- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- ԵՊՀ ԻՄ-ում վերապատրաստում անցած ուսուցիչների վկայականների հանձնում
2023թ. նոյեմբերի 1-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ հերթական ատեստավորում անցած ուսուցիչների վկայականների հանդիսավոր հանձնումը, որին մասնակցում էին ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանը, փոխտնօրեն Մհեր Օթարյանը, Կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման բաժնի անդամները, վերապատրաստումն իրականացրած պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, վարչական աշխատակիցներ:
Սեպտեմբերի 5-ից հոկտեմբերի 28-ը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում վերապատրաստվել են Տավուշի և Գեղարքունիքի մարզի 19 դպրոցների շուրջ հինգ տասնյակ հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչներ:
Վերապատրաստումն իրականացվել է հետևյալ մոդուլներից` Հանրակրթության բնագավառի օրենսդրություն, Տեղեկատվական հաղորդակցության տեխնոլոգիաներ, Տարիքային հոգեբանություն, Համընդհանուր ներառում, Գնահատում, Դիրքորոշում և արժեք, Առարկայի դասավանդման մեթոդիկա, Հետազոտական աշխատանքներ կատարելու սկզբունքներ:
Հանդիսավոր արարողությունը ողջույնի խոսքով բացեց ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանը: Նա շնորհավորեց վերապատրաստումը հաջողությամբ ավարտած բոլոր ուսուցիչներին՝ համոզմունք հայտնելով, որ ձեռք բերված գիտելիքներն ու հմտությունները կգտնեն նպատակային կիրառություն և արդյունավետ կերպով կներդրվեն մատաղ սերնդի կրթության և դաստիարակության գործում: Պարոն Մակարյանը շնորհակալություն հայտնեց Կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման բաժնին, վերապատրաստում իրականացրած բոլոր դասախոսներին և վերապատրաստված ուսուցիչներին:
Ուսուցիչներին շնորհավորեցին նաև դասընթացավարներ Ասյա Սարգսյանը, Էդվարդ Այվազյանը և Աիդա Մարդանյանը:
Կալավան գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Զվարթ Քեշիշյանը և Դիլիջանի թիվ 6 հիմնական դպրոցի ուսուցչուհի Լուսյա Գյուլումյանը բոլոր ուսուցիչների անունից շնորհակալություն հայտնեցին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղին՝ վերապատրաստումը բարձր մակարդակով կազմակերպելու և իրականացնելու համար: