- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Էրազմուս+ միջազգային կրեդիտային փոխանակման ծրագրի շրջանակներում մեր ուսանողը կրթություն է ստացել Լեհաստանում
Էրազմուս+ միջազգային կրեդիտային փոխանակման ծրագրի շրջանակներում 2023 թ. հոկտեմբերի 1-ից մինչև 2024 թ. փետրվարի 8-ն ընկած ժամանակահատվածում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի «Անգլերեն լեզու և գրականություն» կրթական ծրագրի 4-րդ կուրսի ուսանողուհի Վիկա Մելիքբեկյանը ակադեմիական կրթություն է ստացել Լեհաստանի Պոմերանիայի համալսարանում (ք. Սլուպսկ):
Մեկնումը Լեհաստանի Սլուպսկ քաղաք կազմակերպվել է սեպտեմբերի 27-ին: Լեհաստան ժամանելուց հետո կապ է հաստատվել Սլուպսկ քաղաքի էրազմուսի գրասենյակի, ապա գրասենյակի աշխատակիցների աջակցությամբ՝ համալսարանի կոորդինատորների հետ: Ծրագրով ուսումնառողները կոորդինատորների օգնությամբ ստացել են տվյալ կիսամյակում ուսուցանվող վերջնական հստակեցված առարկայացանկը, որից հետո կազմել են նոր ուսումնառության համաձայնագիր` ըստ առկա առարկաների: Համաձայնագրի վերջնական հաստատումից հետո նրանք անցել են ուսումնառության բնականոն ընթացքին: Միևնույն ժամանակ ծրագրի մասնակիցները Էրազմուսի գրասենյակի և իրենց կցված ավագ ուսանողների օգնությամբ զբաղվել են ժամանակավոր կացության, ուսանողական քարտերի, կրթաթոշակի և փաստաթղթաբանության այլ հարցերով:
2023-2024 ուստարվա առաջին կիսամյակում Լեհաստանի Պոմերանիայի համալսարանում Վիկա Մելիքբեկյանն ուսանել է հետևյալ առարկաները՝ «Գործնական անգլերեն», «Խոսակցական անգլերեն», «Անգլերեն դասավանդման մեթոդներ», «Հանրային խոսք», «Լեհերեն», «Գերմաներեն»:
«Հանրային խոսք» առարկայի համար հատուկ խումբ է ձևավորվել Էրազմուս և փոխանակման ծրագրերի ուսանողների համար: Դասերի ընթացքում ուսումնասիրել են հանրային խոսքը տեսականորեն, լավագույն խոսնակների օրինակները, պրակտիկ խաղերի և մեթոդների օգնությամբ հիմնավորել են ստացած գիտելիքները: Յուրաքանչյուր շաբաթ ուսանողները հանդես են եկել հանրային խոսքով` նախապես պայմանավորված թեմաների շուրջ:
Գործնական անգլերենի դասերն անցել են շատ պրակտիկ՝ համեմված ամենատարբեր լսողական և խոսակցական մեթոդներով: Խոսակցական անգլերենի դասերի ընթացքում շեշտը դրվել է յուրաքանչյուր ուսանողին դասերի ընթացքում խոսելու հնարավորություն տալու վրա:
«Դասախոսներից մեկի հիմնական մեթոդը նախապես արդի խնդրահարույց թեմա ընտրելն էր և դասի ընթացքում դրա շուրջ ընդգրկուն քննարկում կազմակերպելը: Մյուս դասախոսը շատ էր օգտագործում նկարի նկարագրման մեթոդը: Ստանում էինք նկար և պետք է տեղում 3 րոպե նկարագրեինք նկարը: Երբեմն բաժանվում էինք 2-ական խմբերի, և ուսանողներից մեկը պետք է նկարը մյուսին նկարագրեր այնպես, որ վերջինս կարողանար նկարել այն: Որոշ դասերի ընթացքում միացվում էր երաժշտություն, և պետք է խոսեինք, թե ինչ մտքեր, հիշողություններ, պատկերացումներ ենք ունենում երաժշտությունը լսելու ընթացքում: Ստանում էինք թեմատիկ բառապաշար և յուրաքանչյուր շաբաթ ունենում էինք թեստեր», - մանրամասնում է Վ. Մելիքբեկյանը:
Անգլերեն դասավանդման մեթոդների ուսումնասիրման ժամանակ ուսանողներն անցել են լեզու դասավանդելու գործընթացում թեստավորման տարբեր մեթոդները և օգտագործվող թեստերի բոլոր տեսակները, տարբեր ուսանողներին մոտեցման տարբեր մեթոդները, լսարանի կառավարման մեթոդները և այլն: Ունեցել են գործնական առաջադրանքներ, ինքնուրույն պատրաստել են տարբեր տեսակի թեստեր ուսանողների և աշակերտների համար: Իրավիճակային սիմուլյացիաներ են ունեցել, թե ինչպես պետք է վարվել խնդրահարույց լսարանների հետ առնչվելիս: Ուսումնասիրել են լավագույն փորձը:
Ուսանողները լեհերեն և գերմաներեն անցել են սկսնակ մակարդակից համակարգչային լսարաններում` հագեցած լսողական, վիրտուալ առաջադրանքների բոլոր հարմարություններով, ունեցել են խմբային խաղեր, առաջադրանքներ` տեսական գիտելիքներն ամրապնդելու նպատակով:
Կիսամյակի ընթացքում ուսանողները մասնակցել են համալսարանում կազմակերպված իրենց տեղական տոներին, Էրազմուս ծրագրով կազմակերպված թատրոնի՝ տարբեր երկրներից ժամանած մասնակիցների ներգրավմամբ: Ժամանակ առ ժամանակ ուսանողների համար կազմակերպվել են համերգներ և՛ համալսարանի, և՛ Էրազմուսի գրասենյակի կողմից:
«Լեհաստանում սովորելու ընթացքում ծանոթացել ենք ոչ միայն լեհական, այլև շատ այլ եվրոպական երկրների մշակույթին՝ շփվելով տարբեր երկրներից եկած և Լեհաստանում սովորող ուսանողների հետ: Ձեռք եմ բերել միջազգային ընկերներ, ինչը շատ եմ կարևորում: Այս փորձառության ընթացքում, բացի մասնագիտական գիտելիքներից, զարգացրել եմ նաև անձնային շատ հատկանիշներ` ինքնուրույնություն, նախաձեռնողականություն, պատասխանատվության բարձր զգացում, շփման, արագ կողմնորոշման, հարմարվողականության հմտություններ և այլն: Ազգային տոների համար նախատեսված արձակուրդների ժամանակ հասցրել եմ ճանապարհորդել մի քանի եվրոպական երկրներում», - ծրագրի տված հնարավորություններն է թվարկում Վիկան: