- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Տնօրենության նիստ
2023թ. հոկտեմբերի 18-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում Ա. Հ. Մակարյանի նախագահությամբ կայացավ տնօրենության նիստ՝ օրակարգային 4 և ընթացիկ 3 հարցերով:
Նիստում քննարկվեցին 2023-2024 ուստարվա 1-ին կիսամյակի հետազոտական աշխատանքների պատրաստման և գնահատման կազմակերպման ընթացքին, պրոֆեսորադասախոսական համակազմի տարակարգերի աշխատողների համար պաշտոնների անձնագրերի վերանայմանը, մասնաճյուղում 2023-2024 ուստարվա 1-ին կիսամյակում պրակտիկաների կազմակերպման ընթացքին, ավարտական աշխատանքների թեմաների հաստատման ընթացքին վերաբերող հարցեր:
Առաջին հարցի մասին նշվեց, որ 2023-2024 ուստարվա 1-ին կիսամյակում առկա ուսուցման համակարգում հետազոտական բաղադրիչ պարունակող դասընթացների թիվը 32 է, հեռակա ուսուցման համակարգում՝ 15: Հետազոտական աշխատանքների պատրաստման և գնահատման կազմակերպման ընթացքը նորմալ է, խնդիրներ չեն արձանագրվել:
Հաջորդիվ ներկայացվեց, որ վերանայվել են պրոֆեսորադասախոսական համակազմի տարակարգերի աշխատողների համար պաշտոնների անձնագրերը: Ըստ այդմ՝ հստակ ամրագրվել են դասախոսի, ասիստենտի, դոցենտի, պրոֆեսորի և ամբիոնի վարիչի պաշտոններին առաջադրվող պահանջները՝ բարձրագույն կրթություն, մասնագիտական և մանկավարժական հմտությունների տիրապետում (մասնագիտական ունակություններ, դասավանդման/մանկավարժական և հետազոտական ունակություններ), աշխատանքային պարտականություններ՝ իրենց դրույթներով հանդերձ:
Մասնաճյուղում 2023-2024 ուստարվա 1-ին կիսամյակում պրակտիկաների կազմակերպման ընթացքի վերաբերյալ նշվեց, որ հաշվետու կիսամյակում, ըստ բակալավրի և մագիստրատուրայի աշխատանքային ուսումնական պլանների, նախատեսված է իրականացնել 13 պրակտիկա, որոնցից 8-ը՝ առկա ուսուցման համակարգում (4 մանկավարժական և 4 ուսումնական), 5-ը՝ հեռակա ուսուցման համակարգում (2 մանկավարժական, 2 մասնագիտական, 1 գիտամանկավարժական): Մինչև այժմ կազմակերպվել են առկա ուսուցման պրակտիկաները, իսկ հեռակա ուսուցման պրակտիկաների անցկացման համար իրականացվում են նախապատրաստական աշխատանքներ:
Մյուս հարցի հետ կապված՝ ներկայացվեց, որ 2023-2024 ուստարվա ավարտական աշխատանքների թեմաները ամբիոններում շտկվել և բերվել են վերջնական տեսքի, որոշ ֆակուլտետների գիտական խորհուրդների նիստերում դրանք արդեն հաստատվել են, որոշներում էլ կհաստատվեն առաջիկայում:
Ընթացիկ հարցերը վերաբերում էին ԵՊՀ ԻՄ տնօրենության՝ 2023-2024 ուստարվա աշխատանքային պլանի մեջ լրացուցիչ հարցեր ավելացնելու մասին առաջարկներին, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողներին ԵՊՀ ԻՄ ընդունելուն և հետագա ուսումնառությունը շարունակելուն, ուսանողների ուսանողական իրավունքների վերականգնմանը:
Առաջին ընթացիկ հարցի մասին նշվեց, որ տնօրենության անդամների կողմից առաջարկվել է ԵՊՀ ԻՄ տնօրենության՝ 2023-2024 ուստարվա աշխատանքային պլանում ավելացնել լրացուցիչ հարցեր: Դրանք հիմնականում վերաբերում են ուսման վարձավճարների փոխհատուցման շրջափոխման (ռոտացիայի) արդյունքներին, տնօրենության նիստերի որոշումների կատարողականին, ուսանողների վարձավճարների չափերին և զեղչերին, ԵՊՀ ԻՄ աշխատակիցների վերապատրաստման գործընթացի պլանավորմանը, պրոֆեսորադասախոսական անձնակազմի ատեստավորման գործընթացի կազմակերպմանը, e-learning համակարգում ծագած խնդիրներին, կամընտրական առարկաների դասընթացների կազմակերպման հարցերին, 2024-2025 ուստարվա ընդունելության նախնական արդյունքներին և խնդիրներին:
Հաջորդ ընթացիկ հարցի կապակցությամբ նշվեց, որ ս.թ. հոկտեմբերի 18-ի դրությամբ ԵՊՀ ԻՄ ընդունվելու և մասնաճյուղում հետագա ուսումնառությունը շարունակելու համար դիմել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 15 ուսանող: ԵՊՀ ԻՄ-ում շարունակվում է Արցախից բռնի տեղահանված ուսանողների ընդունելության գործընթացը: Նոյեմբերի 1-ից առարկայական տարբերությունների հանձնման I փուլն է:
Վերջին հարցի վերաբերյալ նշվեց, որ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հեռակա ուսուցման համակարգի 14 նախկին ուսանողներ դիմել են իրենց ուսանողական իրավունքները վերականգնելու համար: Ուսումնամեթոդական վարչության կողմից ստուգվել է նրանց ներկայացրած փաստաթղթերի համապատասխանությունը «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների հեռացման (ազատման) և վերականգնման» կարգին, որի համաձայն՝ նրանց թույլատրվում է վերականգնել իրենց ուսանողական իրավունքները: