- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Արշակ Չոպանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված հայագիտական միջազգային գիտաժողով
2022թ. հոկտեմբերի 7-8-ին կայացավ 20-րդ դարի գրական, հասարակական ու մշակութային նշանավոր գործիչ Արշակ Չոպանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված հայագիտական միջազգային գիտաժողով, որը համատեղ կազմակերպել էին ԵՊՀ-ի՝ ակադեմիկոս Հրանտ Թամրազյանի անվան հայ գրականության պատմության ամբիոնը և ԵՊՀ ԻՄ-ի հայոց լեզվի և գրականության ամբիոնը:
Գիտաժողովի նպատակն էր մեկ անգամ ևս գնահատելու բազմաբեղուն անվանի գիտնականին և բացահայտելու նրա վաստակը հայ միջնադարյան գրականության ուսումնասիրության, առհասարակ հայագիտության տարբեր ոլորտների զարգացման գործում, վերստին արժևորելու մեծ մտավորականի նվիրական կերպարը հայ մշակույթի տարածման, քարոզչության, ինչպես նաև հայությանը օտար ժողովուրդների մշակույթը ներկայացնելու ասպարեզում:
Գիտաժողովի նիստերն անցկացվեցին 2 օր, առաջին օրը՝ Ե.Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի դահլիճում, երկրորդ օրը՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում:
Հոկտեմբերի 7-ին ողջույնի և բացման խոսքով հանդես եկան Ե.Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն, բ․գ․թ․ Վահագն Սարգսյանը և ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դոցենտ, բ․գ․թ․ Վաչագան Ավագյանը, այնուհետև ներկայացվեցին զեկուցումները:
Հոկտեմբերի 8-ին ԵՊՀ ԻՄ-ում գիտաժողովին բացման խոսք ասաց Հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, նիստը վարող, բ.գ.թ., դոցենտ Վաչագան Ավագյանը՝ ողջունելով բոլոր մասնակիցներին ու ներկաներին, անդրադառնալով գիտաժողովի նպատակին, Երևանում և Իջևանում դրա անցկացման կարևորությանը:
Ողջույնի խոսքով հանդես եկավ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար, ֆ.մ.գ.թ., դոցենտ Անուշավան Մակարյանը՝ երիտասարդ սերնդի կրթության և դաստիարակության գործում մեծապես կարևորելով նման գիտական միջոցառումների իրականացումը, ընդգծելով, որ Արշակ Չոպանյանի պես խոշոր մտավորականի, ազգանվեր, իսկական հայի կերպարն իրավամբ կարող է վառ օրինակ ծառայել մեր ուսանողների համար: Գիտաժողովի աշխատանքներին բարի ընթացք և մասնակիցներին հաջողություն մաղթեց պարոն Մակարյանը:
Բացման և ողջույնի խոսքերին հաջորդեցին մասնակիցների զեկուցումները: Հայագիտական միջազգային երկօրյա գիտաժողովում զեկուցումներով հանդես եկան Պետրոս Դեմիրճյանը, Նաիրա Բալայանը, Անի Եղիազարյանը, Մարգարիտա Խաչատրյանը, Հասմիկ Ամիրջանյանը, Կարինե Առաքելյանը, Սեդա Մավյանը, Քրիստինա Աբրահամյանը, Խաչատուր Վարդանյանը, Աբգար Ափինյանը, Հայկանուշ Մեսրոպյանը, Վաչագան Ավագյանը, Քնարիկ Ավետիսյանը, Արծուի Բախչինեանը և Վարդան Մատթէոսեանը, Քրիստինե Դադյանը, Ռուզան Միրզոյանը, Միրա Կարապետյանը, Էմմա Թեմրազյանը: Ներկայացված զեկուցումները վերաբերում էին հայ մշակույթի երախտավոր Արշակ Չոպանյանի ազգային-հասարակական գործունեությանը, գեղարվեստական գործերին, թարգմանչական աշխատանքներին, գիտական, մասնավորապես՝ բանասիրական և գրաքննադատական ուսումնասիրություններին (մանրամասն տե՛ս Գիտաժողովի ծրագիրը):
Զեկուցումներում արծարծված հարցերի վերաբերյալ ծավալվեց հետաքրքիր քննարկում: