- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Ամփոփվեց «Բացահայտենք մեր գրադարանը /VOL2/» ծրագիրը
2022թ. հունիսի 4-ին ամփոփվեց ԵՊՀ ԻՄ-ի ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ և գրադարանի աշխատակազմի աջակցությամբ ս.թ. ապրիլի 15-ից մեկնարկած «Բացահայտենք մեր գրադարանը /VOL2/» գործնական-ճանաչողական ծրագիրը:
Ավելի քան մեկ ամիս տևած ծրագրի շրջանակներում ուսանող-կամավորներից բաղկացած առանձին մասնագիտական խմբերը, համաձայն իրենց կողմից մշակված կարգացուցակի, ուսումնասիրեցին մասնագիտական գրականությունը, ըստ նեղ մասնագիտական ենթաբաժնի՝ առանձնացրին գրքերը, իրականացրին գրքերի խնամք և վերադասավորում:
Ուսանողները հանդես եկան գրադարանի աշխատանքի և առկա գրականության լուսաբանմանը միտված առաջարկներով: Հատկապես կարևորվեց ուսանող-դասախոս-գրադարան ակտիվ կապի և համագործակցության ցանկալի արդյունավետությունը, որի պայմաններում ուսանողը հենց ուսումնառության առաջին իսկ օրից հնարավորություն կունենա իրազեկվելու իր մասնագիտությանն առնչվող գրականության, գրադարանային էթիկայի և օգտվելու հնարավորությունների վերաբերյալ:
Ամփոփելով պրակտիկ համագործակցության արդյունքները՝ ԵՊՀ ԻՄ-ի գրադարանի վարիչ Վ.Պողոսյանը շնորհակալություն հայտնեց գրադարանի նկատմամբ ուշադրության և ուսանողների ակտիվության համար ու հավելեց. «Առավելապես հետաքրքրված ենք ձեր կողմից բարձրաձայնված թերությունների և նկատելի բացթողումների դիտարկմամբ: Հույս ունենք, որ այս ծրագիրը կկրի շարունակական բնույթ, և յուրաքանչյուր կիսամյակ տարբեր ուսանողական խմբեր այս տարբերակով մասնակցություն կունենան գրադարանի աշխատանքներին և կնպաստեն դրանց առավել արդյունավետ կազմակերպմանը»:
Ծրագիրն ամփոփվեց խնդիրների և առաջարկությունների դիտարկմամբ, իսկ վերջում գրադարանի կողմից ծրագրի մասնակից ուսանողներին տրվեցին մասնագիտական գրքեր: