- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Ֆրանսիացի ուսանողները մասնաճյուղում
2022թ. օգոստոսի 17-31-ը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում են ֆրանսիացի չորս ուսանող-սկաուտներ՝ Նոյեմի Օլիվիեն, Պոլ Ամարժիեն, Ռոզալի Ամարժիեն և Սալոմե Ժուրդանը:
Այցելության նպատակն է զարգացնել «Հայ-ֆրանսիական բարեկամություն» միության շահառու ուսանողների բանավոր հաղորդակցման հմտությունները և նպաստել համայնքային զարգացմանը:
Ծրագիրն ընդգրկում է ուսանողների հետ հանդիպումներ, մշակույթի վերաբերյալ զրույց-քննարկումներ, լեզվի պարապմունքներ (գյուղատնտեսական թեմայով բառապաշարի զարգացում և շփում), արշավային երթուղիների կազմում, այց-էքսկուրսիաներ Տավուշի և ընդհանրապես հանրապետության պատմամշակութային վայրեր ու զբոսաշրջային կենտրոններ՝ Հաղարծին, Մակարավանք, Իջևանի դենդրոպարկ, Քանդակների այգի, Գառնի, Գեղարդ, Արենի, Երևան և այլն:
Օգոստոսի 10-16-ը ուսանողները անցկացրել են Դիլիջան խոշորացված համայնքի Գոշ բնակավայրում՝ ուսումնասիրելու տեղի զբոսաշրջային պոտենցիալը և շփվելու տեղացիների հետ:
Ֆրանսիացի ուսանողների հետ օգոստոսի 17-ին անցկացվեց հանդիպում՝ ԵՊՀ ԻՄ-ի «Ֆրանսերեն լեզու և գրականություն» կրթական ծրագրի ղեկավար Ա.Մարդանյանի, «Տավուշի մարզի տուրիզմի զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Սյուզաննա Պետրոսյանի, II-IV կուրսերի կրթաթոշակ ստացող ուսանողների, տարածաշրջանի դպրոցների ֆրանսերենի ուսուցիչների մասնակցությամբ: Հանդիպումն անցավ ջերմ մթնոլորտում, քննարկվեցին հետագա անելիքները:
Այնուհետև կայացավ ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանի հանդիպումը ֆրանսիացի ուսանող-սկաուտների հետ: Ողջունելով հյուրերին՝ պարոն Մակարյանը պատրաստակամություն հայտնեց նրանց աջակցելու, մասնավորապես՝ հյուրընկալելու համալսարանի հյուրանոցային համալիրում:
Օգոստոսի 30-ին ֆրանսիացի ուսանողները ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կազմակերպել էին «Պերճախոսություն կամ ֆրանսերեն գեղեցիկ խոսք» խորագրով մրցույթ, որին մասնակցում էին կրթաթոշակ ստացող 8 ուսանողուհիներ: Ժյուրիի կազմում էին ԵՊՀ ԻՄ-ի Օտար լեզուների ամբիոնի ֆրանսերեն լեզվի և գրականության սեկցիայի դասախոսներ Ա.Մարդանյանը, Ա.Հովհաննիսյանը, ֆրանսիացի 4 ուսանողները: Նրանց հիացրին մասնակիցների՝ ֆրանսերեն գեղեցիկ և ճիշտ առոգանությամբ խոսք կառուցելու հմտությունները: Մրցույթի վերջում բոլոր մասնակիցները «Հայ-ֆրանսիական բարեկամություն» միության կողմից ստացան նվերներ:
Ֆրանսիացի ուսանողները համալսարանում կհյուրընկալվեն մինչև օգոստոսի 31-ը: