- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Գիտաճանաչողական այցեր՝ պատմաբանի օրվա առթիվ
ԵՊՀ պատմության ֆակուլտետի ՈՒԳԸ նախաձեռնությամբ 2012թ. որոշվեց դեկտեմբերի 4-ը՝ հայ անվանի պատմաբան, լեզվաբան, աստվածաբան և մանկավարժ Միքայել Չամչյանի ծննդյան օրը, նշել որպես պատմաբանի օր:2022թ. դեկտեմբերի 4-ին՝ իրենց մասնագիտական տոնի առթիվ, ԵՊՀ ԻՄ-ի տնօրենության նախաձեռնությամբ «Պատմություն» կրթական ծրագրի 1-4-րդ կուրսերի ուսանողները նույն կրթական ծրագրի ղեկավար, պ.գ.թ., դոցենտ Ն.Գրիգորյանի ուղեկցությամբ այցելեցին Հայաստանի պատմության թանգարան, Ազգային պատկերասրահ և «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան:
Հայաստանի պատմության թանգարանում` պատմամշակութային, գիտահետազոտական խոշոր կենտրոնում, մեր ուսանողները ծանոթացան հայ ժողովրդի` հին քարե դարից մինչև նորագույն ժամանակաշրջանի պատմության բազմաթիվ ցուցանմուշներին:
Նրանք շրջեցին նաև Հայաստանի ազգային պատկերասրահում` հմայվելով հայ և արտասահմանայան արվեստի նմուշներով: Պատկերասրահի 56 ցուցասրահներում ներկայացված հավաքածուն ընդհանուր պատկերացում է տալիս ազգային կերպարվեստի և դեկորատիվ-կիրառական արվեստի պատմության մասին, ինչպես նաև ներկայացնում է արտասահմանյան երկրների արվեստը հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը:
Ուղևորության հաջորդ նպատակակետը «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանն էր, որտեղ ապագա պատմաբանները ծանոթացան երեք նշանավոր հնավայրերից (Արին բերդ, Կարմիր բլուր և Շենգավիթ) հայտնաբերված նյութական մշակույթի մնացորդներին և գտածո նմուշներին: «Էրեբունի» թանգարանի հավաքածուն կազմում են վերոնշյալ 3 հնավայրերից, ինչպես նաև Հայաստանի տարբեր շրջաններից դիպվածով կամ պարբերաբար իրականացվող պեղումների շնորհիվ հայտնաբերված նախաուրարտական, ուրարտական, աքեմենյան, հելլենիստական և վաղ հայկական ժամանկաշրջաններին վերաբերող ավելի քան 12758 հնագիտական առարկաներ` խմբավորված 161 հավաքածուներում: Թանգարանի մշտական ցուցադրությունը ներկայացնում է Վանի թագավարության պատմությունը, զարգացած տնտեսությունը, ճարտարապետությունն ու կերպարվեստը, ոռոգման և ամրաշինական համակարգերը, շինարարական տեխնիկան, որմնանկարչությունը, խեցեգործությունը և այլ բնագավառներում պետության առաջընթացի մասին վկայող նյութեղեն ապացույցնները:
Վերջում ուսանողները ծանոթացան ՀՀ հնագիտական ժառանգության՝ Երևանի հարավարևելյան ծայրամասում տեղակայված Արին բերդի բլրի վրա պահպանված ամենանշանավոր հուշարձաններից մեկի՝ Էրեբունի բերդաքաղաքի մնացորդներին: