- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- ԵՊՀ ԻՄ դասախոսի անհատական նոր ցուցահանդեսը Երևանում
Այս օրերին Երևանի «Թեքեյան» մշակութային կենտրոնի ցուցասրահում ընթանում է ԵՊՀ ԻՄ տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի դոցենտ, արվեստաբան-գծանկարիչ Լևոն Լաճիկյանի (Լաչիկյանի) 18-րդ անհատական ցուցահանդեսը, որ կրում է «Գյումրի և ավելին» խորագիրը: Ներկայացված են շուրջ 7 տասնյակ գծանկարներ, որոնց առանցքը կազմում է հեղինակի Գյումրիապատումը: Նա նուրբ գծերով և զուսպ գուներագներով է իր սերը փոխանցում առ հարազատ ծննդավայրը՝ պատկերելով նրա բանաստեղծական անկյուններն ու հրապարակները: Եվ այդ սերն ակամա փոխանցվում է դիտողին:
Ցուցահանդեսում ներկայացված են նաև քաղաքային տեսարաններ Փարիզից, Մարսելից, Վենետիկից, Վիեննայից, Պրահայից, Կոստանդնուպոլսից և այլ գեղեցկագույն քաղաքներից, որտեղ գործի բերումով եղել է արվեստաբան-գծանկարիչը:
«Գյումրի և ավելին» ցուցահանդեսի մաս է կազմում նաև Լաճիկյանի գրաֆիկական եկեղեցապատումը: Արվեստասերին ներկայացված են եկեղեցիներ ու վանքեր Հայաստանից, Արցախ աշխարհից և արտերկրից: Այստեղ կարելի է տեսնել թե՛ Սինգապուրի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցին և թե՛ Ոսկեպարի Սուրբ Աստվածածինը:
Ինչպես մեր զրույցում նշեց Լևոն Լաճիկյանը, այս խառն ու անհանգիստ օրերին բացելով նման ցուցահանդես՝ ինքը ցանկացել է հույսի ու հպարտության ուղերձ հղել իր հայրենակիցներին և ապագայի լուսավոր հաղթանակների հավատով լցնել նրանց սրտերը:
Ավելացնենք, որ թե՛ ապրիլի 26-ին տեղի ունեցած ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը և թե՛ հետագա օրերին ներկա էին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի պրոֆեսորադասախոսական կազմի շատ ներկայացուցիչներ: