- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Կայացավ տնօրենության նիստ
2022թ. սեպտեմբերի 30-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում Ա.Մակարյանի նախագահությամբ տեղի ունեցավ տնօրենության նիստ, որին մասնակցում էին տնօրենության անդամները, հրավիրված էր Ուսումնամեթոդական վարչության ուսումնական գործընթացի կազմակերպման և վերահսկման բաժնի վարիչ Ն.Առուշանյանը:
Նիստում քննարկվեցին ԵՊՀ ԻՄ-ի տնօրենության տարեկան աշխատանքային պլանի հաստատմանը, 2021-2022 ուստարվա երկրորդ կիսամյակի բակալավրի առկա և բակալավրի ու մագիստրատուրայի հեռակա ուսուցման քննաշրջանների ամփոփմանը, հեռակա ուսուցման համակարգում ուսանողի իրավունքների վերականգնման ընթացքին, մինչև 12 կրեդիտ կուտակած ակադեմիական պարտքերի վերահանձնման գործընթացի կազմակերպման ընթացքին վերաբերող հարցեր:
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանը ներկայացրեց ԵՊՀ ԻՄ-ի տնօրենության տարեկան աշխատանքային պլանը, որտեղ 71 դրույթներով ամրագրված էին 2022-2023 ուստարվա ուսումնական գործընթացի կազմակերպման հետ կապված հիմնական աշխատանքները՝ իրենց պատասխանատուներով, ժամկետներով, համագործակցող ստորաբաժանումներով: Կատարվել էին իրականացվող գործընթացների ժամկետներով պայմանավորված որոշ դրույթների փոփոխություններ և տեղափոխություններ, որոնք առնչվում էին մասնավորապես 2023-24 ուստարվա ընդունելության քննությունների կարգում փոփոխություններին, ըստ այդմ՝ ավագ դպրոցներ այցերի ժամանակացույցին, բաժինների կողմից տրվող հաշվետվություններին և այլն: Տնօրենության անդամների կողմից առաջարկվեց հնարավորության դեպքում որոշ գործընթացների իրականացման ժամկետները հստակեցնել՝ նշելով ոչ միայն ամիսը, այլև կոնկրետ ամսաթիվը:
Որոշվեց հաստատել ԵՊՀ ԻՄ-ի տնօրենության տարեկան աշխատանքային պլանը՝ առաջարկված փոփոխություններով հանդերձ:
2021-2022 ուստարվա երկրորդ կիսամյակի բակալավրի առկա և բակալավրի ու մագիստրատուրայի հեռակա ուսուցման քննաշրջանների ամփոփման կապակցությամբ զեկուցեցին Ուսումնամեթոդական վարչության պետ Ա.Դավթյանը և ֆակուլտետների դեկանները:
Մասնավորապես նշվեց, որ 2021-2022 ուստարվա 2-րդ կիսամյակի քննաշրջանն ավարտվել է ս.թ. սեպտեմբերի 22-ին: Քննաշրջանն իրականացվել է սահմանված կարգով, ըստ հաստատված ժամանակացույցի, և արդյունքում ունենք հետևյալ պատկերը:
Քննաշրջանին մասնակցել է բակալավրի կրթական ծրագրով 892 ուսանող (առկա ուսուցման՝ 481, հեռակա ուսուցման՝ 411) և մագիստրոսի կրթական ծրագրով՝ 13 ուսանող:
Առկա ուսուցման համակարգում քննաշրջանի արդյունքում 2 ուսանող (Հումանիտար գիտությունների և Կիրառական արվեստի ֆակուլտետի) ենթակա է հեռացման, 2 ուսանող (Բնական գիտությունների ֆակուլտետի) կուտակել է ակադեմիական պարտքեր:
Հեռակա ուսուցման բակալավրիատում քննաշրջանի արդյունքում հեռացման ենթակա են 14, կրեդիտներ են կուտակել 27 ուսանողներ: Հեռակա ուսուցման մագիստրատուրայում հեռացվել է 1 ուսանող, կուտակած կրեդիտներ չունենք:
Որոշվեց 2021-2022 ուստարվա երկրորդ կիսամյակի բակալավրի առկա և բակալավրի ու մագիստրատուրայի հեռակա ուսուցման քննաշրջանների ամփոփման վերաբերյալ զեկուցողներ Ա.Դավթյանի և ֆակուլտետների դեկանների հաղորդումներն ընդունել ի գիտություն:
ԵՊՀ ԻՄ-ի հեռակա ուսուցման համակարգում ուսանողի իրավունքների վերականգնման ընթացքի մասին զեկուցող Ն.Առուշանյանը ներկայացրեց, որ 1 նախկին ուսանող դիմել է ԵՊՀ ԻՄ-ի հեռակա ուսուցման համակարգում իր ուսանողական իրավունքները վերականգնելու համար: Ուսումնամեթոդական վարչության կողմից ստուգվել են ուսանողի վերականգնման դեպքում առաջացած առարկայական տարբերությունների քանակը կրեդիտներով և նրա ներկայացրած փաստաթղթերի համապատասխանությունը ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների հեռացման (ազատման) և վերականգնման կարգին, և նրան թույլատրվում է վերականգնել իր ուսանողական իրավունքները:
Որոշվեց ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների հեռացման (ազատման) և վերականգնման կարգի III մասի կետերին համապատասխան՝ վերականգնել ԵՊՀ ԻՄ-ի նախկին ուսանողի ուսանողական իրավունքները:
Մինչև 12 կրեդիտ կուտակած ակադեմիական պարտքերի վերահանձնման գործընթացի կազմակերպման ընթացքի վերաբերյալ ևս զեկուցեց Ն.Առուշանյանը: Նա մասնավորապես նշեց, որ նախկին կիսամյակներից մինչև 12 կրեդիտ կուտակած ակադեմիական պարտքերը վերահանձնելու համար դիմել էր 20 ուսանող (1-ը՝ առկա, 19-ը՝ հեռակա ուսուցման համակարգի): Այն ուսանողները, ովքեր առաջին լուծարքով չեն հանձնել, երկրորդ անգամ վերահանձնելու հնարավորություն ունեն: 3 ուսանող երկրորդ լուծարքով մարել է կուտակած պարտքերը:
Որոշվեց մինչև 12 կրեդիտ կուտակած ակադեմիական պարտքերի վերահանձնման գործընթացի կազմակերպման ընթացքի մասին Ն.Առուշանյանի հաղորդումն ընդունել ի գիտություն: