- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- ԵՊՀ ԻՄ-ի «Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտության ուսանողներին տրվեցին կրթաթոշակներ
2022թ. սեպտեմբերի 22-ին հերթական անգամ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ այցելեց «Հայ-ֆրանսիական բարեկամություն և փոխանակում» միության անդամ պարոն Ջոս Միլիները:
Այցելության նպատակը ԵՊՀ ԻՄ-ի «ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտության վճարովի ուսուցման համակարգում սովորող բոլոր (տասներկու) ուսանողներին, ինչպես նաև անվճար ուսուցման համակարգի 3-րդ կուրսեցիներ Լ.Շախպարյանին, Ն.Գասպարյանին, Ա.Շահնազարյանին և Ա.Օթարյանին կրթաթոշակ հանձնելն էր:
Հանդիպման ընթացքում պարոն Միլիները կրթաթոշակները հանձնեց ուսանողներին, ովքեր առանձնահատուկ շնորհակալություն հայտնեցին «Հայ-ֆրանսիական բարեկամություն և փոխանակում» միության նախագահ տիկին Պոլետ Կուտանին՝ երկարատև համագործակցության, պարբերաբար կրթաթոշակներ տրամադրելու համար և խոստացան լինել ֆրանսերենի դեսպանները Տավուշի մարզում:
Այնուհետև կայացավ ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանի հետ Ջոս Միլեների հանդիպումը, որի ընթացքում քննարկվեցին երկկողմ համագործակցության հեռանկարները:
Հավելենք, որ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի և «Հայ-ֆրանսիական բարեկամություն և փոխանակում» միության միջև համագործակցությունը ծավալվել է 2012 թվականից, երբ նույն թվականի սեպտեմբերի 28-ին մասնաճյուղ այցելած միության անդամներ Պոլետ Կուտանը և Բեռնար Կուտանը ներկայացրել էին կրթության ոլորտին վերաբերող ծրագիր, որը հավանության էր արժանացել ԵՊՀ ԻՄ-ի կողմից: 2021թ․ հոկտեմբերի 2-ին էլ մասնաճյուղի և միության միջև ստորագրվեց համագործակցության համաձայնագիր, ըստ որի՝ ֆրանսիական կողմը շարունակելու է կրթաթոշակներ հանձնել ԵՊՀ ԻՄ-ի «Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտության վճարովի ուսուցման համակարգի ուսանողներին, ինչպես նաև անվճար ուսուցման համակարգում սովորող այն ակտիվ ուսանողներին, ովքեր կնպաստեն մարզի դպրոցներում ֆրանկոֆոնիայի տարածմանը: