- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Շարունակվում է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի և գործընկեր AMVN կազմակերպության համագործակցությունը
ԵՊՀ ԻՄ-ի և ԱՄՆ-ում գործող “Armenian Volunteer Network” (AMVN) / «Հայ կամավորական ցանց» կազմակերպության համագործակցության շրջանակներում Հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Ռուսաց լեզու և գրականություն» մասնագիտության I-III կուրսերի մի խումբ ուսանողներ ավարտեցին խոսակցական ռուսերենի վեցամսյա դասընթացը և ստացան հավաստագրեր:
Դասընթացին մասնակցող ուսանողները նշում են, որ դասընթացավար Դարինա Անդրեևան (Սանկտ Պետերբուրգ) մեծ պատասխանատվությամբ է ներկայացել յուրաքանչյուր դասին և հետաքրքիր ուսումնադաստիարակչական թեմաներ է առաջարկել քննարկումների համար:
Ուսանողների համար անհրաժեշտ և օգտակար են եղել ժամանակի ու սթրեսի կառավարման, համացանցային կայքերի, կենտրոնանալու, էլեկտրոնային ու սովորական գրքերի, ճանապարհորդությունների ու ամենաանսովոր մասնագիտությունների, ազգային խոհանոցների մասին դաս-քննարկումները:
AMVN կազմակերպության կողմից հավաստագրեր են ստացել նաև ԵՊՀ ԻՄ-ի «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության կրթական ծրագրի ղեկավար Էմմա Թեմրազյանը, մասնաճյուղի ու «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի շրջանավարտ Իննա Քոչարյանը և մագիստրատուրայի այս տարվա շրջանավարտ Սաթիկ Բայրամյանը: Նրանք մասնակցել են 144 ժամ տևողությամբ TESOL (Անգլերենի դասավանդում այլ լեզվով խոսողների համար) ծրագրին՝ փորձառու դասընթացավար Աստղիկ Ալթունյանի (Կանադա) ղեկավարությամբ: Աստղիկն AMVN կազմակերպության վարչության անդամ է և TESOL ծրագրի ղեկավարը։ Նա TESOL դասավանդման իր հավաստագիրը ձեռք է բերել Տորոնտոյի համալսարանից, իսկ DELTA դասավանդման դիպլոմը՝ Քեմբրիջի համալսարանից և մեծ սիրով փոխանցել է իր գիտելիքներն ու փորձը խմբի անդամներին:
Շնորհակալություն ենք հայտնում AMVN կազմակերպությանը՝ գնահատելով և կարևորելով նրա կողմից Հայաստանում ի նպաստ կրթության զարգացման իրականացվող կամավորական աշխատանքը: