- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- «Գնահատումը Moodle կրթական վիրտուալ միջավայրում» թեմայով վերապատրաստման դասընթաց
2024 թ. փետրվարի 21-22-ը ԵՊՀ ԻՄ կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման բաժինը կազմակերպել էր «Գնահատումը Moodle կրթական վիրտուալ միջավայրում» թեմայով վերապատրաստման դասընթացը, որը վարեց Մասնագիտական կրթության որակի ապահովման բաժնի վարիչ, Ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի ասիստենտ Մարիետա Ճաղարյանը:
Դասընթացը, որին մասնակցում էին բուհի երկու տասնյակ դասախոսներ, նպատակ ուներ աջակցելու դասախոսներին ԵՊՀ ուսուցման կառավարման «E-learning» առցանց հարթակում («Moodle»), բացի դասընթացների տեղադրումից, կազմակերպելու և իրականացնելու ուսանողների ձեռքբերումների ընթացիկ ստուգումներ և գնահատումներ՝ կիրառելով համակարգի տված լայն հնարավորությունները:
Մ. Ճաղարյանը ներկայացրեց, որ «E-learning» համակարգի կիրառությունը ուսումնական գործընթացում հեշտացնում է դասախոս-ուսանող համագործակցությունը, այն տեղափոխում է միասնական ընդհանուր էլեկտրոնային հարթակ, հնարավորություն է տալիս ուսանողներին աշխատանքային մեկ տիրույթում ձեռք բերել ուսումնական անհրաժեշտ նյութերը, ստանալ խորհրդատվություն, կատարել առաջադրանքներ և ձևավորել կարողություններ ու հմտություններ, նաև կուտակել միավորներ:
Ընդգծվեց, որ «Moodle» հարթակը բավականին ճկուն գործիք է դասախոսի համար՝ յուրաքանչյուր դասընթացի շրջանակներում իր գործունեությունը ամբողջական, բազմակողմանի և բովանդակալից ներկայացնելու, ուսանողներին ուսումնառության գործընթացի մեջ ակտիվ ներգրավելու և նրանց դասընթացի արդյունավետ իրականացման շարժիչ ուժը դարձնելու համար:
Վերապատրաստման ժամանակ նախ քննարկումների միջոցով պարզաբանվեցին այն խնդիրներն ու խոչընդոտները, որոնց հանդիպում են դասախոսները «E-Learning» համակարգում աշխատելիս, ապա դասընթացի մասնակիցներին ներկայացվեցին գնահատում իրականացնելու համար համակարգի կողմից տրամադրվող հնարավորություններն ու ռեսուրսները, մասնավորապես՝ ամենաշատ կիրառելի երկու գործիքները՝ «Հանձնարարություն» և «Վիկտորինա»:
Դասընթացավարը մանրամասն անդրադարձավ այդ գործիքների հետ աշխատելու հիմնական սկզբունքներին և առանձնահատկություններին, ապա ներկայացրեց «Հանձնարարություն» և «Վիկտորինա» ռեսուրսները դասընթացում ներդնելու, դրանք ուսանողներին հասանելի դարձնելու, նրանց հետ հետադարձ կապն ապահովելու և գնահատում իրականացնելու քայլերը:
Մասնակիցները գործնականորեն իրենց դասընթացներում ներդրեցին գնահատման ուսումնասիրված ռեսուրսները և քննարկեցին արդյունքները: