- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Մասնաճյուղում կայացավ «Ապրել միասին, սովորել միասին» համադպրոցական ինտելեկտուալ խաղը
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի և «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության միջև կնքված փոխըմբռնման հուշագրի իրականացման շրջանակներում 2023թ. հոկտեմբերի 17-ին ԵՊՀ ԻՄ-ի դահլիճում կայացավ «Ապրել միասին, սովորել միասին» խորագիրը կրող համադպրոցական ինտելեկտուալ խաղը: Այն անցկացնում է «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունը ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից Տավուշի մարզում իրականացվող «Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպմանն օժանդակող ծառայություններ» ծրագրի շրջանակներում:
Ինտելեկտուալ խաղի անցկացումը նպատակ ունի բարձրացնելու համընդհանուր ներառական և որակյալ կրթություն ստանալու իրավունքի իրացման շուրջ հասարակության իրազեկվածության մակարդակը, նպաստելու կրթությանն աջակցող ծառայությունների և ներառականության գաղափարի տարածմանը:
Խաղին մասնակցում էին Իջևան խոշորացված համայնքի 9 դպրոցներ՝ Կայանավանի, Ազատամուտի, Այգեհովիտի, Գանձաքարի, Գետահովիտի միջնակարգ դպրոցները և Դիտավանի, Իջևանի թիվ 3, 4 և 5 հիմնական դպրոցները: Ներկա էին մասնակից դպրոցների սաները, ուսուցիչներ, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողական խորհրդի անդամները:
Խաղն ամփոփվեց Մ․Մարտիրոսյանի անվան Իջևանի թիվ 5 հիմնական դպրոցի թիմի (Խորեն Եգանյան, Սյուզան Մելքումյան, Սիրուշո Մեհրաբյան, Տիգրան Հովսեփյան, Սամվել Դավթյան) հաղթանակով: Հաղթող թիմը ստացավ խրախուսական նվեր (Ռ․ Ջ. Պալացիոյի «Հրաշքը» գիրքը) և արժանացավ պատվոգրի:
Ամենակտիվ և թիմային խաղ ցուցաբերած Այգեհովիտի միջնակարգ դպրոցի թիմը (Նվեր Ղևոնդյան, Արևիկ Սիմոնյան, Էմմա Շահնազարյան, Դավիթ Օհանյան, Մանե Համզյան) արժանացավ շնորհակալագրի և խրախուսական հուշանվերի:
Մասնակից բոլոր դպրոցները ստացան մասնակցության հավաստագրեր:
«Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները համագործակցության և օժանդակության համար հատուկ շնորհակալություն հայտնեցին ԵՊՀ ԻՄ-ի ղեկավարությանը, գեղարվեստական և տեխնիկական մասի ապահովման համար՝ Ուսանողական խորհրդին և պարգևատրեցին շնորհակալագրով: