Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի պրոֆեսոր Տատյանա Սախարովան, Մանկավարժական կրթության գիտությունների միջազգային ակադեմիայի ակադեմիկոս, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի սոցիալական մանկավարժության և հոգեբանության ամբիոնի պրոֆեսոր Սվետլանա Սերյակովան, Ռուսաստանի պետական պրոֆեսիոնալ-մանկավարժական համալսարանի ռուսաց և օտար լեզուների ամբիոնի վարիչ, մ.գ.դ., պրոֆեսոր Ալյոնա Եվտյուգինան (այլ մանրամասների կարող եք ծանոթանալ համաժողովի ծրագրում):
Ուսանողների համար հետաքրքիր զեկուցումով հանդես եկավ Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարանի միջազգային կրթական ծրագրերի ինստիտուտի ռուսաց լեզվի՝ որպես օտար լեզվի, տեղեկատվական գիտություններում մասնագիտական հաղորդակցության ամբիոնի դասախոս Անդրեյ Կուզնեցովը:
Երկու օր 4 խմբերով զուգահեռ իրականացված համաժողովը կարելի է անվանել միջազգային երիտասարդական ֆորում, քանի որ Հայաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Չինաստանը, Ալժիրը, Բելառուսը, Բուլղարիան, Իրաքը, Իտալիան, Հունաստանը, Վրաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Լեհաստանը, Սլովակիան, Ուզբեկստանը և Ուկրաինան ներկայացնում էին ավելի քան 140 մասնակիցներ:
Քննարկման շրջանակը լայն էր. աշխատանքներն ուղղված էին բակալավրիատի, մագիստրատուրայի, ասպիրանտուրայի կրթական ծրագրերի հիմնախնդիրների որոնմանն ու հետազոտմանը, դիզայնի և տեխնոլոգիաների փոխանցման զարգացման համար անհրաժեշտ հիմնական բաղադրիչների բացահայտմանը: Կարելի է նշել այնպիսի աշխատանքներ, ինչպիսիք են «Թվային ռեսուրսների օգտագործումը օտար լեզուների ուսուցման մեջ», «Լեգոյի կառուցումը որպես մանկավարժական տեսանկյունից նախադպրոցական կրթության ռոբոտաշինության յուրացման սկզբնական փուլ», «Դեռահասների մոտ հուզական ինտելեկտի զարգացման միջոցով քննադատական մտածողության ձևավորումը. օտար լեզվի ուսուցում», «Telegram»-ով դասավանդելը որպես ռուսաց լեզվի ուսուցման մոտիվացիոն գործոն», «Անգլերենի մասնագիտական բառապաշարի ուսուցում՝ հիմնված կորպուսային լեզվաբանության վրա», «Դպրոցականների՝ չափորոշիչների վրա հիմնված գնահատման տեխնոլոգիան խմբային աշխատանքի կազմակերպման և իրականացման գործում», «Արվեստի ազդեցությունը երեխայի զարգացման, դաստիարակության և հոգեբանական վիճակի վրա», «Ու՞մ է պատկանում դասարանը «շրջելու» գաղափարը», «Սինգապուրյան մեթոդիկայի առաջացման պատմությունը» և բազմաթիվ այլ հետազոտություններ:
Կազմակերպիչների հավաստմամբ՝ այս համաժողովը “Project Ijevan Valey Ed Tech” երկարատև ծրագրի առաջին միջոցառումն է: Այն կդառնա պարբերական, և դրա շրջանակներում ձևավորված ազգային և միջազգային համագործակցությամբ Իջևանի մասնաճյուղը կմշակի կրթական ոլորտում հետազոտական տարբեր նախագծեր և կմասնակցի միջազգային ծրագրերի՝ երիտասարդության շրջանում զարգացնելով մանկավարժական մասնագիտությունների հանրահռչակումը, ընդլայնելով գործող մագիստրոսական ծրագիրը՝ հիմնված հետազոտությունների, լաբորատոր աշխատանքների և փորձերի վրա:
ԵՊՀ ԻՄ-ի ղեկավարության և ողջ անձնակազմի անունից իրականացված մեծածավալ աշխատանքի համար շնորհակալություն ենք հայտնում միջազգային գիտագործնական համաժողովի բոլոր կազմակերպիչներին, մասնակիցներին, մոդերատոր-համակարգողներին, ովքեր մեկնաբանել են ուսանողների աշխատանքը, տվել մեթոդական ցուցումներ և գնահատել մասնակիցների հետազոտությունները:
Համաժողովի նյութերը հրապարակվել են առանձին էլեկտրոնային ժողովածուով (մասնակիցների գիտական հոդվածների ժողովածուի գրախոսներ՝ Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի մանկավարժության և լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսոր, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հայկ Հմայակի Պետրոսյան, Մանկավարժական կրթության գիտությունների միջազգային ակադեմիայի ակադեմիկոս, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի սոցիալական մանկավարժության և հոգեբանության ամբիոնի պրոֆեսոր Սերյակովա Ս. Բ.):
Մասնակիցները նաև կստանան հավաստագրեր:
Հոդվածների ժողովածուն՝ այստեղ: