- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սաները մասնաճյուղում
2023թ. ապրիլի 29-ին ճանաչողական այցով ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում հյուրընկալվել էին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի 8-10-րդ դասարանի աշակերտները՝ ԵՊՀ ԻՄ-ի պրակտիկայի կազմակերպման և շահակիցների հետ համագործակցության բաժնի վարիչ Լ.Բեգինյանի, նույն բաժնի տեսուչ Ա.Սարգսյանի և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուսուցիչներ Ա.Մարտիրոսյանի, Թ.Սիմոնյանի և Ն.Հարությունյանի ուղեկցությամբ:
Ճանաչողական այցը սկսվեց ԵՊՀ ԻՄ-ում գործող Գիտելիքի նորարարական հաբից, որտեղ դպրոցականները ստացան տեղեկատվություն կենտրոնի գործունեության, Տավուշի մարզի համայնքներին առաջարկվող ծրագրերի, իրականացվող դասընթացների մասին:
Աշակերտների հետաքրքրությունների շրջանակն ընդգրկում էր բնական գիտությունների ոլորտը: Դպրոցականները հանդիպեցին Ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ, տեխ. գ. թ., դոցենտ Ա.Հովակիմյանի, տեխ. գ. թ., դոցենտ Ռ.Յոլչյանի, ասիստենտ Մ.Ճաղարյանի հետ: Դասախոսները դպրոցականներին ներկայացրին ԵՊՀ ԻՄ-ի բնական գիտությունների ֆակուլտետում իրականացվող «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» կրթական ծրագիրը և աշխատաշուկայում վերջինիս ունեցած պահանջարկը, ֆակուլտետում առկա նյութատեխնիկական ռեսուրսները, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ժամանակակից նախագծերը և զարգացման հեռանկարները:
Աշակերտները, մեծ հետաքրքրությամբ լսելով բուհի ներկայացուցիչներին, դասախոսներին և ուսանողներին, ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը, ստացան խորհուրդներ, որոնք հիմնականում վերաբերում էին ծրագրավորման և ռոբոտաշինության ոլորտներում ուսումնառության համար կարևոր համարվող հանրակրթական առարկաներին: Ուսանողները դպրոցականներին ներկայացրին իրենց փորձը, ուսանողական առօրյան, ցուցադրեցին իրենց հետազոտական աշխատանքները, որոնք մեծ հետաքրքրություն առաջացրին աշակերտների մեջ:
Այս այցելությունները, որոնք կրում են պարբերական բնույթ, նպաստում են դպրոց-համալսարան կապի զարգացմանը, դպրոցականներին հնարավորություն են տալիս մոտիկից ծանոթանալու համալսարանական կրթությանը և ուսանողական առօրյային: