- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Մեր ուսանողները մասնակցեցին ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում անցկացված հոբելյանական միջոցառմանը
ԵՊՀ ԻՄ-ի «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության ուսանողները նույն ամբիոնի ասիստենտ, բ.գ.թ. Ս.Հովհաննիսյանի և բուհի ղեկավարության համատեղ նախաձեռնությամբ ս.թ. մայիսի 29-ին մասնակցեցին ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի արևմտահայերենի, բառարանագրության, ընդհանուր և համեմատական լեզվաբանության բաժինների հոբելյանական միջոցառմանը:
Միջոցառումը, որը կազմակերպվել էր ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհրդի կողմից, բաղկացած էր 3 մասից: Առաջին մասում ելույթ ունեցան նշված բաժինների վարիչներն ու գիտաշխատողները՝ ներկայացնելով 10 տարվա ընթացքում իրականացված աշխատանքներն ու նվաճումները: Երկրորդ մասում ուսանողների գիտական ելույթներն էին, երրորդում՝ հանրակրթական դպրոցի սաներինը:
ԵՊՀ ԻՄ-ի «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության ուսանողները հանդես եկան արևմտահայերենի, ընդհանուր և համեմատական լեզվաբանության, բառարանագրության ուղղություններով գիտական աշխատանքներով:
Երկրորդ կուրսի ուսանողուհի Լիլիթ Թորոսյանը ներկայացրեց գիտական սեփական վերլուծությունը և դիտարկումը այն մասին, թե ինչպիսին կարող է լինել մարդկային լեզվի զարգացումը ապագայում: Ուսանողուհին գործնականում լրացրեց ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի արևմտահայերենի բաժնի աշխատակից և արևմտահայերենի կրող Բէթի Քիլերճյանի դիտարկումը այն մասին, թե հնարավոր է արդյոք արևմտահայերենի հնչյունական համակարգի յուրացում արևելահայի կողմից, և արևմտահայերենի ուղղախոսությամբ ներկայացրեց մշակութային ստեղծագործություն:
Նույն կուրսի ուսանողուհի Մանուշակ Դալլաքյանի ելույթը նվիրված էր հայերենի և ուրարտերենի համեմատությանը, նրանց բառապաշարային զուգադրական վերլուծությանը:
Միջոցառմանն ակտիվ մասնակցություն ունեցան նաև տվյալ մասնագիտության այս տարվա շրջանավարտները:
Նարա Մելքումյանը խոսեց բառարանների ժամանակակից տեսակների, նրանց դերի և նշանակության մասին, ինչպես նաև անդրադարձավ մասնագիտական թերություններով կազմված բառարանների բացասական ազդեցությանը լեզու սովորողների վրա:
Մերի Ստեփանյանն իր ելույթում անդրադարձավ հայրենադարձ արևմտահայերի լեզվական հարմարվողականությանը, արևմտահայերեն-արևելահայերեն հաղորդակցման ընթացքում ի հայտ եկող դժվարություններին, ներկայացրեց արևմտահայերենի կրողի հետ իրականացրած սեփական հետազոտության արդյունքները, ինչպես նաև ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի գիտաշխատողներին հարց ուղղեց արևմտահայերենի ուսումնասիրության արդի հիմնախնդիրների մասին:
Միջոցառումն ամփոփվեց ինստիտուտի գիտաշխատողների և ուսանողների միջև ծավալված քննարկումով, որը վերաբերում էր հայերենի գրական և բարբառային դրսևորումների հնչերանգային առանձնահատկություններին, խոսքի ազդեցիկության խնդիրներին:
Ուսանողները ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի կողմից նվեր ստացան արևմտահայերենի, բառարանագրության, ընդհանուր և համեմատական լեզվաբանության բաժինների աշխատանքները խորհրդանշող մասնագիտական գրականություն: