- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- ԵՊՀ ԻՄ-ում կայացավ Սերգեյ Ազարյանի գրքի շնորհանդեսը
2024 թ. մարտի 6-ին ԵՊՀ ԻՄ գրադարանում տեղի ունեցավ Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի դոցենտ, ֆ.մ.գ.թ. Սերգեյ Ազարյանի “Дорога их жизни” եռահատորյակի շնորհանդեսը:
Սերգեյ Ազարյանը, լինելով գիտնական-մանկավարժ, ընթերցողի սեղանին է դրել “Дорога их жизни” եռահատոր վեպը, որի հիմքում ընկած են գլխավոր հերոսներ Միհրանի (Միրո) և Ստարիկի (Սերգեյ) կյանքն ու հետախուզական գործունեությունը: Վեպի գործողությունները հիմնված են Եվրոպայի, Հարավային Ամերիկայի, ԱՄՆ-ի և ԽՍՀՄ երկրներում տեղի ունեցող փաստական իրողությունների վրա, և դրանում բացահայտված են տարբեր հատուկ ծառայությունների աշխատանքի և գործողությունների հետաքրքիր դրվագներ:
Գրքի շնորհադեսին բացման խոսքով հանդես եկավ ԵՊՀ ԻՄ գրադարանի վարիչ Վլադիմիր Պողոսյանը՝ մասնավորապես նշելով․ «Այսօր ընթերցողի սեղանին է դրված գրող, գիտնական, մանկավարժ Սերգեյ Ազարյանի եռահատոր վեպը, որտեղ հեղինակն անդրադարձել է 20-րդ դարի կարևորագույն իրադարձություններից մեկի՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի հետախուզության և հակահետախուզության գործողություններին՝ հիմքում դնելով իր հոր՝ հետախույզ Ամիրխան Ազարյանի կյանքի և մասնագիտական ծառայության վիպականացված դրվագները»:
Սերգեյ Ազարյանի գրական ստեղծագործության առանձնահատկություններին անդրադարձավ բանասեր, լրագրող Վարդան Բաղդասարյանը՝ նշելով. «Տարիներ առաջ Արարատի մարզի Ոսկետափի միջնակարգ դպրոցում հանդիպեցի նոր տնօրենին: Հետագայում պարզվեց, որ այդ օրը ծանոթացել եմ գիտնական Սերգեյ Ազարյանի հետ, իսկ այսօր հպարտ եմ, որ ընկերն եմ գրող Սերգեյ Ազարյանի, որի գրական հայացքների աջակիցն եմ: Երբ գրքի առաջին հատորն արդեն պատրաստ էր, Ազարյանին առաջարկեցի այն հրատարակել Սանկտ Պետերբուրգում, որտեղից շուտով եկավ դրական պատասխանը, և առաջին հատորը տպագրվեց ավելի քան 5000 օրինակով: Գիրքը հեռու է գրական ձևախեղումներից, այստեղ մեծ է հեղինակի երևութական աշխարհն ու հերոսակերտման ընթացքը: Կարծում եմ՝ գիրքը միջոց է Հայրենական մեծ պատերազմը ըմռնելու և մեր՝ հայերիս դերակատարումը հաղթանակի գործում արժևորելու համար»:
Հաջորդիվ ելույթ ունեցավ գրող, հրապարակախոս Հովհաննես Ներզեթյանը՝ իր խոսքում նշելով, որ յուրաքանչյուր ստեղծագործող և ստեղծագործություն ծնվում են բարուց և սիրուց, եթե Սերգեյ Ազարյանը ծնողական մեծարանքի և սիրո պակաս ունենար, բնականաբար չէր կարող ընթերցողին հասանելի դարձել իր հետախույզ հոր վիպականացված կերպարը:
ԵՊՀ ԻՄ տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանն իր ելույթում շնորհակալություն հայտնեց Ս․ Ազարյանին և ներկա գտնվող հյուրերին՝ մասնաճյուղում գրական շունչը մշտապես կենդանի պահելու համար: Նա մասնավորապես նշեց․ «Գիրքն ընթերցվում է բավականին հեշտ, և ընթերցողին հատկապես գրավում են առանձին դետալային մանրամասները: Գրքի հեղինակը մաթեմատիկոս է, և դա հատկապես զգացվում է որոշ իրադարձությունների, տեղանունների, դեպքերի վայրերի և ժամանակի պահերի հստակ ներկայացումներից: Շնորհակալ եմ հեղինակին՝ ոչ միայն որպես մասնաճյուղի դասախոսի, այլև գրողի, ով իր գաղափարներն ու պատկերացումները փոխանցում է ուսանողներին, իսկ մենք՝ որպես ավանդապահ, գրքասեր հասարակության ներկայացուցիչներ, պատրաստ ենք հաջորդիվ ևս քննարկման դնել և արժևորել Սերգեյ Ազարյանի ապագա գործերն ու ստեղծագործությունները»:
Այնուհետև հանդես եկավ գրքի հեղինակը, ով շնորհակալություն հայտնեց շնորհանդեսի ներկաներին, բանախոսներին և կազմակերպիչներին: Սերգեյ Ազարյանն ընդհանուր գծերով անդրադարձավ իր երկի ստեղծման դրդապատճառին, հիմնական գաղափարին ու կերպարներին՝ ընդգծելով․ «Միայն հորս կյանքի մայրամուտին եմ իմացել իր հետախույզ լինելու մասին: Հայրս ֆանտաստիկ գիտելիքների և մտքի տեր անձնավորություն էր, տիրապետում էր յոթ լեզուների, հետախուզական ծառայություն էր իրականացրել աշխարհի 96 երկրում: Այս եռահատորյակով վիպականացրել եմ իր օրագրի գործողություններն ու հերոսներին, քայլել նրանց ճանապարհով, կիսել նրանց ճակատագրի սայթաքումներն ու վերելքները: Կարծում եմ՝ գիրքը հետաքրքիր է, հեշտ ընթեռնելի և ամենակարևորը՝ ուսուցողական: Կերպարները նվիրված են իրենց հայրենիքին, իրենց կոչմանն ու պատվին»:
Շնորհանդեսի վերջում ունկնդիրները հարցեր և շնորհակալական խոսքեր ուղղեցին հեղինակին: