- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Արգենտինայի ազգային համալսարանի ասիստենտ Ալբերտո Սալվատիերայի այցը մասնաճյուղ
2023թ. հունվարի 27-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ էր այցելել Արգենտինայի ազգային համալսարանի ասիստենտ, ԵՊՀ ԻՄ-ի գործընկեր “Armenian Volunteer Network” (AMVN) / «Հայ կամավորական ցանց» բարեգործական կամավորական կազմակերպության իսպաներեն լեզվի ուսուցման ծրագրերի համակարգող Ալբերտո Սալվատիերան:
Նախ տեղի ունեցավ ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանի և փոխտնօրեն Մհեր Օթարյանի հետ Ալբերտո Սալվատիերայի հանդիպումը, որին մասնակցում էր նաև Օտար լեզուների ամբիոնի ասիստենտ Էմմա Թեմրազյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ համագործակցության վերաբերյալ ծրագրերը: Ա.Սալվատիերան խոսեց իսպաներենի անվճար առցանց դասընթացների մասին, որոնք նա անցկացնում է մեր ուսանողների հետ, և նշեց, որ հաջորդ ուսումնական տարում մտադիր է ավելի երկար ժամանակով այցելել Հայաստան և մի քանի ամիս դեմ առ դեմ աշխատել հայ ուսանողների հետ: Նա ԵՊՀ ԻՄ-ին նվիրեց Եգիպտոսի մասին իր հեղինակած գիրքը, և նշեց, որ նմանատիպ գիրք պատրաստվում է հրատարակել Հայաստանի վերաբերյալ: Ա.Սալվատիերան նաև ներկայացրեց Բոստոնի լրագրերից մեկում Հայոց ցեղասպանության մասին հրատարակված իր հոդվածը («Արգենտինայում ցեղասպանության մասին կրթության խթանումը» թեմայով Ա.Սալվատիերայի կողմից ներկայացված շնորհանդեսի վերաբերյալ հոդվածը տե՛ս հետևյալ հղումով՝ https://armenianweekly.com/2022/05/04/promoting-genocide-education-in-argentina/:
Ա.Մակարյանը շնորհակալություն հայտնեց Ա.Սալվատիերային՝ Հայաստանի և հայ ժողովրդի ճակատագրի նկատմամբ նրա ցուցաբերած վերաբերմունքի և ուշադրության, մասնավորապես՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ նրա ուսումնասիրության համար, պատրաստակամություն հայտնեց աջակցելու ուսումնասիրվող թեմայով անհրաժեշտ մասնագիտական գրականության և տեղեկատվության ձեռքբերման հարցում և համոզմունք արտահայտեց արդյունավետ փոխհամագործակցությունը խորացնելու և զարգացնելու ուղղությամբ:
Հանդիպման վերջում ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանը Կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների աշխատանքներից մեկը (Հաղարծնի վանական համալիրի պատկերով) մասնաճյուղի անունից նվիրեց Ա.Սալվատիերային:
Այնուհետև Ալբերտո Սալվատիերան ԵՊՀ ԻՄ-ի անգլերենի ռեսուրս կենտրոնում մեր ուսանողների համար անցկացրեց 2021թ. սեպտեմբերից մեկնարկած իսպաներենի վեցամսյա առցանց դասընթացի հերթական դասը՝ այս անգամ դեմ առ դեմ: Դասընթացին մասնակցող ուսանողների խումբը ձևավորվել է օգոստոսից, «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության ուսանողներից:
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ կատարած այցի վերջում արգենտինացի հյուրի համար կազմակերպվեց էքսկուրսիա դեպի Գոշավանք և Հաղարծնի վանական համալիր՝ Է.Թեմրազյանի և իսպաներենի դասընթացի ուսանողական խմբի մասնակցությամբ:
Նշենք, որ Ալբերտո Սալվատիերան Հայաստանում է գտնվում ս.թ. հունվարի 16-ից: Այցի հիմնական նպատակն է ոչ առցանց դասեր անցկացնել իսպաներեն լեզվի դասընթացների մասնակից հայ ուսանողների հետ, ինչպես նաև ծանոթանալ Հայաստանին, հայոց պատմությանն ու հայկական մշակույթին:
Արգենտինացի երիտասարդ դասախոսի մասնագիտացումը մարդու իրավունքների ոլորտն է, և Հայաստան այցից հետո նա պատրաստվում է հրատարակել Հայոց ցեղասպանությանը նվիրված իր մենագրությունը:
Նա եղել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր-թանգարանում, Մատենադարանում, Օպերայում, Էջմիածնի վանական համալիրում, Խոր Վիրապում, Տառերի պուրակում (Հայոց այբուբենի հուշարձան): Դեմ առ դեմ դասեր է անցկացրել «Գլաձոր» համալսարանի և Երևանի պետական հումանիտար քոլեջի ուսանողների հետ:
Ջերմությամբ ու անկեղծությամբ են համակված հարցազրույցներից մեկում (հարցազրուցավար՝ Էլիզա Հովհաննիսյան, թարգմանիչ՝ Լիլիթ Սահակյան) հայ ժողովրդի նկատմամբ Ալբերտո Սալվատիերայի արտահայտած վերաբերմունքն ու Հայաստան կատարած այցի մասին տպավորությունները. «Անկեղծ ասած՝ ես երբեք չեմ մտածել, որ Հայոց ցեղասպանությունն ուսումնասիրելը կփոխի իմ կյանքը, կփոխի իմ զգալու և ներգրավվելու ձևը, բայց ամենից առաջ՝ աշխարհն ու մարդկությանը հասկանալու իմ ձևը: Այն, ինչ սկսվեց որպես ակադեմիական հետաքրքրություն, դարձավ կյանքիս էական մասը: Թեև ես ինձ համարում եմ սառը և ուժեղ անձնավորություն, Ցեղասպանության ուսումնասիրությունը և իմ այցը Հայաստան բառիս բուն իմաստով հոգուս խորքում ինձ մարդկայնացրել են: Բառերը բավարար չեն շնորհակալություն հայտնելու այս ազգին՝ ի դեմս այն մարդկանց, ում հետ առնչվել եմ… շնորհակալություն հայտնելու առ այն, որ իրենց սրտերն ու դռներն են բացել իմ առաջ և ստիպել են ինձ զգալ որպես իրենցից մեկը: Թո՛ղ Աստծո օրհնությունը միշտ լինի Հայաստանի հետ: Խաղաղություն եմ մաղթում տոկունության օրինակ մեր Հայաստանին»: