- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Կայացավ «Մեկ հայրենիք, մեկ նպատակ» հայրենաճանաչողական ծրագրի մասնակիցների աշխատանքների ցուցահանդեսը
2023թ. մայիսի 18-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ «Մունետիկ» հասարակական կազմակերպության կողմից իրականացված «Մեկ հայրենիք, մեկ նպատակ» հայրենաճանաչողական ծրագրի մասնակիցների աշխատանքների ցուցահանդեսի հանդիսավոր բացումը:
Ցուցահանդեսի բացմանը մասնակցում էին ԿԳՄՍՆ երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Զարա Ասլանյանը, նույն վարչության ավագ մասնագետ Նարինե Հովհաննիսյանը, «Մունետիկ» հասարակական կազմակերպության նախագահ Հրաչ Համբարձումյանը, ծրագրի նախաձեռնող խումբը, ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանը, Կիրառական արվեստի ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Վահան Աղաբաբյանը, դասախոսներ, ուսանողներ, հյուրեր, այլ արվեստասերներ:
Ողջույնի և բացման խոսքով հանդես եկան «Մեկ հայրենիք, մեկ նպատակ» ծրագրի կազմակերպիչ Հ.Համբարձումյանը, ծրագրի արվեստաբան Տ.Համբարձումյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցիչ Զ.Ասլանյանը, ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանը՝ շնորհավորելով բոլոր մասնակիցներին՝ նման կարևոր ծրագրի բարեհաջող ընթացքի և արդյունավետ իրականացման համար, երիտասարդների կրթության, ազգային և հայրենասիրական դաստիարակության գործում ընդգծելով այդպիսի ծրագրերի անհրաժեշտությունը, դրանց դերն ու նշանակությունը, շարունակական բնույթը:
Կազմակերպիչներն իրենց խոսքում հատուկ շնորհակալություն հայտնեցին նաև ԵՊՀ ԻՄ-ի՝ ծրագրին միացած դասախոսներ Դոնարա և Անուշ Չիբուխչյաններին, որոնց անցկացրած վարպետաց դասերի շնորհիվ ցուցահանդեսը համալրվել էր նոր թեմատիկ աշխատանքներով:
Այնուհետև ցուցահանդեսի աջակիցներին ու մասնակիցներին հանձնվեցին շնորհակալագրեր, և այն հայտարարվեց բացված:
Ցուցահանդեսում ներկայացված էին հայրենաճանաչողական ծրագրի մասնակիցների բազմաժանր (գեղանկար, գրաֆիկա, բատիկա և այլն) ստեղծագործությունները, որոնց մեջ մեծ թիվ էին կազմում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողների աշխատանքները:
Ծրագրի մասնակիցները բազում ոճերով և տեխնիկաներով անդրադարձել էին իրենց հետաքրքրող հայրենաճանաչողական թեմաներին՝ ստեղծելով գեղագիտական բարձր որակներով օժտված գործեր: