- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Կայացավ Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյա հոբելյանին նվիրված միջոցառում
2022թ. մայիսի 14-ին՝ Վարդատոնին ընդառաջ, ԵՊՀ ԻՄ-ում տեղի ունեցավ Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյա հոբելյանին նվիրված գրական-գեղարվեստական միջոցառում, որը նախաձեռնել և կազմակերպել էր Հայոց լեզվի և գրականության ամբիոնը (ի դեմս ամբիոնի վարիչ Վ.Ավագյանի)՝ ուսանողների հետ համատեղ:
Աշուղական երգի ռահվիրա Սայաթ-Նովայի հիշատակին է նվիրված Վարդատոնը, որը Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի, գեղանկարիչ Գևորգ Բաշինջաղյանի և վրացի գրականագետ Իոսեբ Գրիշաշվիլու նախաձեռնությամբ Թբիլիսիում առաջին անգամ տոնվել է 1914 թ․-ին։ Այդ օրը Սուրբ Գևորգ եկեղեցու բակում տոնի մասնակիցները կարմիր վարդեր են դնում Սայաթ-Նովայի շիրիմին, լսում նրա ստեղծագործությունները։ Սա դարձավ գեղեցիկ ավանդույթ, և ամեն տարի մայիսի վերջին կիրակի օրը հավաքվում են Սայաթ-Նովայի արվեստի սիրահարները` նշելու Վարդատոնը, որը մեծ աշուղ-բանաստեղծի և նրա ստեղծած երգ-երաժշտության մեծարման արտահայտությունն է, խորին ակնածանք նրա թողած հարուստ ժառանգության հանդեպ, խոնարհում նրա տաղանդին:
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հարկի տակ էլ «հոյակապ սիրահար, սիրո հրդեհով բռնված ու բռնկված մեր վիթխարի Սայաթ-Նովան»՝ 300-ամյա հոբելյարը, համախմբել էր համալսարանականներին, արվեստասեր հասարակության ներկայացուցիչների և հյուրերի՝ միջոցառման շրջանակներում միասին նշելու Վարդատոնը, փոքր-ինչ խմելու սայաթնովյան ջրից ու կարդալու սայաթնովյան գիրը:
Բացման և ողջույնի խոսքով հանդես եկավ Հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, բ.գ.թ., դոցենտ Վաչագան Ավագյանը՝ ներկայացնելով նախաձեռնության նպատակը, ողջունելով մասնակիցներին ու բոլոր ներկաներին:
Միջոցառումը բաղկացած էր երկու մասից՝ գիտական և գրական-գեղարվեստական:
Նախ՝ զեկուցումներով հանդես եկան ԵՊՀ ԻՄ-ի «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհիներ Սիրանուշ Սարդարյանը («Սայաթ-Նովայի կյանքը»), Անուշ Խաչատրյանը («Սայաթ-Նովայի սիրո քնարը»), Նարա Մելքումյանը («Սայաթ-Նովայի քնարերգության ակունքները»), նույն մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի Ռոզա Բաղրամյանը («Խոհախրատական թեման Սայաթ-Նովայի քնարերգության մեջ»):
Այնուհետև միջոցառմանը գրական-գեղարվեստական մթնոլորտ ապահովեցին տարբեր մասնագիտությունների տաղանդավոր ուսանողներ (ԵՊՀ ԻՄ-ի և հրավիրյալ)՝ ներկայանալով տաղերով, երգ-երաժշտությամբ, պարով և թատերական ներկայացմամբ:
Միջոցառման վերջում ամփոփիչ խոսքով հանդես եկավ Հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ Վաչագան Ավագյանը, ելույթ ունեցան ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանը և բ.գ.թ., դոցենտ Աիդա Սարհատյանը՝ բարձր մակարդակով կազմակերպված միջոցառման կապակցությամբ արտահայտելով իրենց հիացմունքն ու գոհունակությունը, ընդգծելով ուսումնական գործընթացում նման միջոցառումների կարևորությունը, շնորհակալություն հայտնելով բոլոր մասնակիցներին ու կազմակերպիչներին:
Միջոցառման ծրագիրը տե՛ս այստեղ: