- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- ԵՊՀ ԻՄ-ում տրվեց հոգեբանական ծառայությունների մեկնարկը
2023 թ. նոյեմբերի 24-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում մեկնարկեց Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին, մարզի բնակիչներին և համալսարանականներին հոգեբանական անվճար ծառայություններ մատուցելու գործընթացը:
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի՝ 2023 թ. նոյեմբերի 9-ի հրամանի համաձայն՝ ԵՊՀ ԻՄ-ում թույլատրվել է կազմակերպել և մատուցել հոգեբանական խորհրդատվական, հոգեթերապևտիկ, անձնային և մասնագիտական զարգացնող բնույթի ծառայություններ մասնաճյուղի ուսանողների, աշխատակիցների ու Տավուշի մարզի բնակիչների համար: Մինչև համապատասխան ստորաբաժանման ձևավորումը ծառայությունների մատուցման աշխատանքների կազմակերպման պատասխանատու է նշանակվել ԵՊՀ ԻՄ-ի մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դասախոս Մերի Տիգրանի Ազիզյանը: Նրա կողմից տնօրենի հաստատմանն է ներկայացվել 2023 թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների համար գործունեության ծրագիր և համապատասխան մասնագետների խմբի կազմը:
Հոգեբանական ծառայությունների մատուցման շրջանակներում ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանը և խմբի ղեկավար Մերի Ազիզյանը հանդիպում ունեցան Արցախից բռնի տեղահանված և իրենց ուսումնառությունը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում շարունակող ուսանողների հետ:
Առաջին հանդիպման ընթացքում Ա. Մակարյանը և Մ. Ազիզյանը ծանոթացան ուսանողների հետ, ուսումնական գործընթացում հնարավորինս արագ ներգրավվելու հետ կապված դժվարություններին, պատասխանացին նրանց հուզող հարցերին: Ուսանողներին առաջարկվեց իրենց և իրենց ընտանիքի անդամներին, հարազատներին ցանկության դեպքում տրամադրել հոգեբանական աջակցություն:
Նույն օրը Մերի Ազիզյանը վարեց հոգեբանական ծառայությունների առաջին թրեյնինգը («Կոնտակտի խզման մեխանիզմները»), որին մասնակցում էին առկա և հեռակա ուսուցման հոգեբանության և հարակից մասնագիտությունների ուսանողներ:
Թրեյնինգի ընթացքում ներկայացվեց, թե ինչ է նշանակում կոնտակտ, ինչպես է մարդն ունենում կոնտակտ մարդկանց և աշխարհի հետ, ինչ պաշտպանական մեխանիզմներ է կիրառում, որոնք կոնտակն ունենալու ցանկությանը զուգահեռ հանգեցնում են սեփական անձի և աշխարհի հետ կոնտակտի խզմանը: