- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- ԱՅՍՕՐ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՀԱՂԹԱՆԱԿԻ 79-ԱՄՅԱԿՆ Է
2024 թ. մայիսի 9-ին լրանում է Հայրենական մեծ պատերազմում ֆաշիստական Գերմանիայի զավթիչների դեմ Խորհրդային Միության ժողովուրդների մղած ծանրագույն պատերազմում անասելի զրկանքների ու կորուստների գնով տարած Հաղթանակի 79-ամյակը:
Այդ հաղթանակի կերտման գործում անհերքելի է հայ ժողովրդի ունեցած ներդրումը: Երկրորդ համաշխարհային պատերազմին, ընդունված տվյալների համաձայն, ԽՍՀՄ-ից մասնակցել է շուրջ 600 հազար հայ, ընդ որում՝ մոտ 300 հազարը՝ Հայկական ԽՍՀ-ից, որը մեր հանրապետության այն ժամանակվա բնակչության 22 տոկոսն էր կազմում: Պատերազմին մասնակցած հայորդիների գրեթե կեսն էլ կյանքի գնով է կռել հաղթանակը:
Երկրորդ աշխարհամարտի ժամանակ տարբեր ճակատներում կռվել են հայկական 6 և գլխավորապես հայերից կազմված 7 դիվիզիաներ: Այդ պատերազմում հայ ժողովուրդը տվել է 4 մարշալ՝ Հովհաննես Բաղրամյան, Համազասպ Բաբաջանյան, Սերգեյ Խուդյակով, Սերգեյ Ագանով, և 1 ծովակալ՝ Հովհաննես Իսակով: Մոտ 70 հայ գեներալներ ղեկավարել են դիվիզիաներ և ավելի մեծ միավորումներ:
104 (այլ տվյալների համաձայն՝ 106) հայ և ՀԽՍՀ ներկայացուցիչ ստացել է ԽՍՀՄ հերոսի կոչում (Հովհաննես Բաղրամյանը և Նելսոն Ստեփանյանը՝ կրկնակի հերոսի կոչում), 27-ը դարձել է «Փառքի շքանշանի» լրիվ ասպետ (հավասարազոր է Հերոսի կոչմանը), իսկ շքանշաններով ու մեդալներով պարգևատրվել է շուրջ 80.000 հայ մարտիկ:
Գեներալներ, դիվիզիաների, գնդերի, մարտական խոշոր ստորաբաժանումների հրամանատարներ, մարտական սպաներ, ռազմական օդաչուներ ու հարյուր հազարավոր մարտիկներ, այլ խոսքով՝ հայ ժողովրդի զավակներ, սերմնացաններ, որոնք չվերադարձան տուն…
Հայկական 6 դիվիզիաներից միայն մեկն էր մնացել հանրապետությունում՝ սովետա–թուրքական սահմանի պահպանության և Հիտլերի դաշնակից Թուրքիայի ենթադրվող ագրեսիային դիմագրավելու համար:
Մյուս հայկական դիվիզիաները, որոնցից ամենահայտնին համարվում է 89-րդ Թամանյանը, լիարժեք մասնակցել են ՀՄՊ ընթացքին` Կովկասից հասնելով մինչև Բեռլին, Կուրլանդիա, Ավստրիա, մասնակցել Ստալինգրադի, Կուրսկի ճակատամարտերին, ազատագրական գործողություններին:
Հայ ժողովրդի բազմաթիվ ներկայացուցիչներ եվրոպական երկրներում՝ Ֆրանսիայում, Բուլղարիայում, այլուր, ԽՍՀՄ օկուպացված հատվածում ակտիվ մասնակցել են պարտիզանական պայքարին, դիմադրության շարժմանը, դարձել այդ երկրների ազգային հերոսներ:
ԱՄՆ-ում այդ շրջանում հաստատված մոտ 200 հազար հայերից շուրջ 20 հազարը արդեն ամերիկյան զորքերի կազմում հերոսաբար պայքարել է Երկրորդ աշխարհամարտի մարտադաշտերում՝ Պերլ Հարբորում, Իտալիայի ազատագրման համար մղված ճակատամարտերում:
Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակը, ըստ էության, ԽՍՀՄ բոլոր ժողովուրդների, դաշնակից պետությունների, մեր բոլորի հաղթանակն է:
Փառք ու պատիվ մեր հին ու նոր հաղթանակների կերտողներին, մեր բոլոր հերոսներին…