- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Շնորհավո՜ր ձեր տոնը, սիրելի՛ ուսանողներ
Սիրելի՛ ուսանողներ, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ղեկավարության և ողջ անձնակազմի անունից ջերմորեն շնորհավորում ենք ձեզ Ուսանողության միջազգային օրվա առթիվ:
Մաղթում ենք մասնագիտական և անձնական նշանակալի ձեռքբերումներ, նախաձեռնողականություն, հաստատուն կամք և նպատակասլացություն՝ ձեր ստեղծարար և հետաքրքիր մտահղացումները, երիտասարդական ավյունը, գիտելիքները, կարողությունները և հմտությունները ի նպաստ մեր երկրի բարօրության և առաջընթացի իրացնելու գործում:
Օրեցօր փոփոխվող ու մարտահրավերներով լեցուն այս դարաշրջանում ժամանակին համընթաց քայլելու, համաշխարհային շահերի ու տեսակետների բախման այս խաչմերուկում տանուլ չտալու և խոչընդոտները հաղթահարելու համար առավել քան երբևէ կարևոր է ճկուն մտքով, հիմնավոր գիտելիքներով օժտված, առաջադեմ, կիրթ և զարգացած հասարակություն ունենալը, որի շարժիչ ուժը, ներկայի հույսն ու գալիքի երաշխավորը դու՛ք՝ երիտասարդներդ եք:
Եվս մեկ անգամ շնորհավո՛ր ձեր տոնը, սիրելի՛ ուսանողներ, հաջողություններ և ամենայն բարիք…
Տոնի նախապատմությունը
1939 թ. նոյեմբերի 17-ին ֆաշիստները, շրջափակելով Պրահայի համալսարանի ուսանողական հանրակացարանը, շուրջ 1200 ուսանողների գերեվարեցին համակենտրոնացման ճամբար: Այդ նույն օրը, ըստ տեղեկությունների, ինն ուսանող մահապատժի ենթարկվեց: Պրահայի համալսարանը փակվեց, և շենքն օգտագործվեց Գերմանիայի զավթիչ ուժերի կողմից: Հիտլերի հրամանով Չեխոսլովակիայի բոլոր բուհերը փակվեցին մինչև պատերազմի ավարտը: Այդ բռնություններին ուսանողները փորձեցին հակազդել: Նույն օրը Պրահայի փողոցներում կազմակերպված ցույցով հակաֆաշիստական ուսանողական կոալիցիա ձևավորվեց: Երկու տարի անց՝ 1941 թվականին, եվրոպական տարբեր երկրների ուսանողներ Լոնդոնի ուսանողական միջազգային խորհրդում որոշեցին նոյեմբերի 17-ը նշել որպես Ուսանողության միջազգային օր՝ հիմքում ունենալով ֆաշիզմի դեմ պայքարը:
Հետագայում՝ 1980-ական թվականների երկրորդ կեսին, Պրահայի ուսանողները սկսեցին այդ օրը նշել որպես անկախության օր: 1989թ. նոյեմբերի 17-ի հանրահավաքով էլ սկիզբ դրվեց Չեխոսլովակիայում իրականացված ոչ բռնի հեղափոխության:
Այսօր նոյեմբերի 17-ը համարվում է ուսանողների խորհրդանշական համախմբման օր, որը տոնում են աշխարհի շատ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում: