- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Միջազգային գիտագործնական մրցույթում մեր ուսանողներն արժանացել են 1-ին և 2-րդ կարգի դիպլոմների
2023թ. ապրիլին ամփոփվեցին 2022թ. նոյեմբերի 17-ին Օշի պետական համալսարանում (Ղրղզստան) մեկնարկած և ասպիրանտների, մագիստրատուրայի և բակալավրիատի ուսանողների համար նախատեսված մրցութային միջոցառման՝ «Փիլիսոփայությունը XXI դարում. մարտահրավերներ, արժեքներ, հեռանկարներ» թեմայով միջազգային գիտական սեմինարի (2 փուլով) արդյունքները, որին մասնակցել և հաջողություններ են ունեցել մեր ուսանողները՝ ԵՊՀ ԻՄ-ի «Ռուսաց լեզու և գրականություն» կրթական ծրագրի 2-րդ կուրսի ուսանողուհիներ Մարիամ Դարբինյանը և Նազելի Եսայանը:
Առաջին փուլում Մարիամ Դարբինյանը ներկայացրել է «Երեխաների անօթևանությունը որպես սոցիալական խնդիր», իսկ Նազելի Եսայանը՝ «Համամարդկային արժեքների զարգացումը մատաղ սերնդի մոտ» թեմայով զեկուցում:
Առաջին փուլի արդյունքների համաձայն՝ Մարիամ Դարբինյանն արժանացել է առաջին, իսկ Նազելի Եսայանը՝ երկրորդ կարգի դիպլոմի:
Մինչև 2023թ. ապրիլն ուսանողները Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի պրոֆեսոր, ԵՊՀ ԻՄ-ի օտար լեզուների ամբիոնի պրոֆեսոր, մ.գ.թ. Սվետլանա Մինասյանի գիտական ղեկավարությամբ աշխատել են նոր զեկուցումների մշակման վրա:
2023թ. ապրիլի 11-ին տեղի ունեցավ «Համընդհանուր մարտահրավերները ժամանակակից աշխարհում. փիլիսոփայության զարգացման միտումներն ու հեռանկարները» միջազգային գիտագործնական համաժողովի երկրորդ փուլը, որի ընթացքում Մարիամ Դարբինյանը հանդես եկավ «Հումանիտար ոլորտում նախագծման ձևավորման փուլերը (մանկավարժական գիտական հետազոտությունների նյութի հիման վրա)» թեմայով, իսկ Նազելի Եսայանը՝ «Մանկավարժական էթիկան փիլիսոփայական մշակույթի ոլորտում» թեմայով զեկուցմամբ:
Ավելի ուշ հրապարակված մրցույթի արդյունքների համաձայն՝ Նազելի Եսայանը հավաքել է 155 միավոր, իսկ Մարիամ Դարբինյանը՝ 144 միավոր: Ըստ այդմ՝ Նազելի Եսայանն արժանացել է առաջին կարգի, իսկ Մարիամ Դարբինյանը՝ երկրորդ կարգի դիպլոմի:
Ուսանողների հետ անցկացված հարցազրույցի ընթացքում Մարիամ Դարբինյանը և Նազելի Եսայանը համաժողովին իրենց մասնակցության և ունեցած հաջողությունների վերաբերյալ մասնավորապես նշեցին. «Ցանկանում ենք մեր երախտագիտությունը հայտնել կազմակերպիչներին իրենց կատարած հսկայական աշխատանքի և նման լայնածավալ նախագծին մասնակցելու հնարավորության համար: Մենք հպարտ ենք, որ այս դժվարին մրցույթում այսքան բարձր միավորներ ենք վաստակել: Ցանկանում ենք նաև մեր անկեղծ երախտագիտությունը հայտնել մեր գիտական ղեկավար Սվետլանա Մինասյանին՝ համաժողովի նախապատրաստման գործում նրա արժեքավոր աջակցության համար: Նրա մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները, ինչպես նաև նրա աջակցությունն ու մոտիվացիան շատ կարևոր են եղել մեր հաջողության համար: Մենք շատ ուրախ ենք, որ հնարավորություն ունենք աշխատելու նման հրաշալի ղեկավարի հետ և խորապես հարգում ենք նրա պրոֆեսիոնալիզմն ու նվիրվածությունը գիտությանը: Շատ շնորհակալ ենք, Սվետլանա՛ Միխայլովնա»:
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ղեկավարության և ողջ անձնակազմի անունից մենք էլ սիրով շնորհավորում ենք, շարունակական վերելքներ, հաջողություններ ենք մաղթում մեր ուսանողներին և մեծ շնորհակալություն հայտնում նրանց գիտական ղեկավար Սվետլանա Մինասյանին: