2022թ. հունիսի 29-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում Ա.Մակարյանի նախագահությամբ կայացավ տնօրենության ընդլայնված նիստ՝ օրակարգային 4 և ընթացիկ 2 հարցերով:

Օրակարգի առաջին հարցի՝ 2022-2026 առկա և 2022-2027 հեռակա ուսուցման կրթական ծրագրերի վերանայման աշխատանքների մասին զեկուցեց Կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման բաժնի վարիչ Ն.Գրիգորյանը: Նա ներկայացրեց, որ ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի հրամանների (4 § 1, 08.01.2022 և  58 § 4, 11.01.2022) համաձայն՝ հաստատվել են կրթական ծրագրերը վերանայող աշխատանքային խմբերի կազմերը, որոնք մինչև մայիսի 21-ը ԿԲԴՎ բաժին պետք է ներկայացնեին վերանայված կրթական ծրագրերը: ԿԲԴՎ բաժնի կողմից մշակվել և կրթական ծրագրերը վերանայող աշխատանքային խմբերին են տրամադրվել վերանայման աշխատանքային խմբերի աշխատանքային պլանի օրինակելի ձև, որտեղ հստակ գրված է, թե ինչպիսի աշխատանքներ են նախատեսվում իրականացնել, և մոտավոր ժամկետները, որոնք արդեն հստակեցրել են խմբերը: Բաժնի կողմից հունվար-հունիսի ամիսների ընթացում վերահսկվել են աշխատանքային խմբերի աշխատանքները, պարբերաբար կազմակերպվել են հանդիպումներ կրթական ծրագրերի ղեկավարների հետ, տրվել է համապատասխան խորհրդատվություն:

Տնօրենի կողմից սահմանված ժամկետում պատրաստ է եղել միայն երկու կրթական ծրագիր՝ «Պատմություն», «Ֆրանսերեն լեզու և գրականություն»:  Մյուս կրթական ծրագրերը վերանայող աշխատանքային խմբերի համար տնօրենի թույլտվությամբ ժամկետը երկարաձգվել է մինչև հունիսի 11-ը, որից հետո էլ որոշ կրթական ծրագրեր դեռ վերջնական տեսքով չեն ներկայացվել ԿԲԴՎ բաժին:

Բաժնի աշխատակիցների կողմից առկա 2022-2026 թթ. կրթական ծրագրերի հիման վրա կազմվել են նաև հեռակա ուսուցման 6 կրթական ծրագրերը՝ «Պատմություն», «Հայոց լեզու և գրականություն», «Հոգեբանություն», «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա», «Զբոսաշրջություն» և «Ֆինանսներ»:

Բոլոր կրթական ծրագրերում կատարվել են բավականին շատ փոփոխություններ, որոնց մի մասը պայմանավորված է ԵՊՀ-ի պահանջներով. «Կիրառական վիճակագրություն և տյալների հետ աշխատանք» դասընթացը հանվել է բոլոր ծրագրերից, «Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման հմտությունները» դասընթացը դարձել է կամընտրական՝բացառությամբ մի քանի ծրագրերի, «ՏՄՄ», «Ֆինանսներ», «Զբոսաշրջություն» կրթական ծրագրերում «Իրավունքի հիմունքներ» դասընթացը դարձել է կամընտրական:

Այս հարցի հետ կապված՝ տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանի կողմից գործընթացի պատասխանատուներին հանձնարարվեց խիստ հետևողական լինել, որ մինչև հուլիսի 2-ը բոլոր ծրագրերը վերջնական տեսքով պատրաստ լինեն և ներկայացվեն հաստատման:

Երկրորդ հարցի՝ դասախոսների կարիքների վերհանման, մատուցվող ծառայությունների՝ նրանց կողմից գնահատման վերաբերյալ զեկուցեց Մասնագիտական կրթության որակի ապահովման բաժնի վարիչ Մ.Ճաղարյանը: Նա մասնավորապես նշեց, որ ԵՊՀ ԻՄ-ի դասախոսական կազմի կարիքների վերհանման համար դիտարկվել են Մասնագիտական կրթության որակի  ապահովման բաժնի կողմից 2021թ. հունիսից 2022թ. հունիսն ընկած ժամանակահատվածում տարբեր մեխանիզմներով իրականացված ուսումնասիրությունների (Մասնաճյուղից դասախոսների բավարարվածության, Մասնաճյուղից ուսանողների բավարարվածության հարցումների, ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների նախագահների կարծիքներից հետևող, ամբիոններում իրականացված քննարկումների) արդյունքները: Հավաքագրված խնդիրների և առաջարկների հիման վրա կազմվել է կարիքների փաթեթ, որը ներկայացված է երկու խմբով (1. ուսումնական գործընթացի կազմակերպման, 2. ծառայությունների և ռեսուրսների հետ կապված կարիքներ):

Ուսումնական գործընթացի կազմակերպման հետ կապված կարիքները հիմնականում վերաբերում էին ուսանողների հմտությունների և կարողությունների գնահատման մեթոդների և ձևերի ընտրությանը, դասերին և լրացուցիչ պարապմունքներին ուսանողների մասնակցության ապահովմանը, ուսումնական գործընթացի կազմակերպման միասնական պահանջների սահմանմանը, դասախոսի գիտական հետաքրքրությունների ու ուսումնական փորձի վրա հիմնված դասաբաշխմանը, երկու կիսամյակների, առկա և հեռակա բեռնվածությունների միջև հավասար հարաբերակցության ապահովմանը, հետազոտական աշխատանքներին հատկացված ժամաքանակի ավելացմանը, գրագողության դեմ պայքարի միասնական համակարգված մոտեցմանը և այլն:

Ծառայությունների և ռեսուրսների հետ կապված կարիքներն առնչվում էին գրադարանում առկա և էլեկտրոնային մասնագիտական և այլ գրականության համալրմանը, գրադարանի էլեկտրոնային կայքում հոդվածների բաժնի առկայության ապահովմանը, մասնաճյուղի կայքում եռալեզու (հայերեն, ռուսերեն, անգլերեն) նյութերի տեղադրմանը, տելեգրամյան ալիք ունենալուն, վարձատրման և պարգևավճարների տրամադրման ճկուն համակարգի կիրառմանը, բուհի տեխնիկական հագեցվածության, աշխատանքային ավելի լավ պայմանների ապահովմանը:

Տվյալ հարցի առնչությամբ Ա.Մակարյանի կողմից ՄԿՈԱ բաժնին հանձնարարվեց վերհանված կարիքներն ամփոփ ու համակարգված ձևով ուղարկել համապատասխան ստորաբաժանումներ՝ թերացումների շտկման պլաններ կազմելու և խնդիրներին հնարավոր լուծումներ տալու նպատակով:

Երրորդ հարցի՝ դասալսումների արդյունքների քննարկման կապակցությամբ զեկուցեցին ֆակուլտետների դեկանները և Ուսումնամեթոդական վարչության պետը:

Դեկանները ներկայացրին իրենց ղեկավարած ֆակուլտետներում հաշվետու ժամանակահատվածում ամբիոնների վարիչների իրականացրած դասալսումների արդյունքներն ընդհանրացված տեսքով:

Ուսումնամեթոդական վարչության պետ Ա.Դավթյանը նշեց, որ Աուդիտի հանձնաժողովը հանձնարարել է կիրառել դասալսումների գրանցամատյաններ, ինչը նախատեսված է համապատասխան կարգով:

Հարցի կապակցությամբ արտահայտվեց տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանը՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է ավելի մեծ ուշադրություն դարձնել դասալսումների իրականացմանը, ըստ այդմ՝ դեկաններին հանձնարարեց առավել հետևողական լինել և ըստ գրաֆիկների՝ վերահսկել դասալսումների իրականացման ընթացքը:

Չորրորդ հարցի՝ հեռակա ուսուցման ամփոփիչ ատեստավորման արդյունքների քննարկման վերաբերյալ զեկուցեցին ֆակուլտետների դեկանները:

Այս հարցի վերաբերյալ ԱՄակարյանը նշեց, որ պետք է ավելի խստապահանջ կազմակերպել ավարտական աշխատանքների նախապաշտպանությունները՝ նախօրոք վեր հանելու անպատրաստ շրջանավարտներին և թույլ չտալու, որ թերի աշխատանքները հայտնվեն հանձնաժողովների առջև: Նա խոստացավ հաջորդ տարի անձամբ մասնակցել բոլոր նախապաշտպանություններին:   

Ընթացիկ առաջին հարցի՝ 2021-2022 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի առկա և հեռակա ուսուցման ուսանողների ուսման վճարների ընդհանուր դինամիկայի մասին զեկուցեց գլխավոր հաշվապահ Մ.Մխիթարյանը: Նա նշեց, որ առկա ուսուցման համակարգում ուսման վճարները ամբողջությամբ մարվել են՝ բացառությամբ մեկ ուսանողի, ով մասնակիորեն է մուծել վճարը: Ընդհանրապես կամ մասամբ վճարում չի կատարել հեռակա ուսուցման 75 ուսանող, որոնց մեծ մասը հեռացման են ենթակա դասապրոցեսին և քննաշրջանին չմասնակցելու պատճառով:

Ընթացիկ երկրորդ հարցի՝ ԵՊՀ ԻՄ-ի շրջանավարտի դիպլոմի անվավեր ճանաչման և կրկնօրինակի տրամադրման վերաբերյալ զեկուցեց Ուսումնամեթոդական վարչության պետ Ա.Դավթյանը: Տվյալ հարցի կապակցությամբ որոշվեց ԵՊՀ ԻՄ-ի շրջանավարտի դիպլոմը ճանաչել անվավեր և վավերացնել որպես կրկնօրինակ տրամադրվող № համարի դիպլոմը:

Տնօրենության նիստում զեկուցողների հաղորդումներն ընդունվեցին ի գիտություն:

Լուսանկարներ
Տարածել նյութը
©2024 Բոլոր իրավունքները պաշտպանված են: