- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Գիտական խորհրդի նիստ
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում ս.թ. դեկտեմբերի 9-ին առցանց միանալու հնարավորությամբ տեղի ունեցավ Գիտական խորհրդի նիստ՝ 4 օրակարգային և 3 ընթացիկ հարցերով: Նիստը նախագահում էր տնօրենի պաշտոնակատար Ա. Հ. Մակարյանը:
Գիտխորհրդի անդամների կողմից առաջարկված որոշակի փոփոխություններով հանդերձ՝ նիստում հաստատվեցին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի շահակիցների կարիքների վերհանման և գնահատման, ԵՊՀ ԻՄ մասնագիտության կրթական ծրագրերի բենչմարքինգի իրականացման կարգերը:
Նիստում քննարկվեցին ԵՊՀ ԻՄ 2023 թ. ընդունելության արդյունքներին (առկա և հեռակա ուսուցում), 2023 թ. եկամուտների և ծախսերի նախահաշվի 11 ամսվա (2023 թ. հունվարի 1-ից դեկտեմբերի 1-ը) կատարողականին և 2024 թ. եկամուտների և ծախսերի նախահաշվին (բյուջե), ԵՊՀ ԻՄ շրջանավարտների վերաբերյալ արտաքին շահակիցների՝ 2022-2023 թթ. կարծիքների ուսումնասիրությանը, ԵՊՀ ԻՄ 2018-2023 թթ․ գործունեության արդյունքային ցուցանիշներին, ԵՊՀ ԻՄ ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի դոցենտ, ֆ․մ․գ․թ․ Սերգեյ Ամիրխանի Ազարյանի հեղինակած «Օպտիմիզացիայի մեթոդներ» ուսումնական ձեռնարկը հրատարակման երաշխավորելուն վերաբերող հարցեր:
Ըստ մասնագիտությունների կրթական ծրագրերի՝ հանգամանորեն ներկայացվեցին ԵՊՀ ԻՄ 2023 թ. ընդունելության արդյունքները (առկա և հեռակա ուսուցում) և նախորդ երեք տարվա արդյունքների համեմատական վերլուծությունը:
Ներկայացված արդյունքների համաձայն՝ 2023-2024 ուստարում նկատելի է դիմորդների ընդհանուր թվի նվազում, ինչպես նաև ընդունելության քննությունների նվազագույն շեմը հաղթահարած դիմորդների թվի որոշակի նվազում՝ նախորդ երեք ուստարիների (2020-2021, 2021-2022, 2022-2023) համեմատությամբ: Առկա ուսուցման համակարգում ավելի է խորանում դպրոցների շրջանավարտների գիտելիքների և ընդունելության քննությունների համար նախատեսված պահանջների միջև տարբերությունը, իջնում է դիմորդների գիտելիքների մակարդակը: Այդ ամենի հետևանքով ավելի մեծ թվով դիմորդներ չեն հաղթահարում նվազագույն շեմը: Հեռակա ուսուցման համակարգում իրավիճակը պայմանավորված է ընդունելության քննությունների կազմակերպման ձևի փոփոխությամբ ու Գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից հանձնարարվող քննական առաջադրանքների բարդությամբ: Ավելի մեծ վնաս են հասցնում նաև ոչ պետական բուհերի հետ անհավասար և անազնիվ մրցակցային պայմանները, որոնք իրականացնում են առանց քննությունների ընդունելություն՝ դրանով գրավելով մեծաքանակ դիմորդներ:
ԵՊՀ ԻՄ 2023թ. եկամուտների և ծախսերի նախահաշվի 11 ամսվա (2023 թ. հունվարի 1-ից դեկտեմբերի 1-ը) կատարողականի վերաբերյալ մասնավորապես նշվեց, որ հաշվետու ֆինանսական տարվա մուտքերը (եկամուտները) կազմում են 404.160,6 մլն. ՀՀ դրամ, իսկ ելքերը (ծախսերը) կազմում են 438.992,3 մլն. ՀՀ դրամ: Նախորդ ֆինանսական տարվանից մնացորդը կազմել է 43.170,8 մլն. ՀՀ դրամ:
Մուտքերի 58%-ը (234.498,0 մլն. ՀՀ դրամ) վճարովի ուսուցման ծառայություններից է, 27%-ը (109.340,0 մլն. ՀՀ դրամ) պետական ֆինանսավորումից է: Ելքերի 79.3%-ը (348.054,0 մլն. ՀՀ դրամ) «Աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցներ և դրան հավասարեցված վճարումներ»-ն են: Ելքերի 2.2%-ը (9.860,0 մլն. ՀՀ դրամ) ուղղվել է ուսանողների կրթաթոշակներին, 7.1%-ը (31.500 մլն. ՀՀ դրամ)՝ Երևանից ժամանող դասախոսներին տեղափոխելու համար նոր միկրոավտոբուսի ձեռքբերմանը:
ԵՊՀ ԻՄ 2024 թ. եկամուտների և ծախսերի նախահաշիվը (բյուջե) ներկայացնելիս նշվեց, որ վերջինիս հոդվածների ցուցանիշները կազմվել են 2023 թ. նախահաշվի կատարողականի ցուցանիշների, ինչպես նաև կանխատեսումների և պլանավորման վրա: Նոր բյուջեով նախատեսվում է պրոֆեսորադասախոսական անձնակազմի աշխատավարձի որոշակի բարձրացում, աշխատակիցների առողջության ապահովագրության փաթեթով նախատեսվող ծառայությունների կտրուկ ավելացում, Բնական գիտությունների և Կիրառական արվեստի ֆակուլտետների մասնաշենքի վերանորոգման պետական սուբվենցիոն ծրագրին մասնակցություն, կենտրոնական մասնաշենքի ջեռուցման համակարգի արմատական վերափոխում և բակային տարածքի հիմնանորոգում, Կիրառական արվեստի ֆակուլտետի գույքի համալրում և այլ գործողությունների ֆինանսավորում: Նշված ծրագրերի իրականացմանը ֆինանսական աջակցություն կցուցաբերի Մայր բուհը:
Մասնաճյուղի գիտխորհրդի անդամների կողմից 2024 թ. եկամուտների և ծախսերի նախահաշիվը (բյուջե) արժանացավ հավանության, և որոշվեց այն ներկայացնել Երևանի պետական համալսարան՝ հաստատման:
Հաջորդիվ ներկայացվեց ԵՊՀ ԻՄ շրջանավարտների մասնագիտական հմտությունների վերաբերյալ արտաքին շահակիցների կարծիքի ուսումնասիրության՝ 2022-2023 թթ. հարցման արդյունքների և 2020-2022 թթ. հարցման արդյունքների համեմատական վերլուծությունը:
Նշվեց, որ ուսումնասիրության նպատակն է պարզել արտաքին շահակիցների կարծիքը մասնաճյուղի շրջանավարտների մասնագիտական և անձնային որակների վերաբերյալ: 5-բալային սանդղակով գործատուները գնահատել են մասնաճյուղի շրջանավարտների տեսական գիտելիքներն ու գործնական հմտությունները, կազմակերպչական ու հաղորդակցական կարողությունները, անձնային-բարոյական որակները, ինքնակատարելագործման դրսևորումը, թիմային աշխատանք կատարելու ունակությունները և այլն:
Հարցման արդյունքներն ընդհանուր առմամբ գոհացնող են, ինչը փաստում է, որ մասնաճյուղը կատարել է և շարունակում է զարգացնել իր առջև դրված գլխավոր ռազմավարական խնդիրներից մեկը, այն է՝ աշխատաշուկային տալ մրցունակ մասնագետներ։
Վերջին 3 տարվա համեմատ այս տարվա հարցումների՝ շահակիցների կողմից տրված գնահատականների միջինը զգալիորեն աճել է: Օրինակ, մեր շրջանավարտների տեսական գիտելիքների իմացությանը 4 և 5 գնահատականներ է տվել հարցմանը մասնակցած 63 շահակիցներից 55-ը (87.30%- ը), մասնագիտական պատրաստվածությանը՝ 53-ը (84.12%-ը), և մասնագիտական խոսքին՝ 52-ը (82.53%-ը), որը բավականին բարձր ցուցանիշ է:
ԵՊՀ ԻՄ շրջանավարտների հաղորդակցվելու (միջին գնահատականը՝ 4․30), կազմակերպչական որակների (միջին գնահատականը՝ 4.22), քննադատական-վերլուծական (միջին գնահատականը՝ 4.01) և տարբեր իրավիճակներում արագ և ճիշտ կողմնորոշվելու կարողությունների (միջին գնահատականը՝ 4.01)՝ 2023 թ․ հարցման արդյունքները նախորդ տարիների համեմատ աճել են:
Մեր գործատուներն ընդհանուր առմամբ բավարարված են մասնաճյուղի շրջանավարտների մարդկային և անձնային որակներից և դա արտահայտել են հիմնականում 4 և 5 գնահատականներով:
Հարցմանը մասնակցած 63 գործատուներից 63-ը (100%-ը) իրենց կազմակերպությունում մասնաճյուղի հեղինակությունը գնահատել է 4 և 5 գնահատակններով: Այդ ցուցանիշը վերջին տարիների համեմատ էականորեն աճել է, մասնավորապես նախորդ տարվա համեմատ միջին գնահատականը աճել է 0.36 միավորով: Այն հարցին, թե խորհուրդ կտան մեր շահակիցներն իրենց մերձավորներին և ընկերներին դիմել ԵՊՀ ԻՄ, դրական է պատասխանել հարցման մասնակիցներից 59-ը (93.65%-ը). այս ցուցանիշը ևս աճել է նախորդ տարիների համեմատ:
Պրակտիկայի կազմակերպման և շահակիցների հետ համագործակցության բաժինը 2022-2023 և 2020-2022 թթ. հարցման արդյունքների համեմատական վերլուծությունը կտրամադրի ֆակուլտետներին, մասնագիտական ամբիոններին և ուսանողներին (ՈՒԳԸ և ՈՒԽ)՝ ներկա գործընթացներում քննության առարկա դարձնելու արտաքին շահակիցների առաջարկները և կարծիք-գնահատականները՝ ուղղված կրթական ծրագրերի կատարելագործմանը:
Գիտխորհրդի անդամներին ներկայացվեց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի՝ 2018-2023 թթ․ գործունեության արդյունքային ցուցանիշների լրակազմը, որն ընդգրկում է մասնաճյուղի՝ վերջին 5 տարիներին գրանցած արդյունքները և դրանց դինամիկան, փաստում է մասնաճյուղի ձեռքբերումների և խնդիրների մասին: ԳԱՑ-ում յուրաքանչյուր ցուցանիշի համար գրված վերլուծությունում ներկայացված են ձեռքբերված արդյունքները, նրանց հիմնավորումները, իսկ խնդիրների դեպքում՝ պատճառները:
Վերջին 2 տարիների ԳԱՑ-երի (ԳԱՑ 2017-2022 և ԳԱՑ 2018-23) լրակազմը տարբերվում է նախորդ ԳԱՑ-երից: Մասնաճյուղի՝ 2022-26 թթ․ զարգացման ռազմավարական ծրագրի կատարողականի գնահատման պահանջները բավարարելու և մասնաճյուղի նախանշած ձեռքբերումները մանրամասն ներկայացնելու համար ՄԿՈԱ բաժնի կողմից վերանայվել և նոր արդյունքներով համալրվել են գործունեության բոլոր 6 ոլորտները (Ընդունելություն և համակազմ, Ուսումնական գործընթաց, Ռեսուրսներ և կառավարում, Ենթակառուցվածքներ, Գիտություն և նորարարություն, Արտաքին կապեր և միջազգային համագործակցություն)․ ավելացվել են 4 նոր ցուցանիշներ (4.11, 6.1.1, 6.1.2, 6.5) և 35 նոր արդյունքներ:
ԳԱՑ-ում ավելացվել են նաև 2 նոր ոլորտներ (Որակի կառավարում և Հասարակական պատասխանտվություն)՝ 6 ցուցանիշներով և 24 արդյունքներով: Ընդգծվեց, որ ներառված նոր արդյունքներից շատերի համար 2021-2022 և 2022-2023 ուստարիների համար մասնաճյուղը ձեռք է բերել որոշակի արդյունքներ:
Գիտխորհրդի նիստում բաց քվեարկությամբ՝ սահմանված կարգով, ԵՊՀ ԻՄ ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի դոցենտ, ֆ․մ․գ․թ. Սերգեյ Ամիրխանի Ազարյանի հեղինակած «Օպտիմիզացիայի մեթոդներ» ուսումնական ձեռնարկը երաշխավորվեց հրատարակման: