- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- ԵՊՀ ԻՄ-ում ավարտվեցին ներբուհական ընդունելության քննությունները
2022թ. հունիսի 28-29-ը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցան «Գծանկար» և «Կոմպոզիցիա» առարկաների ներբուհական քննությունները՝ «Դեկորատիվ-կիրառական արվեստ» և «Դիզայն» կրթական ծրագրերով ընդունելության համար:
Քննությունների անցկացման համար ձևավորվել էր տեսաձայնագրման սարքերով հագեցած 2 քննական կենտրոն: Քննություններն անցկացվեցին մեկական օրով՝ 4-ական ժամ տևողությամբ: Քննասենյակում դիմորդներն իրենց տեղն ընտրեցին վիճակահանությամբ:
«Գծանկար» առարկայի քննության ժամանակ հանձնարարվող առաջադրանքը նատյուրմորտ էր` հարթ ֆոնի վրա 3 գիպսե առարկաներից, գրաֆիտե մատիտով պարզ լուսավորությամբ` A2 ֆորմատի թղթի վրա, իսկ «Կոմպոզիցիա» առարկայի համար պարզ երկրաչափական, բուսական կամ կենդանական մարմիններից կառուցված զարդանախշային հորինվածք էր՝ դեկորատիվ մեկնաբանությամբ՝ A3 ֆորմատի թղթի վրա:
«Դեկորատիվ-կիրառական արվեստ» կրթական ծրագրով մասնաճյուղ էին դիմել 12, իսկ «Դիզայն» կրթական ծրագրով՝ 6 դիմորդներ: «Գծանկար» առարկայի քննության գնահատման ընթացքում հանձնաժողովի անդամները հաշվի էին առնում հորինվածքի գրագետ տեղադրումը թղթի մեջ, կառուցողական մոտեցումը, ծավալների տարածածավալային պատկերումը, ծավալների տոնային ընկալումը և նյութականության ստացումը, հորինվածքի եզրափակիչ մշակումը:
«Դեկորատիվ-կիրառական արվեստ» կրթական ծրագրի «Կոմպոզիցիա» առարկայի քննության ժամանակ գնահատվում էին զարդանախշերի ընտրությունը և գրագետ համադրելիությունը, կոմպոզիցիա ստեղծելու ստեղծագործական մտքի կիրառումը, զարդանախշերով միջնադաշտի և եզրային գոտիների ստեղծումը, դետալների՝ միմյանց նկատմամբ կոմպոզիցիոն աշխատանքի ամբողջացումը, կոմպոզիցիայում զարդանախշերի չափերի ներդաշնակ համադրության առկայությունը, զարդանախշերի գունային սահուն, հակադիր, կտրուկ անցումների, տոնայնության արտացոլումը, զարդանախշերի հստակ սահմանազատման առկայությունը գունային տոների միջոցով, տաք և սառը գույների համադրության և ստեղծագործական մտքի առկայությունը:
«Դիզայն» կրթական ծրագրի «Կոմպոզիցիա» առարկայի քննության ժամանակ գնահատվում էին երկրաչափական ծավալային մարմինների գրագետ համադրելիությունը, կոմպոզիցիա ստեղծելու ստեղծագործական մտքի կիրառումը, երկրաչափական ծավալային մարմիններով կոմպոզիցիոն հորինվածքի դինամիկ ամբողջացումը (սկիզբ, հասունացում, ավարտ), կոմպոզիցիոն հորիվածքում մարմինների չափերի ներդաշնակ համադրության առկայությունը, գունային սահուն, հակադիր, կտրուկ անցումների տոնայնության արտացոլումը, երկրաչափական ծավալային մարմինների հստակ սահմանազատման առկայությունը գույների տոների միջոցով:
Քննական հանձնաժողովի նախագահը փաստեց, որ դիմորդների պատրաստվածության մակարդակը բավարար էր:
Քննությունների նվազագույն շեմը հաղթահարեցին բոլոր դիմորդները, որի կապակցությամբ սիրով շնորհավորում ենք նրանց՝ մաղթելով հաջողություններ և ամենայն բարիք նոր՝ 2022-2023 ուսումնական տարում: