- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանի այցը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
2023 թ. նոյեմբերի 28-ին ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի գլխավորած պատվիրակությունը Տավուշի մարզ աշխատանքային այցի շրջանակներում այցելեց նաև ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ:
Նախ տեղի ունեցավ ԵՊՀ ԻՄ տնօրենի պաշտոնակատար Ա. Մակարյանի հետ պատվիրակության անդամների հանդիպումը, որի ընթացքում քննարկվեցին մասնաճյուղում ֆրանսերենի դասավանդման կազմակերպմանը, մարզում ֆրանսերենի զարգացմանը, դեսպանատան հետ համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր: Պարոն Մակարյանը ողջունեց և շնորհակալություն հայտնեց առաջին անգամ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ այցելած ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին, կրթական համագործակցության հացերով դեսպանի կցորդ Դոմինիկ Վեսին, համառոտ ներկայացրեց մասնաճյուղի պատմությունը, կառուցվածքը, անդրադարձավ իրականացվող մասնագիտություններին և առանձնապես «Ֆրանսերեն լեզու և գրականություն» կրթական ծրագրին, ԵՊՀ ԻՄ օտար լեզուների ամբիոնում գործող Ֆրանսերեն լեզվի և գրականության սեկցիայի աշխատանքներին:
Այնուհետև ԵՊՀ ԻՄ գիտխորհրդի նիստերի սենյակում տեղի ունեցավ դեսպանի գլխավորած պատվիրակության, բուհի ղեկավարության ու Ֆրանսերեն լեզվի և գրականության սեկցիայի դասախոսների հանդիպումը մասնաճյուղի «Ֆրանսերեն լեզու և գրականություն» կրթական ծրագրի մի խումբ ուսանողների հետ:
Հանդիպման ընթացքում ներկայացվեց, որ 2013 թվականից ի վեր Ֆրանկոֆոնիայի և քույր քաղաքների բարեկամության շրջանակներում Վալանսի քաղաքապետարանի և ՀԲԸՄ Վալանսի մասնաճյուղի հրավերով ամեն տարի ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի «Ֆրանսերեն լեզու և գրականություն» կրթական ծրագրի մի խումբ ուսանողներ դասախոսի ուղեկցությամբ հյուրընկալվում են Վալանսում, իրենց մասնագիտական գիտելիքները և բանավոր խոսքը կատարելագործելու նպատակով մասնակցում են դասընթացների և հանդիպումների, կատարում ճանաչողական այցեր:
Խոսվեց նաև ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի և «Հայ-ֆրանսիական բարեկամություն և փոխանակում» միության միջև ավելի քան 10 տարվա համագործակցության մասին, որի շրջանակներում ֆրանսիական կողմը կրթաթոշակներ է տրամադրում ԵՊՀ ԻՄ «Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտության վճարովի ուսուցման համակարգի ուսանողներին, ինչպես նաև անվճար ուսուցման համակարգում սովորող այն ակտիվ ուսանողներին, ովքեր նպաստում են մարզի դպրոցներում ֆրանսերենի տարածմանը:
Օլիվիե Դըկոտինյիի գլխավորած պատվիրակության անդամներն իրենց գոհունակությունը հայտնեցին մասնաճյուղի ուսանողների՝ ֆրանսերենով հաղորդակցվելու հմտությունների բարձր մակարդակի վերաբերյալ:
Մասնաճյուղի դասախոսները դեսպանին ներկայացրին Ֆրանսիայում վերապատրաստում անցնելու իրենց ցանկության մասին և խնդրեցին ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան աջակցությունն այդ գործում:
Պարոն Օլիվիե Դըկոտինյին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի դասախոսներին հրավիրեց այցելելու ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատուն՝ համագործակցությունն ընդլայնելու նպատակով: