- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Անցկացվեց «Միասին ապրել, միասին սովորել» ինտելեկտուալ խաղ-մրցույթը
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի և «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության միջև կնքված փոխըմբռնման հուշագրի հիման վրա 2024 թ. մարտի 22-ին ԵՊՀ ԻՄ «Հոգեբանություն» մասնագիտության առկա ուսուցման 4-րդ կուրսի ուսանողները մասնագիտական պրակտիկայի շրջանակներում «Հույսի կամուրջ» կազմակերպության սոցիալական մանկավարժների հետ համատեղ «Լոֆթ Իջևան»-ում անցկացրին «Միասին ապրել, միասին սովորել» խորագրով համադպրոցական ինտելեկտուալ խաղ-մրցույթը:
Միջոցառումն իրականացնում է «Հույսի կամուրջ» ՀԿ-ն ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից պատվիրակված ծառայությունների միջոցառումների շրջանակում «Լոֆթ Իջևան»-ի հետ համագործակցությամբ և միտված է հաշմանդամություն կամ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար հավասար և ներառական սոցիալ-կրթական միջավայրի ստեղծմանը:
Ինտելեկտուալ խաղին մասնակցում էին 7-9-րդ դասարանների աշակերտներ՝ Իջևան խոշորացված համայնքի 8 դպրոցներից (Իջևանի՝ Սպ. Սարգսյանի անվան թիվ 1, Ակնաղբյուրի, Լուսաձորի հիմնական և Աչաջրի՝ Հր. Թամրազյանի անվան, Վազաշենի, Խաշթառակի, Սարիգյուղի, Սևքարի միջնակարգ դպրոցներից): Թիմերում ընդգրկված էին 5-ական մասնակիցներ:
Ժյուրիի կազմում էին «Լոֆթ Իջևան» կենտրոնի համակարգող Աննա Մարդանյանը, աշխատակից Սվետլանա Եղիկյանը, «Հույսի կամուրջ» կազմակերպության սոցիալական մանկավարժ, «Սպորտը հանուն հավասար հնարավորությունների» ծրագրի օգնական Վահե Առուստամյանը, ԵՊՀ ԻՄ դասախոս Սվետա Սաֆարյանը և Ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ալեքսանյանը:
Խաղից առաջ ջութակի կատարումով ներկայացան Ազատամուտի արվեստի դպրոցի սաները, իսկ ընթացքում երաժշտական այլ կատարումներով ու ասմունքով հանդես եկան Սարիգյուղի և Վազաշենի միջնակարգ դպրոցների թիմերը:
Ինտելեկտուալ խաղ-մրցույթում հաղթեց Աչաջրի՝ Հր. Թամրազյանի անվան միջնակարգ դպրոցի թիմը:
Վերջում թիմերին տրվեցին մասնակցության հավաստագրեր, հաղթող թիմի անդամներին՝ նաև պատվոգրեր և գրքեր: