- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Ընթացքի մեջ է «Զբոսաշրջություն» մասնագիտության 2-րդ կուրսերի ուսումնական պրակտիկան
2022թ. ապրիլի 27-ին ԵՊՀ ԻՄ-ի «Զբոսաշրջություն» մասնագիտության 2-րդ (առկա, հեռակա) և 3-րդ (հեռակա) կուրսերի ուսանողները պրակտիկայի ղեկավարներ մ.գ.թ., ասիստենտ Հ.Ազիզյանի, ասիստենտ Պ.Ասիլբեկյանի, դասախոս Ս.Սաֆարյանի գլխավորությամբ ուսումնական պրակտիկա իրականացրին Իջևան–Ջուխտակ վանք–Մաթոսավանք–“Hover boutique hotel & restaurant”–Դիլիջանի ինֆոկենտրոն–Իջևան երթուղով:
Ուղևորության առաջին կանգառը Ջուխտակ վանքն էր, որտեղ ուսանողուհի Ագնեսա Դալլաքյանը ներկայացրեց վանքի պատմությունը, ճարտարապետությունը:
Երկրորդ կանգառը Մաթոսավանքն էր, որտեղ ուսանողուհի Արուսիկ Դարբինյանը ներկայացրեց վանքի պատմությունը, ճարտարապետական առանձնահատկությունները:
Երրորդ կանգառը “Hover boutique hotel & restaurant”-ն էր, որտեղ գործադիր տնօրեն Դավիթ Սիմոնյանը ներկայացրեց հյուրանոցի ներքին և արտաքին հարդարանքի, մատուցվող հիմնական և լրացուցիչ ծառայությունների մասին:
Չորրորդ կանգառը Դիլիջանի ինֆոկենտրոնն էր, որտեղ ուսանողները ծանոթացան ինֆոկենտրոնի գործունեությանը, զբոսաշրջիկների հետ աշխատանքի առանձնահատկություններին:
Պրակտիկայի ընթացքում ղեկավար Պ.Ասիլբեկյանը ներկայացրեց երթուղու լեռնագրությունը, «Դիլիջան» ազգային պարկի լանդշաֆտային բազմազանությունը, Բլդան գետի ջրագրական առանձնահատկությունները, հովտի զբոսաշրջային ներուժը:
Ուսանողները քայլեցին Տրանսկովկասյան արահետի հատված կազմող միջնադարյան վանքերի արահետով: Քայլարշավի ընթացքում ուսանողներին ներկայացվեցին տարածքում կողմնորոշման եղանակները՝ կողմնացույցով, քարտեզով, տեղական հատկանիշների միջոցով:
Ուսանողները ծանոթացան Դիլիջան քաղաքի զբոսաշրջային ներուժին, առկա պոտենցիալին, լեռնազանգվածներին, էկոզբոսաշրջային երթուղիներին, զբոսաշրջային ներուժին՝ բնական և պատմամշակութային հուշարձաններին, զբոսաշրջային փաթեթներում նրանց ընդգրկվածությանը, հանգստի գոտիների, ճանապարհների առկա վիճակին և հիմնախնդիրներին:
Ուսումնական պրակտիկան շարունակվում է, և ծրագրով նախատեսված երթուղիների իրականացման ընթացքում ուսանողների գործնական գիտելիքներն ու հմտություններն ավելի կխորանան: