- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- 16 երկրից 215 մասնակից՝ «Սոցիալ-մանկավարժական նորարարությունները կրթության մեջ» միջազգային գիտագործնական 2-րդ համաժողովում
2023թ. ապրիլի 15-16-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղն առկա և առցանց ձևաչափով իրականացրեց «Սոցիալ-մանկավարժական նորարարությունները կրթության մեջ» երիտասարդ գիտնականների միջազգային գիտագործնական 2-րդ համաժողովը, որին մասնակցեցին բակալավրիատի և մագիստրատուրայի տարբեր մասնագիտությունների ուսանողներ, երիտասարդ դասախոսներ և գիտնականներ՝ 62 համալսարանի 215 ներկայացուցիչներ 16 երկրից (Հայաստան, Ալժիր, Բելառուս, Վրաստան, Իրաք, Իրան, Ղազախստան, Ղրղզստան, Չինաստան, Լեհաստան, Ռուսաստան, Տաջիկստան, Թաթարստան, Ուզբեկստան, Ուկրաինա, Ֆինլանդիա):
Միջազգային համաժողովի լեզուներն էին հայերենը, ռուսերենը, անգլերենը:
Համաժողովի նպատակն էր ուսանողական հետազոտությունների խթանումը, ուսանողների՝ մագիստրոսների, ասպիրանտների ստեղծագործական ներուժի բացահայտումը, ուսանողների և դասախոսների ներբուհական և միջբուհական համագործակցության զարգացումը, երիտասարդության ուշադրության կենտրոնացումը ժամանակակից մանկավարժական հետազոտությունների կարևորության վրա:
Բացման և ողջույնի խոսքով հանդես եկան համաժողովի կազմկոմիտեի նախագահ, ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար, ֆ.մ.գ.թ., դոցենտ Անուշավան Մակարյանը, կազմկոմիտեի նախագահի տեղակալ, նախագծի հեղինակ, ԲԳՌԱ պրոֆեսոր, ԵՊՀ ԻՄ-ի օտար լեզուների ամբիոնի պրոֆեսոր, մ.գ.թ. Սվետլանա Մինասյանը: Միջազգային գործընկերներից ողջույնի խոսք ասացին Տ․ Ն․ Բոկովան (մ.գ.դ., ՌՀԸ պրոֆեսոր, ՏԳՏ պրոֆեսոր, ՄՔՄՀ Օտար լեզուների ինստիտուտի փոխտնօրեն, Մոսկվա, Ռուսաստան), Ա. Ա. Եվտյուգինան (մ.գ.դ., պրոֆեսոր, Ռուսաց և օտար լեզուների ամբիոնի վարիչ, ՌԴ պետական պրոֆեսիոնալ-մանկավարժական համալսարան, Եկատերինբուրգ, Ռուսաստան), Տ. Վ. Կուպրինան (մ.գ.թ., Ուրալի՝ Ռուսաստանի առաջին նախագահ Բ. Ն. Ելցինի անվան դաշնային համալսարանի օտար լեզուների և թարգմանչության ամբիոնի դոցենտ, Եկատերինբուրգ, Ռուսաստան), Ն. Ա․ Բոժենկովան (բ.գ.դ., ԴՊԲԲԿՈՒՀ, Ա․ Ս․ Պուշկինի անվան ռուսաց լեզվի պետական ինստիտուտի բանասիրության ֆակուլտետի ընդհանուր և ռուս լեզվաբանության ամբիոնի պրոֆեսոր, Մոսկվա, Ռուսաստան), Ա. Գ. Բերմուսը (մ.գ.դ., պրոֆեսոր, ԲԿ ՊԴԻԿՀ (ФГАОУ ВО) մանկավարժական գիտությունների և կրթության ամբիոնի վարիչ, Հարավային դաշնային համալսարան, Դոնի Ռոստով, Ռուսաստան), Է․ Կ․ Շարիպովան (ՌԲԱ ակադեմիկոս, փ.գ.դ., Օշի ՊՀ միջազգային կրթական ծրագրերի բարձրագույն դպրոցի պրոֆեսոր, Օշ, Ղրղզստան), Ն․ Ա․ Շերմուհամեդովան (փ.գ.դ., պրոֆեսոր, Փիլիսոփայության և հոգևորության հիմունքների ամբիոնի վարիչ, Միրզո Ուլիթբաևի անվան Ուզբեկստանի ազգային համալսարան, Տաշքենդ, Ուզբեկստան), Վ. Վ. Բույլովը (փիլիսոփայության դոկտոր, Փիլիսոփայության ֆակուլտետի հումանիտար գիտությունների բաժանմունքի ռուսաց լեզվի և թարգմանության ամբիոնի պրոֆեսոր, Արևելյան Ֆինլանդիայի համալսարան, Հելսինկի, Յոենսուու, Ֆինլանդիա):
Տիկին Ս.Մինասյանը մասնավորապես նշեց, որ այսօր կրթությունը պետք է զարգացնի առաջնահերթ ոլորտները, մասնավորապես՝ երիտասարդական լաբորատորիաների, քննարկումների հարթակների մոդելների ստեղծում և մշակում, ուսուցիչների գործնական վերապատրաստման համակարգի ձևավորում, մշակութային և հումանիտար ոլորտում գործընկերության և համագործակցության մոդելի ձևավորում և տեխնոլոգիաների նախագծում: Մասնակիցների հոդվածներն ապացույցն են այն բանի, որ եկել է կրթադաստիարակչական ծրագրեր քննարկելու, կոնկրետ խնդիրների ու հարցերի շուրջ գիտական բաց քննարկումներ նախաձեռնելու ժամանակը: Համաժողովների ընթացքում ստեղծելով քննարկումների հարթակներ՝ մենք հնարավորություն ենք տալիս առաջին հերթին հաղթահարել սոցիալական և գիտական մեկուսացումը: Քննարկման ոլորտը նպատակաուղղված է հումանիտար գիտությունների բնագավառում ճշգրիտ գիտությունների հետ մեկտեղ նոր մոտեցումներ, մոդելներ, հետազոտական տեխնոլոգիաներ գտնելուն, համատեղ և ինքնատիպ կրթական նախագծեր մշակելուն: Համաժողովի քննարկման հարթակը հնարավորություն կտա հասկանալ, թե ինչն է այսօր արդիական կրթության մեջ և ինչպես հասնել ակնկալվող նպատակին (Ս.Մինասյանի ողջույնի խոսքը տե՛ս այստեղ):
Միջազգային համաժողովում ներկայացված աշխատանքները վերաբերում էին մասնագիտական-մանկավարժական կրթության զարգացման ներկա և ապագա միտումներին, նորարարական սկզբունքներին, մոտեցումներին և տեխնոլոգիաներին, կրթության մեջ տեղեկատվական տեխնոլոգիաներին, լեզվի, գրականության և մշակույթի դերին, լեզուների և մշակույթների դասավանդման մեթոդիկային, ռուսերենի՝ որպես օտար լեզվի միջմշակութային կրթության հիմք լինելուն, կրթական ծրագրերի նախագծմանը, միջմշակութային հաղորդակցությանը և թարգմանությանը:
Համաժողովի պատշաճ և բարձր մակարդակով կազմակերպման և իրականացման համար ԵՊՀ ԻՄ-ի տնօրենության և ողջ անձնակազմի անունից խորին շնորհակալություն ենք հայտնում միջազգային գիտագործնական համաժողովի բոլոր կազմակերպիչներին և առանձնապես պրոֆեսոր Սվետլանա Մինասյանին, մասնակիցներին և մոդերատոր-համակարգողներին՝ ուսանողների աշխատանքը մեկնաբանելու, մեթոդական ցուցումներ տալու և մասնակիցների հետազոտությունները գնահատելու համար:
Մասնակիցները ստացան հավաստագրեր:
ԵՊՀ ԻՄ-ի պաշտոնական կայքում կարող եք տեսնել համաժողովի ծրագիրը, հոդվածների ժողովածուն (որը ներառում է 215 հոդված) և կազմկոմիտեն (որում ընդգրկված են 13 պրոֆեսորներ՝ տարբեր երկրներից):
Մյուս լուսանկարները տե՛ս Պատկերասրահում: