- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- ԵՊՀ ՌԵԿՏՈՐ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ
Սիրելի՜ համալսարանականներ, սիրով և սրտանց շնորհավորում եմ բոլորիս Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ ուսումնական տարի, հաջողություններ ու նոր ձեռքբերումներ։
Երևանի պետական համալսարանի առաքելությունը կրթական ու հետազոտական գործընթացների շարունակական և համակարգային արդիականացումն է, ինչը հնարավորություն կտա պատրաստելու որակյալ մասնագետներ ու ստեղծելու մտավոր անհրաժեշտ արդյունք, որն ավելի լավը կդարձնի մեր կյանքն ու մեզ շրջապատող աշխարհը։
Համալսարանի հիմնական նպատակն այնպիսի միջավայրի ձևավորումն է, որտեղ ուսանողները, դասախոսներն ու հետազոտողները կունենան նոր գիտելիք ստեղծելու և կիրառելու բացառիկ հնարավորություններ ու պայմաններ, ինչը ենթադրում է կամք, եռանդ, կառուցողական համագործակցություն համալսարանական համայնքի ներսում և դրանից դուրս, ինչպես նաև համալսարանականների ընդհանուր տեսլականի և նպատակների հստակեցմանն ուղղված համատեղ աշխատանք։
Սիրելի՜ ուսանողներ, անչափ կարևոր է, որ ԵՊՀ-ում դուք ոչ միայն ստանաք գիտելիքներ, այլև սովորեք ինքնուրույն մտածել, կարողանաք փնտրել ստեղծագործական լուծումներ, հասկանաք, թե ինչպես կյանքի կոչեք ձեր գաղափարներն ու լիարժեք ձևավորվեք որպես անհատ ու քաղաքացի։
ԵՊՀ զարգացման մեր ծրագրով, նորարար գաղափարներով ու նոր նախաձեռնություններով կշարունակենք անել ամեն ինչ, որ դուք այստեղ ստանաք որակյալ կրթություն, զարգացնեք ձեր ներուժը, ստեղծագործեք, լինեք երջանիկ և ձեր գործունեությամբ նպաստեք մեր երկրի զարգացմանն ու առաջընթացին։ Ես վստահ եմ, որ այս նպատակի իրագործման մեր լավագույն գործընկերը հենց դուք եք լինելու։
Այսօր առանձնահատուկ ուզում եմ շնորհավորել բոլոր առաջինկուրսեցիներին և բարի գալուստ մաղթել Երևանի պետական համալսարան։ Սիրելի՜ առաջինկուրսեցիներ, այսօրվանից դուք կրթական ու գիտական փառավոր պատմություն ունեցող համալսարանի ուսանող եք և համալսարանական մեծ ընտանիքի անդամ։ Ես հույս ունեմ, որ դուք կշարունակեք ԵՊՀ լավագույն ավանդույթները, կօգտվեք ձեզ ընձեռված բոլոր հնարավորություններից և լիարժեք կվայելեք ուսանողական կյանքը։
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիս տոնական այս օրվա կապակցությամբ։