- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- «Ուսումնառության համընդհանուր ձևավորում» թեմայով բաց դաս
2023 թ. դեկտեմբերի 12-ին «Կրթության հոգեբանություն» դասընթացի շրջանակներում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում անցկացվեց բաց դաս՝ «Ուսումնառության համընդհանուր ձևավորում» թեմայով:
Բաց դասը վարում էր ԵՊՀ ԻՄ մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դասախոս Անուշ Մարտիրոսյանը, մասնակցում էին «Հոգեբանություն» կրթական ծրագրի 3-րդ կուրսի, «Ռուսաց լեզու և գրականություն» կրթական ծրագրի 2-րդ կուրսի ուսանողները, Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Լ. Հարությունյանը:
Դասի նպատակն էր ուսանողներին ներկայացնել ուսումնառության համընդհանուր ձևավորման (ՈՒՀՁ) էությունը, սկզբունքները և դասը ՈՒՀՁ եղանակով պլանավորելու ռազմավարությունները:
Բաց դասին ներկայացվեցին և քննարկվեցին հետևյալ խնդիրներն ու հարցերը՝ «Ի՞նչ է ուսումնառության համընդհանուր ձևավորումը», «Որո՞նք են խթանող կրթական միջավայրի սկզբունքներն ու չափանիշները», «Ինչու՞ են կարևոր կրթության գործընթացի խելամիտ հարմարեցումները», «Աշակերտների կողմից նյութի ընկալման եղանակները», «Հոգեբանի դերն ու գործառույթները դասը ՈՒՀՁ սկզբունքներով պլանավորելու և խելամիտ հարմարեցումներ առաջարկելու գործընթացում», «Համատեղ դասավանդման էությունը», «Համատեղ դասավանդման մոդելները», «Հոգեբանը որպես համատեղ դասավանդման մասնակից»:
«Ուսումնառության համընդհանուր ձևավորում» թեմայով դասի ընթացքում իրականացվեցին գործնական աշխատանքներ, ինչն ավելի արդյունավետ դարձրեց ուսանողների կողմից դասի յուրացումն ու ամրապնդումը: Ուսանողները բավականին ակտիվ մասնակցեցին առաջադրված հարցերի քննարկմանը՝ արտահայտելով հետաքրքիր ու ստեղծարար մտքեր և գաղափարներ: