Հանրապետության գլխավոր զբոսաշրջային դեստինացիայի զբոսաշրջային ռեսուրսների և ենթակառուցվածքների ուսումնասիրման ու գնահատման նպատակով ԵՊՀ ԻՄ-ի առկա ուսուցման «Զբոսաշրջություն» կրթական ծրագրի առաջին կուրսի ուսանողները պրակտիկայի ղեկավար Ա.Ուլիխանյանի  գլխավորությամբ այցելեցին Երևան և Զվարթնոցի տաճար:

Պրակտիկան իրականացվեց հետևյալ երթուղով՝ Իջևան–Զվարթնոցի տաճար–«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան–Հայաստանի պատմության թանգարան–Երվանդ Քոչարի տուն-թանգարան–Կասկադ համալիրի սրահներ–«Ռամադա» հյուրանոց–Բուսաբանական այգի–Իջևան: Երթուղու ընթացքում ուսանողներին ներկայացվեցին մայրաքաղաքի պատմությունը, գլխավոր փողոցները,  զբոսաշրջային ռեսուրսները և ենթակառուցվածքները:

Այցելվող օբյեկտների վերաբերյալ ուսանողները նյութեր էին նախապատրաստել, իսկ այցելության ընթացքում տվյալ օբյեկտները նրանք մասնագիտորեն ուսումնասիրեցին, ներկայացրին և գնահատեցին զբոսաշրջային փաթեթներում  դրանց ընդգրկվածությունը:

Զվարթնոցի տաճարի  ստեղծման պատմությանը, ճարտարապետական լուծմանն ու գեղարվեստական տարրերին ծանոթանալուց հետո ուսանողներն այցելեցին Երևանի թանգարաններ: Այցելությունը սկսեցին «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանից, որտեղ Երևան-Էրեբունու ծննդյան վկայականի սեպագիր արձանագրության  միջոցով ծանոթացան ամրոցի հիմնադրման պատմությանը, ճարտարապետությանը, ռելիեֆներին, որմնանկարների  պահպանված նմուշներին, դեկորատիվ-կիրառական արվեստի  գործերին: Գաֆէսճեան ժամանակակից արվեստի կենտրոնում, որը գտնվում է Կասկադ համալիրում, պրակտիկանտներն ուսումնասիրեցին Ջերարդ Գաֆէսճեանի ժամանակակից արվեստի հավաքածուն, համալիրի սրահների ցուցադրությունները:

Պրակտիկան կազմակերպվել էր «Թանգարանային գիշեր» մշակութային միջոցառման շրջանակներում, որի ընթացքում թանգարաններն ու մշակութային հաստատությունները բաց են մնում մինչև ուշ գիշեր, որը նպաստում է այցելությունների և զբոսաշրջային հոսքերի ավելացմանը: Ըստ այդմ՝ թանգարաններում ուսանողները ոչ միայն ծանոթացան ցուցանմուշներին, այլև դիտարկեցին և գնահատեցին զբոսաշրջիկների հոսքը:

Տարածել նյութը
©2024 Բոլոր իրավունքները պաշտպանված են: