- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- «Հավասար կրթություն բոլորին» խորագրով բաց դաս-քննարկում
2022թ. մայիսի 21-ին «Հատուկ մանկավարժության հիմունքներ» դասընթացի շրջանակներում ԵՊՀ ԻՄ-ում տեղի ունեցավ «Հավասար կրթություն բոլորին» խորագրով բաց դաս-քննարկում, որը կազմակերպվել էր Հումանիտար գիտությունների ֆակուլտետի մանկավարժության և հոգեբանության ամբիոնի կողմից:
Ներկա էին Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Լ. Մ. Հարությունյանը, նույն ամբիոնի դասախոս, մ.գ.թ., դոցենտ Ա. Մ. Ղազարյանը, «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» մասնագիտության 1-ին և 2-րդ կուրսի ուսանողները:
Բաց դասը նվիրված էր ներառական կրթության ոլորտում ծագած հարցերի լուծմանը և խնդիրների կանխարգելմանը:
Դասի նպատակն էր ձևավորել հստակ պատկերացում ներառական կրթության էության, սկզբունքների, հասկացությունների և զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաների հետ տարվող աշխատանքների վերաբերյալ:
Բաց դասը բաղկացած էր 2 մասից: Առաջին մասը, որ նվիրված էր ներառական կրթության արժևորմանը, վարում էր Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի ասիստենտ Ի. Ռ. Պոնոմարենկոն: Երկրորդ մասը, որի ընթացքում «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհիները ներկայացրին իրենց ինքնուրույն աշխատանքները, վերաբերում էր կրթական կարիքի բազմազանությանը:
Դասը հագեցած էր ինտերակտիվ մեթոդներով, որի շնորհիվ քննարկմանը մասնակցում էին բոլոր ներկաները:
Դաս-քննարկման ընթացքում ներկայացվեցին ներառական կրթության նպատակն ու առանձնահատկությունները, դրական կողմերը և մարտահրավերները, հիմնավորվեց ներառական կրթության անհրաժեշտությունը ուսումնական հաստատություններում, մեկնաբանվեցին ներառական կրթության անցման օրենսդրական հիմքերը, սկզբունքները, «հատուկ», «ինտեգրված» և «ներառական» կրթություն հասկացությունները:
Կարևորվեց ներառական կրթության համատեքստում ընդունելի բառապաշարը, ներկայացվեցին առավել հաճախ հանդիպող կրթական կարիքները և զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաների հետ իրականացվող աշխատանքների յուրահատկությունները:
Բաց դաս-քննարկումն ամփոփվեց հարց ու պատասխանով, իսկ վերջում ներկաները հայտնեցին իրենց գոհունակությունը: