- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Զբոսաշրջության ոլորտի գործատուների և միջազգային փորձագետի հետ հանդիպում ԵՊՀ ԻՄ-ում
«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղը (ԵՊՀ ԻՄ)՝ ի դեմս տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանի, և Զբոսաշրջության և քաղաքաշինության բարեգործական հիմնադրամը («ԳոԹուԴիլի»)՝ ի դեմս Անի Ավանեսովայի, հոկտեմբերի 21-ին կնքեցին համագործակցության հուշագիր՝ նպատակ ունենալով նպաստելու Դիլիջանում զբոսաշրջության ոլորտի կայուն զարգացմանը կրթության, փորձի փոխանակման և փոխօգնության միջոցով:
Կնքված հուշագրով կողմերն ամրագրեցին իրենց պատրաստակամությունը իրականացնելու համատեղ միջոցառումներ, զբոսաշրջության ոլորտի գիտահետազոտական և կրթական նախագծեր, ուսանողների համար գործնական դասընթացներ և այլն:
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ էին այցելել «ԳոԹուԴիլի»-ի ղեկավար Անի Ավանեսովան, զբոսաշրջային պրոդուկտների զարգացնող Անի Հովհաննիսյանը, “Farmer to Farmer Armenia” ծրագրի ղեկավար Մակրիտա Ավջյանը և միջազգային ծրագրերի կառավարման մասնագետ, տուրիզմի և հյուրընկալության ոլորտի մասնագետ, տուրիզմի կառավարման դասախոս և խորհրդատու Ջոն Հիֆըրը:
ԵՊՀ ԻՄ-ում գործող Գիտելիքի նորարարական հաբում հյուրերն անցկացրին «Ագրոտուրիզմի ներուժը և զբոսաշրջության զարգացման հնարավորությունները Հայաստանում» թեմայով դասընթաց, որին մասնակցեցին ԵՊՀ ԻՄ-ի տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի վարիչ, ա.գ.թ., պրոֆեսոր Գ.Հովհաննիսյանը, ամբիոնի դասախոսներ, «Զբոսաշրջություն» մասնագիտության ուսանողներ:
Հանդիպման ընթացքում ներկայացվեցին հիմնադրամի գործունեության ուղղությունները, մասնավորապես նշվեց, որ “GoToDili DMO”-ն (Destination Management organization)՝ Զբոսաշրջության և քաղաքաշինության բարեգործական հիմնադրամը, զբաղվում է Դիլիջան համայնքի՝ որպես զբոսաշրջային ուղղության մարքեթինգով, ճանաչելիության բարձրացմամբ, զբոսաշրջային հոսքերի կառավարմամբ, նոր զբոսաշրջային արդյունքների ստեղծմամբ, զբոսաշրջության ապակենտրոնացմամբ և այլ գործառույթներով, որոնք ուղղակիորեն կապված են ուղղության վերարժեքավորման և լավագույն դիրքավորման հետ զբոսաշրջային շուկայում:
Ընդգծվեց, որ կազմակերպությունը սկզբունքորեն է վերաբերվում տեղացիների հետ աշխատանքին, ինչպես նաև կայուն զբոսաշրջության հիմնաքարերից մեկը համարում է համայնքների կրթության մակարդակի բարձրացումը:
Ներկայացվեց, որ GoToDili -ի և “Farmer to Farmer Armenia” ծրագրի համագործակցության շնորհիվ Դիլիջան հրավիրվեց ԱՄՆ-ից զբոսաշրջության փորձագետ Ջոն Հիֆըրը, ով ունեցավ մի շարք հանդիպումներ տեղական ինքնակառավարման մարմինների հետ և աշխատեց Թեղուտ, Հաղարծին, Հովք, Գոշ, Աղավնավանք և Խաչարձան համայնքների մի շարք շահառուների հետ՝ վերջիններիս կարողությունները զբոսաշրջության ոլորտում ուժեղացնելու նպատակով: «Որպես կայուն, հասանելի և ինստիտուցիոնալ տուրիզմը խրախուսող կազմակերպություն և ունենալով արդեն իսկ ստորագրված փոխհամագործակցության հուշագիր ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հետ՝ կազմակերպեցինք փորձագետ Հիֆըրի այցը համալսարան, որն ուղեկցվեց Հայաստանում զբոսաշրջության զարգացման հնարավորություններին վերաբերող կարճատև դասընթացով», - նշեց հիմնադրամի ներկայացուցիչը: