- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Դեկտեմբերի 7-ը Երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետների դիմակայության օրն է
Այսօր՝ 2023 թ. դեկտեմբերի 7-ին, լրանում է Սպիտակի երկրաշարժի 35-րդ տարելիցը: 1988 թվականի նույն օրը ՀՀ հյուսիսային շրջաններում` գլխավոր Կովկասյան լեռնաշղթայի առանցքից մոտավորապես 150 կմ դեպի հարավ, տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ, որը հետագայում անվանվեց Սպիտակի երկրաշարժ: Դրա հետևանքով զանգվածային վնասվածքների և փլուզումների ենթարկվեցին հազարավոր շինություններ, զոհվեցին տասնյակ հազարավոր մարդիկ:
Երկրաշարժը տեղի է ունեցել Գրինվիչի ժամանակով ժամը 7 անց 41 րոպեին (տեղական ժամանակով` 11 անց 41 րոպե, 22.7 վրկ.): Ուժգնությունը էպիկենտրոնում գնահատվել է 10 բալ: Երկրաշարժն ընդգրկել է ՀՀ տարածքի մոտ 40%-ը, ուր ապրում էր 1 մլն. մարդ: Ավերման գոտին, որտեղ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 8 բալ և ավել, ընդգրկել է երեք հազար քառ. կմ տարածություն: Տուժել են 21 քաղաք և 342 գյուղ: Անօթևան են մնացել 514 հազար մարդ: Տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել մոտ 20000 մարդ, զոհերի թիվը կազմել է 25000 մարդ: Զոհեր շատ են եղել հատկապես Գյումրիում (մոտ 15-17 հազար) և Սպիտակում (4 հազ) մարդ:
Ավերվել է ՀՀ ամբողջ բնակֆոնդի 17%-ը, դադարել է գործել 170 արդյունաբերական ձեռնարկություն, մեծ վնաս է հասցվել գյուղերին, ագրոարդյունաբերական համալիրին, ճարտարապետական, պատմական, արվեստի հուշարձաններին: Ազգաբնակչության և փրկարարների ջանքերով փլատակներից հանվել է ավելի քան 45000 մարդ (զոհված կամ կենդանի), հոսպիտալացվել 12500 մարդ: Երկրաշարժը հիմնովին ավերել է Սպիտակ քաղաքը, ոչնչացրել է Հայաստանի երկրորդ քաղաք Լենինականի (այժմ Գյումրի) բնակելի, սոցիալական և արդյունաբերական ֆոնդի 80 տոկոսը:
Հայաստանը մինչև այսօր շարունակում է հաղթահարել ավերիչ երկրաշարժի հետևանքները: Մեզանից յուրաքանչյուրը՝ որպես սեյսմիկ գոտում գտնվող երկրի բնակիչ, պետք է պատշաճ իմանա երկրաշարժից պաշտպանվելու կանոններն ու արդյունավետ միջոցները՝ նյութական, մարդկային և բարոյահոգեբանական կորուստները նվազագույնի հասցնելու համար. չէ՞ որ ով իրազեկված է, նա պաշտպանված է: Ամեն տարի այս օրը ՀՀ-ում և Սփյուռքում միլիոնավոր հայեր հարգանքի տուրք են մատուցում Սպիտակի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին: 2019 թվականից սկսած՝ Հայաստանում դեկտեմբերի 7-ը նշվում է որպես Երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետների դիմակայության օր:
Ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակը ոգեկոչելով՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ղեկավարության անունից բոլորիս ցանկանում ենք անվտանգ և դիմակայուն պետություն, բոլոր դժվարությունները հաղթահարելու ամուր կամք և տոկունություն, խաղաղություն, ստեղծագործ աշխատանք և ամենայն բարիք: