- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Այսօր Հայոց բանակի կազմավորման 31-ամյակն է
2023թ. հունվարի 28-ը Հայոց բանակի կազմավորման 31-րդ տարեդարձի օրն է:
Հայոց բանակը ստեղծվել է Արցախյան ազատամարտի բովում` երկրապահ-կամավորական ջոկատների հիմքի վրա` դառնալով մեր պատմության նշանակալի ձեռքբերումներից մեկը, հայրենիքի պաշտպանության ու անվտանգության երաշխավորը:
1990 թվականին` Անկախության հռչակագրի ընդունումից հետո, կազմավորվեց Երևանի հատուկ գունդը, Արարատում, Գորիսում, Վարդենիսում, Իջևանում ու Մեղրիում ձևավորվեցին վաշտեր:
1991թ. կառավարության որոշմամբ ստեղծվեց նախարարների խորհրդին առընթեր Պաշտպանության պետական կոմիտեն:
1992թ. հունվարի 28-ին Կառավարությունը ընդունեց որոշում` «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մասին»:
1992-1993 թթ. երկրապահ կամավորական ջոկատների և բանակ զորակոչված զինակոչիկների միավորումով ստեղծվեց շարժունակ և կարգապահ բանակ:
1994թ. հունիսից վերջնականապես ընթացք ստացան բանակաշինության, կայուն զարգացման, զորքերի մարտունակության բարձրացման, կարգապահության ամրապնդման, միջին և բարձր սպայական անձնակազմի պատրաստման ու վերապատրաստման աշխատանքները:
2001 թվականին օրը դարձավ տոն, երբ Տոների և հիշատակի օրերի մասին օրենքում ամրագրվեց որպես Բանակի օր:
Հայոց բանակի կազմավորման 31-րդ տարեդարձի կապակցությամբ ԵՊՀ ԻՄ-ի ղեկավարության, ողջ անձնակազմի և ուսանողության անունից սիրով շնորհավորում ենք հայ ազգին, մաղթում համազգային միասնություն, ուժ և իմաստնություն, մեր բանակին՝ հզորացում, բարձր մարտունակություն և հաղթանակներ, մեր քաջարի զինվորներին՝ դժվարությունները հաղթահարելու անսասան կամք և տոկունություն, անփորձանք ծառայություն և բարի տունդարձ:
Խորին խոնարհում և շնորհակալություն մեր բոլոր հերոսներին, ազատամարտիկներին, հայրենի հողի սուրբ պաշտպաններին, մեր բոլոր զինծառայողներին և զինվորական համալսարանականներին, ովքեր աննկուն պայքար մղեցին հանուն հայրենիքի, հանուն մեր կյանքի, սեփական հողի վրա ազատ ապրելու և արարելու մեր իրավունքի…
Շնորհավո՜ր տոնդ, Հայո՛ց 31-ամյա բանակ, փառք ու պատիվ ձե՛զ՝ Հայոց բանակի արծի՛վ տղաներ….