- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Գիտական խորհրդի նիստ
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ Գիտական խորհրդի նիստ՝ Ա. Հ. Մակարյանի նախագահությամբ: Գիտխորհրդի նիստում առաջարկված փոփոխություններով հաստատվեցին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողական գիտական ընկերության կանոնակարգը, Հեռակա ուսուցմամբ մագիստրատուրայի ընդունելության կարգը և ԵՊՀ ԻՄ ներքին կարգապահական կանոնները:
Ներկայացվեցին ԵՊՀ ԻՄ-ում պրակտիկաների կազմակերպումից և իրականացումից ուսանողների բավարարվածության ուսումնասիրության արդյունքները:
ԵՊՀ ԻՄ ուսանողական գիտական ընկերության կանոնակարգի հաստատման հարցը զեկուցեց գիտական քարտուղար Մ. Աթոյանը՝ համեմատելով նախկին ու նոր փաստաթղթերը, ընդգծելով էական փոփոխությունները: Մասնավորապես նշվեց, որ փոփոխություն է կատարվել 1.1. կետում. ՈՒԳԸ-ն «ուսանողներին միավորող ներկայացուցչական մարմին է» ձևակերպումը փոխարինվել է «բակալավրիատի ու մագիստրատուրայի ուսանողներին, ասպիրանտներին, հայցորդներին միավորող համալսարանական ստորաբաժանում է» ձևակերպմամբ: 1.3. կետում («Ընկերության կանոնակարգն ու նրանում կատարվող փոփոխությունները հաստատվում են ԵՊՀ ԻՄ գիտական խորհրդի կողմից») ավելացվել է «տնօրենի նախաձեռնությամբ», «Ուսանողների հետ տարվող աշխատանքների պատասխանատուի ներկայացմամբ»: Հաջորդիվ ավելացվել է 1 կետ («1.4. Ընկերությունը սահմանված կարգով կարող է ունենալ կլոր կնիք, անկյունային դրոշմ, պաշտոնաթուղթ»): Ներկայացվեցին նաև կանոնակարգում իրականացված աննշան որոշ փոփոխություններ:
ԵՊՀ ԻՄ հեռակա ուսուցմամբ մագիստրատուրայի ընդունելության կարգում կատարված փոփոխությունների վերաբերյալ զեկուցեց Ուսումնամեթոդական վարչության պետ Ա. Դավթյանը: Գիտխորհրդի անդամների կողմից քննարկվեց մասնավորապես կարգի 3-րդ դրույթը («Մագիստրոսական կրթական ծրագիրը իրականացվում է, եթե առաջին կուրս ընդունված ուսանողների թիվը 10-ից պակաս չէ»), որը մնաց անփոփոխ:
ԵՊՀ ԻՄ ներքին կարգապահական կանոնների հարցի մասին զեկուցեց ԵՊՀ ԻՄ գիտական խորհրդի նախագահ, տնօրենի պաշտոնակատար Ա. Մակարյանը՝ անդրադառնալով աշխատողների ու սովորողների հիմնական իրավունքներին և պարտականություններին, խրախուսելուն և կարգապահական տույժի ենթարկելուն, աշխատողների աշխատաժամանակին առնչվող հարցերի:
Աշխատաժամանակի կապակցությամբ ներկայացվեցին 23-25-րդ դրույթներում կատարված փոփոխությունները: Մասնավորապես նշվեց, որ ԵՊՀ ԻՄ-ում աշխատանքները կազմակերպվում են շաբաթվա երեքշաբթիից շաբաթ օրերին՝ ժամը 9.00-19.00-ն ընկած ժամանակահատվածում: ԵՊՀ ԻՄ պրոֆեսորադասախոսական կազմի (ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, դոցենտ, ասիստենտ ու դասախոս) և գիտական աշխատողների համար սահմանվում է հնգօրյա աշխատանքային շաբաթ՝ երեսուն ժամ ընդհանուր տևողությամբ: Բուհի մյուս աշխատողների համար սահմանվում է հնգօրյա աշխատանքային շաբաթ՝ երեսունվեց ժամ ընդհանուր տևողությամբ:
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի պրոֆեսորադասախոսական կազմի և գիտական աշխատողների աշխատաժամանակը սահմանվում է 9.15-19.00-ն ընկած ժամանակահատվածում՝ պահպանելով օրվա ծանրաբեռնվածությունը: Մասնաճյուղի մյուս աշխատողների աշխատանքային օրվա սկիզբը երեքշաբթիից ուրբաթ օրերին սահմանվում է 9.00-ին, ավարտը՝ 16.45-ին, իսկ շաբաթ օրվա սկիզբը սահմանվում է 9.00-ին, ավարտը՝ 16.30-ին:
ԵՊՀ ԻՄ-ում պրակտիկաների կազմակերպումից և իրականացումից ուսանողների բավարարվածության ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ զեկուցեց Մասնագիտական կրթության որակի ապահովման բաժնի վարիչ Մ. Ճաղարյանը: Զեկուցողը մասնավորապես նշեց, որ բաժինն իրականացրել է 2023-2024 ուստարվա 2-րդ կիսամյակի սկզբում մասնագիտական պրակտիկա անցած ուսանողների հարցում: Այն նպատակ ուներ պարզելու ուսանողների բավարարվածությունը պրակտիկայի կազմակերպումից և իրականացումից, անցկացման վայրից, ժամանակահատվածից, տևողությունից, պրակտիկայի ծրագրից, ընդունող կազմակերպության աջակցությունից, պրակտիկայի ղեկավարի աշխատանքից, վերհանելու պրակտիկայի հետ կապված խնդիրները, հավաքագրելու ուսանողների կարծիքները և առաջարկությունները:
Հարցմանը մասնակցել է պրակտիկա անցած առկա ուսուցման 12 կրթական ծրագրերի 4-րդ կուրսերի 170 ուսանողներից 155-ը (91.2%-ը), որը շատ բարձր ցուցանիշ է: Արդյունքները ՄԿՈԱ բաժնում ամփոփվել և վերլուծվել են ըստ կրթական ծրագրերի և ֆակուլտետների:
Վերջին տարիներին բարելավման ուղղությամբ ձեռնարկված քայլերի և միջոցառումների շնորհիվ էապես բարձրացել է պրակտիկաներից ուսանողների բավարարվածության մակարդակը: Ըստ դիտարկված գրեթե բոլոր հարցերի՝ միջին միավորները գերազանցել են 4.5 միավորը, բաց հարցերում գերակշռել են դրական կարծիքները, և անհաղթահարելի խնդիրներ (ըստ ուսանողների) չեն եղել:
Ամփոփելով հարցման արդյունքները՝ Մ. Ճաղարյանը նշեց, որ պրակտիկայի կազմակերպման և իրականացման գործընթացը մասնաճյուղում հաջողված է, որի մասին է վկայում նաև ուսանողների ընդհանրական կարծիքը: Ուսանողները փաստում են, որ պրակտիկան իսկապես կատարել է իր դերը, նպաստել է իրենց մասնագիտական և անձնային որակների զարգացմանը, բարձրացրել է վստահությունը մասնագիտական կարողությունների նկատմամբ, մեծացրել է մասնագիտության նկատմամբ սերը և հետաքրքրությունը:
Դիտարկելով ուսանողների բարձրաձայնած խնդիրները՝ կրթական ծրագրերի ղեկավարներին, ամբիոնների վարիչներին և ֆակուլտետների ղեկավարներին բաժնի կողմից առաջարկվեց՝
ԵՊՀ ԻՄ-ում պրակտիկաների կազմակերպումից և իրականացումից ուսանողների բավարարվածության ուսումնասիրության արդյունքների մասին Մ. Ճաղարյանի հաղորդումն ընդունվեց ի գիտություն, ՄԿՈԱ բաժնին հանձնարարվեց վերհանված խնդիրներն ու կարծիքներն ուղարկել համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին՝ խնդիրների լուծման վերաբերյալ առաջարկություններ ստանալու և դրանց հնարավոր լուծումներ տալու նպատակով: